Print
Category: Յօդուածագրութիւն

Յայտնութիւն էր Ստեփան Լուսիկեանի մասին պատմութիւնը, որ մեզի հասաւ Հայաստանէն։ Կարճատեւ էր յայտնի յօրինողի կեանքը, որու ծննդեան թուականը 2 Փետրուարն էր, 1956։ Յունաստանէն մեկնած հայրենադարձ ընտանիքի զաւակ՝ զգայուն երաժշտագէտ Ստեփան Լուսիկեան հազիւ 45 տարի ապրեցաւ, այսուհանդերձ զգալի հետք թողեց մեր մշակութային կեանքէն ներս։

Ան աւարտած էր Կոմիտասի անուան պետական երաժշտանոցի դաշնակի եւ ստեղծագործութեան բաժինները։ 1984-էն, ասպիրանտուրան աւարտելէ յետոյ, կը դասաւանդէր երաժշտանոցէն ներս։

1992-ին նշանակուած էր ՀՀ մշակոյթի փոխ նախարար։ Ապա, 1997-ին, հիմնադրած էր Հոգեւոր երաժշտութեան ուսումնասիրութեան պետական կեդրոնը։ Լուսիկեանի աշխուժ մասնակցութեամբ կազմակերպուած են «Պռաւօ, Հայաստան» (ԱՄՆ), «Հայաստանի շաւիղներ» (Ֆրանսա) փառատօները, բեմադրուած են նոր ներկայացումներ եւ այլ միջոցառումներ, ուր հանդէս եկած է նաեւ որպես յօրինող ու դաշնակահար։

2000-2001 թուականին Լուսիկեան Լոս Անճելըս կը գտնուէր, ուր «Լարկ» դպրոցի աշակերտներու մասնակցութեամբ ձայնագրութիւնը կատարուեցաւ իր «Տոտիկ-տոտիկ» մանկական երգերու շարքին։ Հոն ալ աւարտեցաւ յայտնի յօրինողի կեանքի ուղին։ Իր վերջին խօսքն էր` Հայաստան։

  

«Իր երգը աւելի կ'արժէր, քան ուրիշներու սիմֆոնիաները»

 Այս խօսքերով կ'արտայայտուի Ստեփան Լուսիկեանի մասին ՀՀ արուեստի վաստակաւոր գործիչ, փրոֆէսէօր Արաքսի Սարեանը, յունահայ արժանի զաւակի մասին արտայայտուելով։

« Ստեփան Լուսիկեանը ապրեց 45 տարի։ Շատ քիչ եղաւ այդ ժամանակը եւ իր, եւ շուրջիններու համար, որոնք կարողացան ճանչնալ ու գնահատել իր թէ՛ մարդկային թէ՛ ստեղծագործողի արժէքները։ Քիչ էր, բայց բովանդակալից, քանզի 45ամեայ այրը իր որոշակի հետքը ունեցաւ շրջապատի յուշերում, եւ ամէնակարեւորը, իր ժողովուրդի երաժշտական մշակոյթի տարեգրութեան էջերուն մէջ։

Ստեփան Լուսիկեանը անցաւ խորհըրդային տարիներու պատանիի, ապա երիտասարդի կեանքի սովորական ճանապարհէն։ Երաժշտական դպրոց, կոնսերվատորիա, ասպիրանտուրա։ Ինքնքնահաստատման դժուար, բայց նպատակային ուղի։ Լինելով հայրենադարձ ծնողների զաւակ, նա հոգու եւ մտքի սերտ կապերով էր կապուած հայրենի երկրի հետ։ Ուսման վաղ տարիներից արդէն առանձնացաւ դաշնակահարի, ապա եւ ստեղծագործողի վառ, ցայտուն նկարագրով։ Եւ սովորական ճանապարհի միջոցաւ հասունացաւ ոչ սովորականը, իր առանձնայատուկը»։

  

ՎԵՐՅԻՇԵԼՈՎ ՍՏԵՓԱՆ ԼՈՒՍԻԿԵԱՆԻՆ

Իր մասին «Ազգ»ի մէջ կը գրէ Սվետլանա Սարգսեանը, արուեստագիտութեան դոկտոր, նշելով թէ տաղանդաւոր դաշնակահարն ու յօրինողը, երաժշտական գործիչը պարզապէս լաւ հայ մըն էր, որ կարճատեւ իր կեանքին մէջ հասաւ իրագործել բազմաթիւ օգտակար ձեռնարկումներ։

«Արդէն ուսանողական տարիներին Ստեփան Լուսիկեանն աչքի ընկաւ որպէս իր սերնդի փայլուն ներկայացուցիչներից մէկը: 1978, 1981, 1983 թթ. Մոսկուայում երիտասարդ կոմպոզիտորների համամիութենական մրցոյթներում  նա արժանացաւ մրցանակների եւ դիպլոմների: 1990 թ. նրա «Կանգնի՛ր, Գիւմրի» երգը Հայաստանում ճանաչուեց տարւայ լաւագոյն երգ: Մէկ տարի անց Երեւանի մանկական երաժշտական թատրոնն իրականացրեց նրա «Ճպուռն ու մրջիւնը» (ըստ Եզոպոսի առակի) պալէյի բեմադրութիւնը, որը երեխաներն անչափ սիրեցին, իսկ 1994 թ. Յ. Պարոնեանի անուան երաժշտական կոմեդիայի թատրոնը բեմադրեց նրա «Մեծապատիւ մուրացկաններ» միւզիքըլը: Նա Երեւանի եւ Գիւմրիի թատրոնների 30 ներկայացումների երաժշտութեան հեղինակն է, կոմպոզիտորական տաղանդի կնիքն է կրում Խամաճիկների թատրոնի «Փարաջանով» պիեսի երաժշտութիւնը (ներկայացումը Գերմանիայում 1996 թ. արժանացել է միջազգային փառատօնի մրցանակին):

