ՀԱՄԱՄԱՐԴԿԱՅԻՆԻ՝ ԲԱՐՈՒ ԱՒԵՏՈՒՄԻ ԳՈՒՆԱՇԽԱՐՀԸ…
Անշփօթելի ձեռագիր, գունային հրավառ ներդաշնակութիւն, գծի ու պատկերի վերարտայայտման ինքնուրոյն խօսք, որը աշխարհի բազմաթիւ երկրներում յայտնի է ու փնտռուած, իբրեւ հայ գեղանկարչի մի անխառը ասելիք, որ հետաքրքիր է իր ազգային երանգի կոլորիտով ու արուեստագէտի ներքին ապրումների, կեանքի ու բնութեան հետ նրա յարաբերակցութեան լուսաւոր խտացումով:
Մանկութեան տարիներից մնացած մի գեղեցիկ յուշ նկարչի մտապատկերում պահում է գոյների խորհրդաւոր աշխարհի հետ նրա առաջին հաղորդակցման իրական հեքիաթը…
- Իմ առաջին ծանօթութիւնը նկարչութեան հետ իրականում մի հաճելի յիշողութիւն ունի մանկութեան տարիներիս հետ կապուած… Մի նկարչուհի կար, որ գալիս էր մեր գիւղ եւ նկարում էր գիւղական համայնապատկերները, ես սիրում էի նստել նրա կողքին ու հիացած նայել թէ ինչպէս էին հեքիաթային գոյների միախառնումից կտաւի վրայ պատկերւում մեր այգիները, տներն ու սարերը… Մի օր էլ տուն բերեցի վրձինները մաքրած գունաւոր ներկերի հետքերը կրող լաթի կտորները ու պահեցի բարձիս տակ, ամէն գիշեր հանում էի նայում, ապրում գոյների այդ հեքիաթին առնչուելու իմ անհասկանալի ցանկութիւնը, որը հետագայում դարձաւ իմ կեանքի կոչումն ու մասնագիտական ուղին:
Նկարչի այս յիշողութիւնը ասես վերարտադրւում է նրա կտաւներում, ուր մեղեդայնութեան աշխարհը հեռաւոր ենթագիտակցական խորքերից գունապատկերային ներդաշնակութեան մէջ պահում է արուեստագէտի բնապաշտական էլեգիան, որն այնքան ինքնատիպ է իր ներքին լոյսի հրավառումից բարձրաձայնող փառաբանութեան գունային աղօթքով, որը ուղղուած է ամենայն արարչականին… Թերեւս այս մենաշնորհն է, որ Շմաւոնեանի գոյների աշխարհը օժտում է ինքնայատուկ բարու ամենազօր շնչով, որը փոխանցւում է նաեւ դիտողին:
Շմաւոնեանի կտաւներն ասես բարին աւետող անվերջանալի առաւօտներ են, լոյսի աւետումն իրենց ներաշխարհում պահած քառաձայն պատարագ, որ բխում ի հոգւոյն ի սէր Ամենակարողի պարգեւած կեանքին են ուղղուած, փառաբանութեան գունագեղ ապրումներ, ուր լաւատեսութեան ուժն ու ամէն ինչ յաղթահարող բարու պայքարն է պատկերուած: Բնութեան ձայնն այդքան վառ ու արտայայտիչ կը զգաս գեղանկարչի ստեղծագործութիւններին հայեացք նետելով կարծես առընչւում ես նկարչի ներաշխարհի հետ, ուր գիւղական անաղարտութիւնը, մաքրամաքուր զգացումների, ապրումների հրաշալի պատկերներ:
Ապրումին յատուկ լուսաւոր թախիծ կայ նրա արեւօտ կանաչի մէջ: Դէպի երկինք ձգուող ձեռքերի պէս իրենց ճիւղերն երկնային արուսեակին պարզած ծառաստանները, իրենց հասունութեան մէջ կարծես օրհներգում են Մասեաց բիբլիական գագաթներից Արարատեան դաշտավայր թափուող յոթներանգ լոյսը: Բարութեամբ ներծծուած նրա կտաւներում հոսող գետի թափանցիկութեան մէջ կարծես իր տաք վարսերն է արձակել գարնան արեւը՝ ծաղկի բոյր խնկելով Աստծոյ, բնութեան եւ մարդու, կեանքի անբաժանելիութեանն ի սէր: Նրա վրձնի տակ կարմիր երանգներ են ստանում շէկ բլուրների արեւառ գագաթներն, որոնք ատամնաձեւ վայրիվերումն երի մէջ յաւիտենացնեւմ են ստուերների խաղը: Հայրենի կտուրների թախծոտ ստուերները սահում են պատշգամբ ձգուող վարդենիների ցողոտ տերեւների փշաքաղուած մարմնով ու հեքիաթներով օրորում հին, դատարկ կարասի կիսատուած հոգին. թւում է՝ շշուկներ են բարձրանում, պատմում անիմանալի, անվերջանալի մի պատմութիւն, որտեղ հողի բոյր կայ, արեան կանչ, հայրենի կարօտ:
… Եւ գուցէ հենց այդ կարօտն էր, որ աշխարհի բազմաթիւ երկրներում իր ցուցահանդէսներով հանդէս եկած հայ արուեստագէտին ստիպում էր անականկալ թողնել ցուցահանդէսներն ու ետ վերադառնալ հայրենիք, անբացատրելի մի հրամայական, արձագանգում էր միշտ… Թողնելով ցուցահանդէսները, գնահատանքի գեղեցիկ խօսքեր լսելու, բազմաթիւ պատուոյ գրեր ու պարգեւներ անձամբ ստանալու՝ արուեստագէտի հոգին շոյող գնահատականները, մարդկանց մէջ կարօտելով մարդուն, գալիս էր ուժ առնելու Մասիսների հայեացքի տակ նիրհող իր գիւղից:
-Ամէն մարդ իր հողի վրայ պիտի ապրի, իր ժողո-վըրդի մէջ, պիտի սնուի իր արմատներից: Ես սիրում եմ իմ երկիրը, սիրում եմ գիւղը, նրա կոլորիտը, որը զգայական խոր նրբերանգներ է հաղորդում, օգնում քեզ քո մարդակազմութեան մէջ: Բնակավայրի ազդեցութիւնն է, որի մէջ տեսնում ես քո հայրենի բնութեան անաղարտութիւնն ու մաքրութիւնը, քո երկիրը, քո հայրենիքը, եւ այդ ամէնի մէջ քո սէրը նրանց հանդէպ, - ասում է գեղանկարիչ Շմաւոն Շմաւոնեանը, ում հայկական հպարտ ոգին իր առանձնակի դրսեւորումներով ներկայացել է նաեւ օտարներին, նրանց հաղորդակից դարձնելով բարու համամարդկային լեզուին. Շմաւոնեանի կողմից քանիցս մեծակտաւ ստեղծագործութիւններ են նուիրատրուել ԱՄՆ-ի Գլենդել քաղաքի «Գլենդել Մեմորիալ Հոսպիտալին»:
Իր այդ քայլով նկարիչն ինքը խոստովանում է, որ նա՝ ցանկութիւն է ունեցել ցոյց տալու ովկիանոսի այն ափին փռուած հզօր պետութեան քաղաքացիներին, որ բարութիւն անելու համար ընդամէնը բարի կամք է պէտք եւ ցանկութիւն, որ հայի հպարտութիւնն ու հոգու ազնուականութիւնը անկախ են հանգամանքներից ու քաղաքական սահմաններից…
Իր բազմաժանր ստեղծագործութիւնների շնորհիւ Շմաւոն Շմաւոնեանի վրձինը լաւատեսութեան, ա-պագայապաշտութեան նոր ասելիքով է աւետում իր արուեստի յայտնութիւնը:
Բազմաթիւ յայտնի անձանց կողմից պատուոյ գրերի, շնորհակալագրերի եւ գնահատանքի արժանացած նրա հարուստ ցանկ ունեցող ստեղծագործութիւններում, որոնք գտնւում են Հայաստանի սահմաններից դուրս թէ՛ մասնաւոր հաւաքածուներում փի թէ՛ յայտնի հասարակական, քաղաքական հաստատութիւններում` լոյսի ու հաւատի յաղթանակի աւետումն է գեղանկարչի ասելիքի առանցքը:
Շարականաերգ մեղդին ամբարած իր գունապատկերների ներսում հայ գեղանկարիչը համամարդկային չափանիշների մէջ է տեղաւորում իր մարդասիրութիւնը, ուր բարութիւն ճառագող կտաւները իրենց ներքին ուժով ներկայանում են իբրեւ մեր ազգայինը համամարդկայնացնող, ճանաչելի ու սիրելի դարձնող արուեստի արժէքաւոր գործեր:
Արմինէ Մելիք - Իսրայէլեան
արուեստաբան եւ լրագրող
(Յատուկ «ԱԶԱՏ ՕՐ»ին համար)