Այլ աղբիւրների, Լրատուութիւն Ախալքալաքի շրջանային ժողովը
ընդունեց որոշում պաշտօնապէս դիմել երկրի խորհրդարան
Եւրոպական խարտիան վաւերացնելու եւ հայոց լեզուին
տարածաշրջանային կարգավիճակ տալու կոչով
Ախալքալաքի շրջանային ժողովի հերթական նիստը պատգամաւորները անուանեցին պատմական, ժողովի նախագահ՝ Համլետ Մովսիսեանը նոյնիսկ ասաց, որ Մարտի 14-ը Ջաւախքի պատմութեան տարեգրքում կը գրուի ոսկէ տառերով:
«Պատմական» նիստը սկսուեց 12:30 եւ տեւեց մօտ 2 ժամ: Նիստին ներկայ էին ժողովի պատգամաւորները, հասարակական կազմակերպութիւնների եւ լրատուամիջոցների ներկայացուցիչներ:
Շրջանային ժողովում քննարկել եւ խորհրդարանին դիմել հայոց լիզուին տարածաշրջանային կարգավիճակ տալու հարցով նախաձեռնութեամբ հանդէս էր եկել «Վրացական երազանք-Հանրապետականներ» խըմբակցութիւնը: Փետրուարի 25-ին խմբակցութիւնը կազմել էր դիմում եւ ներկայացրել շրջանային ժողովում քննարկելու համար:
«Հանրապետականները» սպասում էին, որ Փետրուարի 27-ի շրջանային ժողովի նիստը կը դառնայ պատմական, քանզի քննարկուելու էր հայոց լեզուի կարգավիճակի հարցը: Սակայն նիստում այն քննարկման առարկայ չդարձաւ, քանի որ հարցը լիարժէք չէր ուսումնասիրուած եւ օրակարգում չէր հաստատուած:
Դիմումը
«Հանրապետականների» կազմած դիմումում մասնաւորապէս նշւում է, որպիսի խորհրդարանը ընդունի սահմանադրական փոփոխութիւններ՝ ի պաշտպանութիւն տարածաշրջանային կամ փոքրամասնութիւնների լեզուների մասին Եւրոպական խարտիայի վաւերացմանը:
«1999-ին Եւրոխորհուրդին ինտեգրուելու ճանապարհին Վրաստանը պարտաւորուել է ստորագրել եւ վաւերացնել Եւրոպական խարտիան: Հիմնուելով այն բանի վրայ, որ Վրաստանը ստորագրել է բայց չի վաւերացրել նշուած Խարտիան, գիտակցելով, որ Վրաստանում տարածաշրջանային փոքրամասնութիւնների պաշտպանութիւնն ու աջակցութիւնը կարեւոր ներդրում են հանդիսանում Վրաստանի կառուցման գործում», ¬ ասւում է դիմումում:
Դիմումը նիստին ներկայացրեց խմբակցութեան նախագահ Սարգիս Ուզունեանը: Դիմումի հիմնական բովանդակութեանը բոլորը համաձայն էին սակայն որոշ մարդիկ հանդէս եկան լրացում անելու առաջարկութեամբ:
«Ագրարային» խմբակցութեան նախագահ Մերուժան Եզոյեանը առաջարկեց դիմումում նշել, որ նախկինում եւս այս հարցը բարձրացուել է:
«Հիմնուելով նախկին որոշումներին, քանի որ սկսած 1999-ից այս հարցը բարձրացուել է, սա այսօրուայ խնդիր չէ, սա ժողովրդի իրական պահանջն է: Նախկինում էլ եղել են քննարկումներ տեղական իշխանութիւնում: Պատգամաւորներ են ստորագրել եւ դիմել են պետութեանը», ¬ ասում է Եզոյեանը:
Առաջարկութիւններով հանդէս եկաւ նաեւ Սամցխէ-Ջաւախքի հայկական հասարակական կազմակերպութիւնների խորհրդի ներկայացուցիչ Մելս Թորոս- եանը:
