Ն
երշնչուած աշնան եղանակէն, Քալիֆորնիայէն Գրիշ Դաւթեան բանաստեղծութիւններու շարք մը ուղարկած է «Ազատ Օր»ին՝ «Աշնան մեղեդիներ» ընդհանուր խորագրով:
Բանաստեղծութիւնները կը հրատարակենք հանգրուանաբար:
ԱՇՆԱՆԱՅԻՆ ԱՄՕԹԽԱԾՈՒԹԻՒՆ
ԳՐԻՇ ԴԱՒԹԵԱՆ
Աշունը շէկ
աղջնակ է սիրուըտող,
որ նետում է շապիկ ու փէշ,
ու մերկանում:
Շոգի՞ց է:
Բացում է իր կուրծքը ողորկ,
բումբերը գիրգ
ու կոնքերը մարմարէ,
հազիւ թէ մի գունատ տերեւ
թզենու
թողնում վրան իբր ծածկոց:
Հովն է փչում,
չափում, շաչում, ամաչում...
Գաղտագողի մեղանչում...
Արբունքի մէջ աշունը շէկ
աղջնակ է սիրուըտող,
ու չգիտեմ
թողնու՞մ,
նետու՞մ է
թզենու տերեւը...
Սիրաբանող ամօթխածը
էլ չի՛ նայում,
չի՛ տեսնում...
Օ՜, քունքերս
զարկում են տաք բամբիւնով,
ու բամբիւնով սիրտս է բախում
շնչատ, մոլի, սիրախում,
դեռ տարածուող աշնանային
շէկութեան մէջ թաւշային...
Ու վերստին
կարծես կոկոն է պայթում,
սիրուըտային վարդագոյնով
ջերմանում.
կարմրում է շէկութիւնը
թառամող...
Աշնանային միջօրէի
արեւի՞ց է
մեղրունակ...
Մեղուների պարսն է զնգում
արիւնիս մէջ,
քունքերիս մէջ նւում,
նազում,
բազում խաղով տնազում...
Աշունը շէկ
աղջնակ է սիրուըտող,
շիկնում է ու վարդագունում,
թեր ու տերեւ թափթփում,
մերկանում է,
բայց... ամօթխած՝
թզենու մի տերեւ թողնում
իմ վրայ...
(Աթէնքի մէջ գրի առնուած է տուեալ գրութիւնը)