Print
Category: Յօդուածագրութիւն

ՀՅԴ Արցախի Երիտասարդական Միութիւնը իր ստեղծման առաջին իսկ օրից կարեւոր խթան է հանդիսացել հայ երիտասարդի հոգում հայրենասիրական գաղափարների արմատաւորման, նրանց հոգով, մտքով ու մարմնով կրթելուն ու դաստիարակելուն:


Երիտասարդութեան միջազգային օրը ՀՅԴ Արցախի Երիտասարդական միութեան երիտասարդները նշեցին Քաշաթաղի շըրջանի Ծիծեռնավանք գիւղում: Այս գիւղը յայտնի է իր՝ շուրջ 1500 տարուայ պատմութիւն ունեցող համանուն վանքով:
Վանական այս համալիրը, գտնուելով պատմական Մեծ Հայքի Սիւնիք նահանգի Աղահենք գաւառում, դարեր շարունակ արժէքաւոր դեր է ունեցել ոչ միայն Հայաստանի, այլեւ համայն քրիստոնեայ աշխարհի համար, քանի որ այստեղ է պահւում Պետրոս առաքեալի ծիծեռնը (ճկոյթը), այստեղից էլ գալիս է վանական համալիրի անունը: Ծիծեռնավանք գիւղը վերաբնակեցւող գիւղ է: Գիւղի բնակիչները պատմեցին, որ մինչեւ շրջանի ազատագրումը ատրպէյճանցիները եկեղեցին գոմի էին վերածել, յատակն ամբողջովին քանդուած էր: 2001-2003թթ. բարերարների շնորհիւ վանքն ամբողջութեամբ վերանորոգուել է:
Արցախի Երիտասարդական միութեան Ստեփանակերտի Վարիչ մարմինն այստեղ կազմակերպեց ազգային աւանդական խաղերի (աքլորակռիւ, թելքաշոցի եւ այլ) մրցոյթ: Օրն ամփոփուեց դաշնակցական երիտասարդների համար աւանդական դարձած խարոյկահանդէսով, ազգային-յեղափոխական երգ ու պարով, արտասանութիւններով: Բաց երկնքի տակ ծածանւում էին Արցախի, Հայաստանի եւ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան դրօշները: Ջերմ ու անմիջական մթնոլորտը խթան հանդիսացաւ ընկերների մերձեցման, հայրենասիրութեան ու միասնականութեան գաղափարի խոր արմատաւորման, ոգեւորումի եւ, անշուշտ, նմանատիպ միջոցառումների կազմակերպման անհրաժեշտութեան: Երեկոյեան Արցախի Երիրտասարդական Միութեան երիտասարդները տպաւորութիւններով, աննկարագրելի, անմոռանալի յուշերով վերադարձան Ստեփանակերտ:

Տ. ԲԱՂԴԱՍԱՐԵԱՆ