Print
Category: Յօդուածագրութիւն

Թուրքիան ներկայում ունի շուրջ 75 միլիոն բնակչութիւն (ըստ 2012 թուականի տուեալների, բնակչութեան ստոյգ թիւն է 74,724,269):
Երկրի բնակչութեան 25-30 տոկոսը թուրք չէ՝ այլազգի է, մէկ մասը՝ իսլամ, միւս մասը՝ ոչ իսլամ:

Փոքրամասնութիւններից ոմանք, իրաւունքի սահմաններում, պաշտօնապէս ճանաչուած են որպէս ազգային փոքրամասնութիւններ, ինչպէս՝ հայերը, յոյները եւ հրեաները (ըստ 1923 թուականի Լոզանի դաշնագրի), բայց, օրինակ, քիւրտերը, որ մեծ փոքրամասնութիւն են կազմում Թուրքիայում, պաշտօնապէս ճանաչուած չեն որպէս ազգային փոքրամասնութիւն եւ, հետեւաբար, զուրկ են որեւէ հնարաւորութիւնից՝ իրենց ազգային ինքնութիւնը պահպանելու համար:
Թուրքիայի իսլամ փոքրամասնութիւնները գլխաւորաբար հետեւեալներն են.
* Քիւրտեր.- Ըստ որոշ աղբիւրների, Թուրքիայում ապրում են շուրջ 14 միլիոն քիւրտեր, այլ աղբիւրներ նաեւ յայտնում են, թէ Թուրքիայի բնակչութեան 25 տոկոսը քիւրտեր են (18-19 միլիոն), իսկ քիւրտական աղբիւրները վկայում են, որ 20-25 միլիոն քիւրտեր են ապրում Թուրքիայում: Ինչեւէ, այս փոքրամասնութիւնը իր թուաքանակի տեսանկիւնից‘ միշտ էլ մտահոգութիւն է եղել Թուրքիայի իշխանութիւնների համար, եւ նրանց  ինչ-որ ինքնավարութիւններ եւ ազատութիւններ շնորհելը թուրք պետական դէմքերի կողմից համարւում է վտանգաւոր:
* Արաբներ.- Շուրջ 800 հազարից մէկ միլիոն արաբներ են բնակւում Թուրքիայում, գլխաւորաբար՝ Թուրքիա-Սուրիա սահմանային շրջաններում՝ Ալեքսանտրեթի (Հաթայ) նահանգում: Այս շրջանը միշտ վէճի առարկայ է եղել Սուրիայի եւ Թուրքիայի միջեւ: Արաբները գլխաւորաբար ալեւի դաւանանքին են պատկանում եւ կապեր ունեն Սուրիայի ալեւիների հետ:
* Ատրպէյճանցի թուրքեր – Ըստ որոշ աղբիւրների, շուրջ 800 հազար ատրպէյճանցի թուրքեր են ապրում Թուրքիայում: Պաշտօնապէս գրանցուած է, որ 300 հազար Ատրպէյճանի քաղաքացիներ գոյութիւն ունեն Թուրքիայում, որոնք գլխաւորաբար կենտրոնացած են Ցոլակերտի (Իգտիրի) եւ Կարսի շրջաններում:
* Կովկասեան ազգութիւններ.- Ռուս-թուրքական պատերազմի ժամանակաշրջանում (18-րդ դարում) Հիւսիսային Կովկասից մեծ թիւով ազգութիւններ գաղթեցին այն ժամանակուայ Օսմանեան կայսրութիւն եւ բնակութիւն հաստատեցին ներկայ Թուրքիայի հիւսիարեւելեան շրջաններում: Այդ ազգութիւններից են եղել՝ չերքեզներ, չեչէններ, վրացիներ եւ լազեր:  Այդ ժամանակաշրջանում շուրջ 70.000 իսլամ չերքեզներ, նաեւ հաստատուել են Ատանայի շրջանում: Իսլամ  վրացիներ եւ լազեր նաեւ հաստատւած են Սեւ ծովի մօտակայ շրջաններում, գլխաւորաբար՝ Ռիզէ քաղաքում:
* Պալքանեան ազգութիւններ.- Ներկայ Թուրքիայում են բնակւում նաեւ փոքրամասնութիւններ, որոնք ունեն Պալքանեան երկըրների ծագում, ինչպէս՝ ալպանացիներ եւ պուլկարներ: Ըստ Թուրքիայի «Միլլիյէթ» օրաթերթի, ալպանացի ծագում ունեցողների թիւը Թուրքիայում հասնում է վեց միլիոնի, որոնցից 500 հազարն է, որ պահել է իր ինքնութիւնը եւ մնացածը ձուլուել են: Ըստ նոյն թերթի, շուրջ 600 հազար պուլկար ծագում ունեցողներ ապրում են Թուրքիայի եւրոպական մասում, որոնցից մեծ մասը իսլամ են դարձել եւ պուլկար քրիստոնեայ համայնքը միայն 500 անդամ ունի:
* Ռոմաներ.- 500-700 հազար ռոմաներ հաստատուած են Թուրքիայում, որոնց արմատները վերադառնում են Հռոմի ժամանակա- շրջանին եւ Բիւզանդական կայսրութեանը: Ռոմաները ժամանակի ընթացքում դարձել են իսլամ: Թուրքական պաշտօնական աղբիւրները պնդում են, թէ այժմ Թուրքիայում ապրում են 3500 ռոմաներ, որոնք բնակչութեան 0,05 տոկոսն են կազմում:

* Յիշեալ համայնքներից բացի, Թուրքիայի իսլամ  փոքրամասնութիւնների մաս են կազմում Խրիմի թաթարներ (շուրջ 150.000 հոգի), Աբխազիայի թուրքեր (39.000), ղըրխըզներ, ղազախներ եւ օսեթներ:

ԳՐԻԳՈՐ ՂԱԶԱՐԵԱՆ

«Ալիք»