«Կոնվենցիայում կոնկրետ չի նշւում հայոց լեզուի մասին, այսինքն մենք առաջարկում ենք, որպիսի տուեալ հարցը քննարկուի եւ վաւերացուի Խրտիան, բայց չենք նշում, որ որպէս հայ պահանջում ենք, որ հայոց լեզուն իր պաշտպանութիւնը գտնի, որպէս տարածաշրջանային լեզու: Սա առանձին կէտ է, առանձին կոնվենցիայով, սրանք խառնել պէտք չէ, եթէ մենք չնշենք, կարող է դուրս մնանք ցուցակից», ¬ ասաց նա:
Հարցը. նախորդ եւ ներկայ իշխանութիւնների ժամանակ
Չնայած որ պատգամաւորները անուանեցին Մարտի 14-ի նիստը պատմական, սակայն շատերը նշեցին, որ հայոց լեզուի կարգավիճակի հարցը առաջին անգամ չի բարձրացւում եւ, որ տեղական իշխանութիւնները բազմիցս անդրադարձել են:
Մերուժան Եզոյեանը մտավախութիւն ունի. «Վերջերս երկրի նախագահի կողմից հնչում են յայտարարութիւններ, որ Ախալքալաքում ի յայտ է եկել անջատողականութիւն, արդեօ՞ք ժամանակն է, որ նորից այս հարցը բարձրացնենք հիմա, կարող է մեր այս քայլով ընդանրապէս մոռացութեան ենք մատնում հարցը: Ես մտավախութիւն ունեմ, արդեօ՞ք ճիշդ ժամանակն է: Կամ թէ արդեօ՞ք չի թաքնուած քաղաքական PR այս գործողութիւնների մէջ, որոշ մարդիկ կարող են օգտագործել քաղաքական նպատակների համար», ¬ ասաց նա:
Շրջանային հիւանդանոցի տնօրէն եւ «Հանրապետականների» խմբակցութեան անդամ Ալեքսանդր Թորոյեանը կիսում է Եզոյեանի մտավախութիւնները. «Իհարկէ կան օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ: Եթէ նայենք նախորդ իշխանութիւնների ժամանակ այս հարցի քննարկումը այս ամբիոնից արդեօ՞ք հնարաւոր էր, իհարկէ ոչ: Եղել են շշուկներ, ստորագրութիւնների հաւաք, բայց այս կարգի քննարկում չի եղել, քանի որ չեն թողել», ¬ ասաց նա:
Ժողովի պատգամաւոր Ֆյոդոր Թորոսեանը ասում է, որ նախկինում եւս եղել են որոշումներ լէզուի հարցի վերաբերեալ, սակայն դրանք տեղ չեն հասել:
«Նախորդ որոշումները տեղ չեն հասել, որովհետեւ դրա տակ չի եղել ժողովի նախագահի, վարչութեան նախագահի ստորագրութիւնը: Երբեւէ ուշ կամ շուտ չէ, միշտ հրատապ է լեզուի հարցը, սա կարեւորագոյն հարց է մեր ազգային ինքնութեան եւ գիտակցութեան համար», ¬ ասում է նա:
Թէ ինչ կարգի են եղել լեզուի կարգավիճակի շուրջ քննարկումները տեղական իշխանութիւններում, ուր են հասել, եւ ինչու արձագանգ չեն ունեցել հանրութեանը հասանելի չի եղել: Սակայն այն ժամանակ, երբ հայոց լեզուի հարցը բարձրացնելը հաւասարազօր էր «յանցագործութեան», Սամցխէ-Ջաւախքի հայկական հասարակական կազմակերպութիւնների խորհուրդը հանդէս էր գալիս այս հարցով տարբեր ատեաններում՝ թէ Վրաստանում, թէ Եւրոպայում:
Նիստի արդիւնքում…
Շրջանային ժողովի ներկայ բոլոր պատգամաւորները միաձայն կողմ քուէարկեցին դիմումով ներկայանալու խորհրդարանին, յոտնկայս եւ ծափողջոյններով ընդունեցին «Հանրապետականների» նախաձեռնութիւնը եւ առանձնացան դիմումը վերջնական տեսքի բերելու համար:
A-info Աղունիկ Այվազեան
«Հարաւային Դարպաս»
Ախալքալաք