Լուսիկեանի ստեղծագործական հետաքրքրութիւններն ի յայտ են եկել նուագախմբային եւ յատկապէս կամերային երաժշտութեան ոլորտում: Նա հեղինակ է երկու դաշնամուրային կոնցերտների, Կամերային սիմֆոնիայի, Լարային քառեակի, տարբեր գործիքների սոնատների: Նրա մի շարք դաշնամուրային ստեղծագործութիւններում, այդ թւում «Արեւի երկիր» մանկական ալբոմը, նուագացանկային են դարձել մանկավարժական պրակտիկայում: Հայկական երաժշտութեան եւ ժողովրդական գործիքների բնոյթն զգացած, արուեստում իր ուղին փնտռած նուրբ քնարերգու եւ երանգանկարիչ Լուսիկեանը թողել է Վահան Տէրեանի, Վահան Թեքէյանի, Ռազմիկ Դաւոյեանի բանաստեղծութիւնների հիման վրայ ստեղծուած հիանալի վոկալ շարքեր, որոնցում թարմութիւնը միաւորւում է ազգային դասականների աւանդոյթների հանդէպ նրբազգացութեան հետ:

Հայ հոգեւոր երաժշտութեան կեդրոնը (ղեկ.՝ արուեստագիտութեան թեկնածու Մհեր Նաւոյեան) նախաձեռնեց Ստեփան Լուսիկեանին նուիրուած կամերային համերգի անցկացումը. Յունւարի 31-ին պիտի լրանար նրա 50 տարին: Բացման խօսքով հանդէս եկաւ կեդրոնի աշխատակից, հնօրեայ երաժշտութեան «Շարական» համոյթի գեղարուեստական ղեկավար Դանիէլ Երաժիշտը: Նրա յուզառատ ելոյթում ուրւագծուեց կոմպոզիտորի էվոլուցիան, որը, ինչպէս նշեց Երաժիշտը, «սկսեց պիոներական քայլերգից եւ աւարտուեց «Գողգոթա» 2-րդ դաշնամուրային կոնցերտով»:

Լուսիկեանի խօսքի երաժշտական երանգաւորման համար կարեւոր վոկալ երաժշտութիւնը ներկայացուած էր նրա «Տրիոլետներ» նշանաւոր շարքով։ Հարկ է ասել, որ չորս երգից կազմուած այդ շարքը գրուելուց երկու տարի անց՝ 1985 թ. յաջողութեամբ կատարուեց Լենինգրադում, Կոմպոզիտորների տանն իմ կազմակերպած հայկական երաժշտութեան համերգում:

Կորստեան կսկիծ եւ յիշողութեան պարտք՝ ահա թէ ինչ էր կրում այդ երեկոյ Ստեփան Լուսիկեանի երաժշտութիւնը» կ'եզրափակէ Ս. Սարգսեանը, ձօն մը կատարելով յունահայ արժանի զաւկի գործունէութեան:

   

«Մարդ եւ երաժիշտ»

Երեւի չգտնուի մի մարդ, որ նրա մասին լաւ չմտածէր եւ լաւ չխօսէր։ Սկսած այն տարիներից, երբ նրան ճանաչեցի որպէս ուսանող եւ Ղազարոս Սարեանին արդէն մտերիմ, հէնց առաջին տարիներից Ստեփան Լուսիկեանը, Արտեմ Ղազարեանը հետաքրքիր ասելիքով շատ յաճախ այցելում էին մեզ։ Թէ ինչպիսի զարգացում ապրեց Լուսիկեանը եւ հաստատուեց իբրեւ կոպոզիտոր եւ անհատ, կարելի է շատ ծաւալուել, սակայն եթէ հակիրճ, ապա հէնց սկզբից Ստեփանը ունէր իր բնաւորութիւնը, իրեն յատուկ կեցուածքը՝ զարմանալի յստակ, անփոփոխ եւ անկախ։ Մերձաւորներին նուիրած, իսկական ընկեր էր։ Խօսքս գուցէ պէտք է սկսէի տաղանդից, բայց պատահական չէ, որ գերադասեցի խօսել նախ նրա մասին՝ որպէս անձնաւորութեան, որպէս մարդու։

Ինչ վերաբերում է տաղանդին եւ ստեղծագործութեանը, վերջ ի վերջոյ շնորհքը անպայման կախում ունի մարդու էութիւնից։ Ես համոզուած եմ, որ վատ մարդը լաւ երժշտութիւն չի կարող ստեղծել։ Իսկ եթէ լաւ երաժշտութիւն է գրում, եւ կարծուս ես, որ վատ մարդ է, ուրեմն նա անընդհատ վատը չէ։ Պահերն են երբեմն որոշում։ Իսկ Ստեփանի մասին կարելի է ասել, որ պաշտօնավարութեան շրջանում չփոփոխուեցին նրա բնաւորութեան գծերը։ Ինչքան էլ զբաղուած լինէր, ծանրաբեռնուած, մտերիմնիր, մարդկանց, ընկերների նկատմամբ միշտ ուշադիր էր։ Նրա ամէն մի գործ, անկախ ժանրից, միայն եւ միայն ուրախացրել է։ Իր բոլոր գործերը լաւ ընդունելութիւն եւ գնահատական են ստացել։ Բոլորը խոր ցաւով տարան եւ չեն կարողանում հաշտուել նրա հեռանալու հետ։

Այս ամէնը ինչ ասացի, միայն ճշմարտութիւն է։

Էդուարդ Միրզոյեան
ԽՍՀՄ ժողովրդային արտիստ, փրոֆէսէօր