ԱՆՈՒՆՆ ԱՇՈՒՆ Է
Կանգնել է իմ ճամբին
շիկաւուն մի աղջիկ,
Իր խոնաւ շուրթերով, ոտքերով իր բոբիկ,
Հիւսքերը հովերին, մերկիրան, բարալիկ,
Նա ինձ դուր է գալիս, եւ անունն աշուն է:
Ես կանչում եմ նրան,
ու նա ինձ գրկում է,
Ճամբէքիս փոսերը խաշամով լցնում է,
Չորացած շուրթերս անձրեւով թրջում է,
Փսփսում ականջիս՝ որ անունն աշուն է:
Ուզում եմ հարս բերել,
որ տանը մօրս օգնի,
Ինձ սիրով խնամի ու երբեք չյոգնի,
Գիշերը գուրգուրի, տաք ծոցը իմ մտնի,
Ասի՝ ինձ սիրում է, ու անունն աշուն է:
Շէկ աշուն... շէկ աշու՜ն...
երփներանգ իմ յուշեր...
Որ թափուած էք սրտումս
հանց վարդեր ու փուշեր...
Որ նրան եմ ուզում
ամէն օր ու գիշեր...
Եւ չե՛մ էլ մոռանում... որ անունն աշուն է...
Ինտուստրի Սիթի,
Քալիֆորնիա
ՀԱՍՈՒՆՈՒԹԻՒՆ
Շէկութեամբ է պայթել,
Կարմրութեամբ է պայթել
Աշունը այս տարի.
Աշունն ամպի քուլայ է քսել
Մազ ու մօրուսիս,
Աղ է ցանել,
Որ կեանքս քաղցրանայ:
Շառագունուել են այտերդ
Արշալոյսների նման ու
Արեւմուտների յանգոյն...
Շառագունուել են...
Բայց ալիքը
Որով մէջքդ ես ոլորում,
Մնացել է թեւերիս
պինդ օղակում...
Թեւերիս օղակում...
Ափերիս միջով մի վառք է
անցնում,
Ուզում եմ զգամ շօշափդ,
Որից սարսռացի այն գիշեր...
Սարսռացի...
Ջերմութիւն է հիմա իմ
ափերում,
Ջերմութիւն է իմ քունքերում հիմա.
Սրտիս զարկն է դոփում
Քո ջերմ գրկում:
Շէկութեամբ է գունեղ
նուիրումս.
Կարմրութեամբ է խայտում նուիրումդ.
Աշունը բռնկուել է
հասունութեամբ...
Սիրով ու հասունութեամբ...
Երփնաւէտութեամբ...
ԳՐԻՇ ԴԱՒԹԵԱՆ
Կլենտէյլ, Քալիֆորնիա