Այս օրերին, Հայաստանի քաղաքական դաշտում ընթանում են աշխուժ բանակցութիւններ: Գաղտնիք չէ, որ բանակցութիւնների թեման գալիք նախագահական ընտրութիւններն են՝ մասնաւորապէս նախագահի միասնական ընդդիմադիր թեկնածու առաջադրելու խնդիրը:
Շատերը թերահաւատ են նշուած նպատակի իրագործելիութեան հարցում եւ պէտք է ընդունել, որ նման տեսակէտը զուրկ չէ հիմքից: Նկատի ունենանք, որ բանակցութիւններում ներգրաւուած բոլոր ընդդիմադիր կուսակցութիւնները, նրանց հետ իրեն իշխանութեանն այլընտրանք համարող «Բարգաւաճ Հայաստանը», հէնց սեփական կուսակցութեան ներկայացուցիչներին են տեսնում միասնական թեկնածուի դերում: Բանակցութիւնների մասնակից «Ժառանգութեան» առաջնորդ Ռաֆֆի Յովհաննիսեանն էլ արդէն իսկ յայտարարել է առաջադրուելու որոշման մասին:
Այս դէպքում անձի ընտրութեան հնարաւորութիւնից ոչ պակաս էական խոչընդոտ են դիտւում գործընթացի մասնակից ուժերի գաղափարա-քաղաքական տարբերութիւնները, ինչպէս եւ այն փոխ յարաբերութիւնների պատմութիւնը, որ որպէս բարոյա-հոգեբանական անջրպետ գոյութիւն ունի նրանց միջեւ:
Միասնական թեկնածուի ճշգրտման գործընթացների նկատմամբ բաւականին տաք զգայնութիւն են ցոյց տալիս իշխող Հանրապետական կուսակցութիւնը, ինչպէս եւ վերջինիս տուտուկը փչող լրատուամիջոցներն ու տնաբոյծ վերլուծաբանները: Որակումներից չխորշելով փորձ է արւում սեւացնել տեղի ունեցողը, գործընթացների ստուերում փնտռելով հազար ու մի պատճառ ու դրդապատճառ: Ակնյայտօրէն շահագրգիռ ուժի համար ցանկալի է, որ գալիք ընտրութիւնը ընտրութեան չնմանուի, որ ժողովուրդը մօտենայ դրան այլընտրանքներ չտեսնող դատապարտուածի հոգեբանութեամբ:
Յանուն ճշմարտութեան պէտք է խոստովանել նաեւ, որ վերջին խորհրդարանական ընտրութիւններից յետոյ շատերն սկսեցին մտածել, թէ արդեօ՞ք նման ընտրութիւնների պարագայում միասնական կամ ոչ միասնական թեկնածուներն առհասարակ ունեն իշխանական ուժի հետ արդար մրցակցութեան հնարաւորութիւն:
Անդրադառնանք, սակայն ինչ իրավիճակ էր մինչ այս եւ ինչպէս էր Հայաստանը գնում նախագահական ընտրութիւնների: Գործող եւ հիմնական թեկնածու Սերժ Սարգսեանի դիմաց կարող էին յայտնուել քաղաքական դաշտը բաժան-բաժան արած մէկ տասնեակի չափ կամ դրանից աւելի թեկնածուներ, որոնք աւելի շուտ միմիանց դէմ էին պայքարելու փոշիացնելով ընդդիմադիր ընտրազանգուածի ձայները : Անձնաւորուած այս պայքարը շիկացնելու էր մթնոլորտը՝ կանխորոշելով նոյն դաշտում պայքարող ընդդիմադիրների ջախջախիչ պարտութիւնը եւ էլ աւելի խորացնելով ժողովրդի հիասթափութիւնն ու անտարբերութիւնը: Ի դէպ արձանագրենք, որ այս հեռանկարը չի կորցրել կենսունակութիւնը:
Նախընտրական շրջանում, քաղաքական ուժերի միջեւ նախաձեռնուած երկխօսութիւնը առաջին հերթին փոխում է այս կացութիւնը, ձեւաւորելով միանգամայն այլ որակի ընտրապայքար:
Անդրադառնանք այն մեղադրանքին, թէ իրարից գաղափարական եւ այլ առումներով տարբեր կուսակցութիւնների հա- մագործակցութեան փորձերը անհասկանալի են եւ ինքնանըպատակ:
Իրապէս էլ այդպէս կը լինէր, եթէ կուսակցութիւնները հա-ւաքուէին իրար գլխի եւ փորձէին համոզել մէկ-մէկու, թէ ում թեկնածուն է ամէնալաւը: Նման առեւտուրը իսկապէս կ'ար- ժեզրկէր ընտրութիւնների քաղաքական բովանդակութիւնը: Միանգամայն տարբեր է իրավիճակը, երբ սեղանին դրւում են Բարգաւաճ Հայաստանի երկու եւ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան եօթ առաջարկները ու փորձ է արւում դիմացինների հետ ճշտել ինչն է ընդունելի եւ ընդհանուր միմիանց համար: Թէ ինչն է տարբեր եւ ինչն է զատում քաղաքական ուժերին միմիանցից անցած աւելի քան քսան տարիներին խօսուել է որքան ասես, բայց եթէ զգացւում է երկխօսութեան ու փոխ գործակցութեան անհրաժեշտութիւնը, բնական է իհարկէ ճշտել այն սկզբունքները, որոնք ընդհանուր են: Այն սկզբունքները, որոնք անհրաժեշտ է որդեգրել, եթե իհարկէ նշեալ ուժերը իրապէս ձգտում են արմատական բարեփոխումներ իրականացնել այս երկրում: Նկատենք, որ երբ դրւում են կոնկրետ ու կարճժամկէտ լուծելիք խնդիրներ, ապա գաղափարական եւ այլ տարբերութիւնները պարտադիր չէ, որ խոչընդոտող դեր խաղան: Մենք այս երեւոյթի մէկ այլ ձեւաչափի վկան ենք քաղաքական ուժերի խորհրդարանական գործունէութեան օրինակով:
