Print
Category: Յօդուածագրութիւն

Նախագահ Սերժ Սարգսեանի քառօրեայ պաշտօնական այցը Ֆրանսա աւարտուեց: Սա նրա առաջին այցն էր Ֆրանսա՝ Ֆրանսուա Հոլանդի՝ նախագահ ընտրուելուց ի վեր:

Դա ենթադրում էր երկու երկրների միջեւ հետագայ յարաբերութիւնների վերաիմաստաւորում, ինչին եւ պէտք է ծառայէր նախագահի այցը: Մանաւանդ՝ Ֆրանսան ԵԱՀԿ Մինսկի խումբի  համանախագահող երկիր է:
Այս տարուայ Սեպտեմբերին Հոլանդն արդէն ընդունել էր աշխատանքային այցով այդ երկիր մեկնած Ատրպէյճանի նախագահ Իլհամ Ալիեւին: Սակայն, ինչքանով կարելի էր հասկանալ երկու նախագահների հղած հրապարակային ուղերձներից, ֆրանսա-կան կողմի տեսանկիւնից այս այցն աւելի շատ ընդամէնը որպէս միջնորդ հակամարտող հա-րեւան երկրների միջեւ պարիտետը պաշտպանելու պրոտոկոլային խնդիր էր լուծում: Հայկական կողմի տեսանկիւնից՝ այն նպատակ ունէր առաւելապէս հայ-ֆրանսական բարեկամութեան գործօնը, առաջիկայ ընտրութիւնների ֆոնին, ծառայեցնել Սերժ Սարգսեանի քարոզչութեանը:
Ֆրանսայում գտնուելու ընթացքում Սերժ Սարգսեանը հիմնականում երկու կոնկրետ ուղերձ էր յղում, որոնք արտացոլուած են Հոլանդի հետ հանդիպման կապակցութեամբ տարածուած պաշտօնական յայտարարութեան մէջ: Դրանցից մէկը հետեւեալն էր. «Մենք կը ցանկանայինք, որպէսզի ֆրանսական կապիտալն ընդլայնուէր Հայաստանում, որովհետեւ այսօր ե՛ւ Հայաստանն ունի դրա կարիքը, ե՛ւ իհարկէ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հե-տեւանքները վերացնելու համար սա միգուցէ շատ փոքր, բայց լաւ հնարաւորութիւն է»: Այլ կերպ ասած` նախագահը գնացել էր Ֆրանսա` խնդրելու ներդրումներ կատարել հայաստանեան տնտեսութեան մէջ: Այդ նպատակով նա հանդիպեց նաեւ ֆրանսացի գործարարների հետ:
Սա  զարմանալի չէ: Միայն անցնող տարուայ ընթացքում արտաքին ուղղակի ներդրումները Հայաստանում նուազել են գրեթէ 40 տոկոսով: Դա խօսում է ոչ միայն հայաստանեան տնտեսութիւնը օտարերկրեայ պոտենցիալ ներդրողների կողմից անհեռանըկար համարուելու, այլ նաեւ ներդրումների պաշտպանութեան հարցում գործող իշխանութեան կողմից շռայլօրէն բաշխուող խոստումների նկատմամբ կատարեալ անվստահութեան մասին: Այս վիճակը պարտադրում է Սերժ Սարգսեանին ոչ թէ ելնել արժանապատիւ գործընկերութեան դիրքերից, հիմնաւորել վարուող ներդրումային քաղաքականութեան արդիւնաւետութիւնը, այլ ընդամէնը փող խնդրել՝ կարճ ու կոնկրետ: Եթէ այդ խնդրանքը բաւարարուի գոնէ չնչին մասով, Սերժ Սարգսեանը կարող է հպարտանալ, որ այս այցից գոնէ ինչ-որ շօշափելի արդիւնք ստացաւ: Սա, իհարկէ, կարող է նախընտրական էֆեկտ տալ: Բայց որպէսզի այն շօշափելի դառնայ նախագահը, թերեւս, ստիպուած կը լինի դեռ շատ երկրներ այցելել:
