Print
Category: Յօդուածագրութիւն

Նախընտրական քարոզարշաւի շրջանակներում թեկնածուները հազուադէպ ներկայացնում են իրենց նախընտրական ծրագիրը, որոնցում պետութեան կեանքի այս կամ այն ոլորտում իրենց պատկերացումներն են:

Մենք պարբերաբար կþանդրադառնանք իւրաքանչիւր թեկնածուի՝ այս կամ այն ոլորտի վերաբերեալ ծրագրային դրոյթներին: Այսօր մեր ուշադրութեան կենտրոնում բանակն է: ՀՀ նախագահի՝ նախընտրական ծրագիր ունեցող թեկնածուները երկարաշունչ կամ փոքր պարբերութիւններով անդրադարձել են նաեւ բանակին: Սերժ Սարգսեանն առանձնացնում է բանակի վերաբերեալ բաւականին մեծ հատուած, ուր նշուած է, որ շարունակուելու է ՀՀ զինուած ուժերի համալրումը ժամանակակից սպառազինութեամբ եւ ռազմական տեխնիկայով, այդ թւում՝ հայրենական արտադրութեան: Անկարգութիւնն ու ծառայակիցների ահաբեկումը տեղ չունենան ՀՀ զինուած ուժերում: Անձնակազմը լինելու է առաւել կրթուած ու արհեստավարժ: Օրինակելիութեան կատարեալ տիպար են լինելու հրամանատարները՝ ղեկավարելով անձնական օրինակով, կոռուպցիան կվանվի զինուած ուժերից, եւ բանակի անձնակազմը վերջնականապէս կը ձերբազատուի առօրեայ սոցիալական խնդիրներից՝ հիմնական ուժերը կեդրոնացնելով մարտունակութեան եւ սեփական գիտելիքների շարունակական բարձրացման վրայ: Խոստանում է, որ պետութիւնը ժամկէտային զինծառայութիւնից զօրացրուողների համար ապահովելու է աշխատանքի եւ արտօնեալ ուսման հնարաւորութիւններ: Անդրէաս Ղուկասեանն առաջարկում է ստեղծել ամբողջովին փրոֆեսիոնալ բանակ, ստեղծել Ազգային գվարդիա՝ որպէս Զինուած ուժերի մշտապէս գործող պահեստազօր, կազմակերպել զէնքի ու զինամթերքի հայրենական արտադրութիւն: Անհրաժեշտ է համարում կարճ ժամկէտում բարելաւել բարոյական մթնոլորտը Զինուած ուժերի շարքերում, բարձրացնել պահեստազօրի եւ քաղաքացիական պաշտպանութեան որակը: Իսկ եթէ դառնայ նախագահ, ամէն շաբաթ այցելելու է զօրամասեր եւ ժամանակ է անցկացնելու անձնակազմի հետ: Մարտական պատրաստութեան տեսանկիւնից բոլոր առանցքային զինուորական պաշտօններն այս թեկնածուն կը համալրի պայմանագրային հիմունքներով ներգրաւուած ռազմական մասնագէտներով: Նաեւ, բացառապէս պայմանագրային հիմունքներով կը համալրի սերժանտական պաշտօնները՝ ստեղծելով նաեւ զինուած ուժերի գլխաւոր սերժանտի պաշտօն: Ըստ նախագահի թեկնածու Րաֆֆի Յովհաննիսեանի ծրագրի՝ բանակում նախատեսւում է կոռուպցիայի դէմ պայքար, կանոնադրական յարաբերութիւնների հաստատում, ազգային բանակի վերազինում եւ արդիականացում՝ միջազգային լաւագոյն փորձի ներդրմամբ, քաղաքացիական պաշտպանութեան համակարգի կատարելագործում, քաղաքացիական հասարակութեան կողմից զինուած ուժերի վերահսկողութեան ապահովում, այդ նպատակով բանակին տրամադրուող պիւտճէտային յատկացումների աճ՝ ամէն տարի 50%-ով: Փոփոխութիւններ եւ լրացումներ մի շարք օրէնքներում՝ ուղղուած զօրակոչի օրինականութեանը, արդիւնաւետութեանը, զինծառայողների մահուան դէպքում պետական աջակցութեանը եւ այլ խնդիրների լուծմանը: Բանակում կատարուած յանցագործութիւնների ու չարաշահումների (նաեւ՝ անցեալում տեղի ունեցած ու չբացայայտուած) բացայայտում ու դրանց կանխարգելում: Հրանտ Բագրատեանը բանակի վերաբերեալ մէկ կոնկրետ ծրագրային դրոյթ ունի՝ ներդնել պարտադիր վճարովի զինուորական ծառայութեան համակարգ՝ զինուորի համար նախատեսելով 20%-ով աւելի միջին աշխատավարձ, քան պետական հատուածի միջին աշխատավարձը։ Այս խնդիրը թեկնածուն նախատեսում է լուծել 4 զօրակոչի ընթացքում՝ սկսած 2015թ.-ից։ Վճարովի զինծառայութեան մէջ էլ թեկնածուն խտրականութիւն չի դնում՝ տղայ է, թէ աղջիկ։ Նախագահի թեկնածու Արման Մելիքեանը կոնկրետ ծրագիր այս ուղղութեամբ չի ներկայացնում: Պարոյր Հայրիկեանը նախընտրական ծրագիրը խոստանում է ներկայացնել Փետրուարի 1-ին եւ դեռ լայն հասարակութեանը յայտնի չեն նրա ծրագրային դրոյթները: Վարդան Սեդրակեանի նախընտրական ծրագիրը, ինչպէս թեկնածուն ինքը նշել է բազմիցս, Սասունցի Դաւիթ էպոսն է, որում ազգային պաշտպանութեան մասին բազում դրոյթներ կան՝ համեմուած պատերազմի տեսարաններով: Այդ Հայաստանում, ի դէպ, բանակ պէտք չէ, ընդամէնը Սասունցի Դաւիթ: Արամ Յարութիւնեանն էլ նախատեսում է թեկնածութիւնը հանդել Փետրուարի 8-ին եւ բնականաբար, նախընտրական ծրագրի կարիք չունի: Ի դէպ, թէեւ Պարոյր Հայրիկեանը նախընտրական ծրագրիը չի հրապարակել, սակայն ամէն դէպքում այսօր մի խումբ լրագրողների աւելի ուշ ներկայացրել է բանակի իր պատկերացումը։ Նախագահ ընտրուելուց յետոյ բանակում կը կատարի մեծ փոփոխութիւններ, որոնցից առաջնային կը լինի նաեւ աղջիկների զինծառայութեան հարցը։ «Մենք միայն պոռոտախօսութեամբ չենք զբաղուի, որ մեր աղջիկները, տիկնայք են փափկասուն։  «Ես կարծում եմ, որ մեր աղջիկները կամաւորութեան սկզբունքով պէտք է գնան մինչեւ 10 ամիս ծառայելու, որից 6 ամիսը կը սովորեն, 4-ը` կը ծառայեն»,- ասել է Պարոյր Հայրիկեանը։

Yerkir-media