Ինչպէս գիտենք ամեն նստաշրջանի, խորհրդարանների քննարկման են ներկայացւում երբեմն մի քանի տասնեակ ամենատարբեր հարցեր: Այդ խնդիրները շատ կոնկրետ են եւ ընդ- գրկում են իրականութեան բոլոր ոլորտները՝ հարկայինից ու մաքսայինից սկսած մինչեւ երկաթուղին, առողջապահութիւնը, կամ ասենք հանրային ավտոկայանատեղիները: Հարցից-հարց տարբեր քաղաքական ուժեր, անկախ նրանից ընդդիմութիւն են, թե իշխանութիւն, կարող են հակառակուել իրար կամ միասին պաշտպանել ու հետապնդել ինչ-ինչ լուծումներ, շտկումներ, բարեփոխումներ եւ այլն: Իւրաքանչիւր նման դէպքում ան- հեթեթ է պատուէր կատարող լրագրողների նման, ընկնել բացայայտումների ետեւից, թե ով ում հետ համագործակցեց, ով ում չմիացաւ եւ այլն:
Նախագահական ընտրութիւնների շուրջ այսօրուայ բանակցող հիմնական ուժերը խորհրդարանում արդէն իսկ աշխատում են նոյն սկզբունքով: Եթէ ուսումնասիրենք ներկայ բանակցութիւնների սեղանին դրուած առաջարկները կը նկատենք, որ դրանք նոյնպէս կոնկրետ են եւ մի շարք հիմնական հարցերի դէպքում ենթադրում են լուծումներ՝ որոշակի ոչ երկար ժամանակահատուածում: Այնպիսի առաջարկներ, ինչպիսիք են կառավարման համակարգի փոփոխութիւնը, անցումը 100%- անոց ընտրակարգի, ռազմաքաղաքական դաշինքի կնքումը Հայաստանի եւ ԼՂՀ-ի միջեւ, բնաւ չեն պարտադրում գաղափարական ընդհանրութիւններ ունենալ կամ միանման ծրագրեր:
Պէտք է ողջունելի համարել ներկայ բանակցութիւնների երեւոյթը թէկուզ այն բանի համար, որ վերջինս մեղմում է ընտրապայքարի հնարաւոր լարուածութիւնը եւ հասարակութեան համար տհաճ քաղաքական առեւտրի մթնոլորտը փոխարինում է ծրագրերի քննարկմամբ, ստեղծելով երկրի առջեւ ծառացած առաջնահերթ մարտահրաւէրների շուրջ խօսակցութիւնների առիթ: Ի դէպ նկատենք, որ արդէն իսկ քաղաքական որոշ ուժեր, որոնց օրակարգերում նախկինում չէին եղել նման հարցեր հակւած են քննարկումների եւ թէկուզ վերապահումներով ընդունում են մի շարք առաջ քաշուած պահանջներ: Այդ ուղղութեամբ վերջին շրջանում տեղաշարժ է նկատւում նաեւ իշխանական ճամբարում:
Ինչպէս յայտնում են ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչները, եզրափակելով բանակցութիւնների նախնական փուլը, ներկայումս նրանք պատրաստւում են ընդլայնել քննարկումների ձեւաչափը: Նպատակն է դրանցում ներգրաւել ոչ միայն արտախորհըրդարանական ուժերին այլեւ հասարակական հատուածին: Այս դէպքում երկրի համար կարեւորագոյն հիմնահարցերի քննարկումը դուրս կը բերուի քաղաքական շրջանակից եւ կ'ունենայ հանրային ընդգրկում: Սա իր հերթին հնարաւորութիւն է հիասթափուած ու անտարբեր զանգուածներին մղելու ակտիվ կեցւածքի եւ մասնակից բոլոր կողմերին պարտադրելու ընտրական գործընթացը դուրս բերել ետնավարագոյրների ետեւից եւ տալ նրանց քաղաքական ուղղուածութիւն:
Կը յաջողուի՞ արդեօք հասնել նախանշուած նպատակների իրագործմանը: Հնարաւոր է այո, բայց հնարաւոր է նաեւ՛ ոչ: Ամէն պարագայի, չյաջողելու կասկածներից դրդուած, եթէ իւրաքանչիւր ոք խուսափի քայլ անելուց, ապա քաղաքական կեանքը ընդհանրապէս կը մեռնի: Սկսուած նախաձեռնումների այս փուլում զգալի է նաեւ հասարակական հետաքրքրութեան աճը եւ միւս կողմից ակնյայտ է դառնում, թէ իրականում ով ինչ շահագրգռութիւններ ունի եւ ինչ վերջնական նպատակներ է հետապնդում:
Շարունակենք հետեւել իրադարձութիւնների ընթացքին, համոզուած լինելով, որ այն ունի իր տրամաբանութիւնը եւ արդարացնում է սեփական գոյութիւնը:
Խմբագրական «Դրօշակ»ի