Սերժ Սարգսեանի յաջորդ ուղերձը կապուած էր Հայոց ցեղասպանութեան ժխտումը քրէականացնելու շուրջ ծաւալուած ոչ վաղ անցեալի գործընթացների հետ: «Ուզում եմ մէկ անգամ եւս իմ խորին շնորհակալութիւնը յայտնել Ֆրանսայի ժողովրդին, Ֆրանսայի իշխանութիւններին՝ Հայոց ցեղասպանութեան նկատմամբ այդքան ուշադիր եւ սկզբունքային դիրքորոշում ունենալու համար: Ես գիտեմ, որ պարոն Օլանդը օրինագծի ակունքներում էր կանգնած եւ ես գիտեմ, թէ որքան ուշադիր եւ ջերմ է նա հայկական հարցերի նկատմամբ, ընդհանրապէս հայերի նկատմամբ»,- ասել է ՀՀ նախագահը:
Աւելի ուշ, «Ֆիկարօ» թերթին տուած հարցազրոյցում   նա, իհարկէ, պնդում է, թէ Հայոց ցեղասպանութեան հարցում Ֆրանսայի քաղաքականութիւնը «չի պարտադրուել» Հայաստանի կողմից՝ արդէն յատուկ ընդգծելով պաշտօնական Երեւանի կապ չունենալն այդ գործընթացներ հետ: Նախագահն, ըստ էութեան, ուզում է բոլորին պարզորոշ հասկացնել, որ Ցեղասպանութեան ճանաչմանը եւ դատապարտմանը հասնելուն ուղղուած յատուկ քաղաքականութիւն Հայաստանի պետական իշխանութիւնը չի վարում: Եւ պէտք է ենթադրել, որ հարցն առհասարակ չի էլ քննարկուել Հոլանդ-Սարգսեան բանակցութիւններում, թէ՛ Ֆրանսայի նախագահը թէ՛ մինչեւ ընտրուելը, թէ՛ դրանից յետոյ յայտարարել է Ցեղասպանութեան ժխտումը քրէականացնող նոր օրինագիծ շրջանառութեան մէջ դնելու եւ ընդունմանը հասնելու իր նպատակների մասին: Չի կարելի բացառել, որ ցանկացած պահի նման նոր գործընթաց կարող է սկսուել Ֆրանսայի հայկական համայնքի եւ Հայ Դատի գրասենեակի կողմից Հոլանդի նկատմամբ գործադրուած ճնշումների ներքոյ՝ հաշուի առնելով յատկապէս մօտեցող՝ Ցեղասպանութեան 100-րդ տարելիցը: Եթէ այդ պրոցեսի մեկնարկը համընկնի թէկուզ երկող տարուայ առաջին ամիսներին, ապա հիանալի առիթ կը ստեղծուի դա եւս ծառայեցնելու Սերժ Սարգսեանի նախընտրական քարոզչութեանը եւ մատուցելու այնպէս, թէ այս այցի հիմնական նպատակներից մէկը օրինագիծի առաջքաշման եւ գուցէ ընդունման նախադրեալներ ստեղծելն էր: Սա մի մօտեցում է, որից իշխանութիւնը երբեք չի հրաժարուել:
Մնում է, յուսալ, որ այս ամէնի կողքին նախագահը գոնէ կարողացել է Հոլանդին հասկանալի դարձնել Իրանի ու Սիրիայի հարցերում Հայաստանի ընդգծուած չեզոքութիւնը: Յոյս է ներշնչում այն, որ Հոլանդն իր խօսքում ակնարկել է, թէ յոյս ունի, որ Սերժ Սարգսեանը Իրանին կը հասցնի «իր մեսիջները», այսինքն՝ իր համար ընդունելի է Իրանի հետ Հայաստանի յարաբերութիւնների առանձնայատկութիւնը, եւ որ ըմբռնումով է մօտենում Սիրիայի հարցում Հայաստանի որդեգրած զգուշաւոր դիրքրոշմանը՝ կապուած հայկական համայնքի գործօնի հետ:

ԳԷՈՐԳ ԴԱՐԲԻՆԵԱՆ
Երկիր