Print
Category: Յօդուածագրութիւն

Մեր կառավարութեան որոշումների տրամաբանութիւնը հասկանալ անհնար է: Մէկ ընդդիմութիւնը տարիներով պայքարում է թիկնապահական շքերթին վերջ տալու համար ու արդիւնքի չի հասնում, քանի որ խորհրդարանական մեծամասնութիւնը հրաժարւում է չօգտուել սափրագլուխների ծառայութիւններից, մէկ էլ՝ նոյն կառավարութիւնն այնպիսի որոշում է կայացնում, որ համարեայ կործանման եզրին է հասցւում թիկնապահի՝ յոյժ կարեւոր մասնագիտութիւնը:


Պարզւում է՝ թիկնապահ լինելու համար այլեւս հարկաւոր է, որ այդ անձը, հաստավիզ եւ հիմնականում՝ սափրագլուխ լինելուց բացի, ունենայ նաեւ հիմնաւոր գիտելիքներ սոցիոլոգիայի, քաղաքագիտութեան, հայոց պատմութեան, օտար լեզուների եւ այլ առարկաներից: Ո՜վ զարմանք. որ մարդն այդքան բան իւրացնի, միանգամից կը գնայ գիտութիւնների ազգային ակադեմիա՝ առնուազն թեկնածուական ատենախօսութիւն պաշտպանելու: Յետոյ՝ այդ բոլոր առարկաները նրանց խելքի բանը չեն, խելքն ու միտքը տալիս են ուժին, որովհետեւ միակ բանը, որ կարողանում են անել, մարդուն ծեծելն է՝ մեռնելու աստիճան:
Լաւ, ենթադրենք, թէ հաստավիզն այդքան առարկայ իւրացրել է, բայց, այնուամենայնիւ, որոշել է ոչ թէ դասախօս աշխատել, այլ «ախրաննիկ», ասենք՝ Բուռնաշի մօտ: Իր աշխատանքում ինչպէ՞ս կարող է օգտագործել «մախից» զատ գիտելիքները: Ասենք՝ մի մոլորուած տաքսու վարորդ, առանց գիտակցելու իր քայլերի լրջութիւնը, կտրել է Բուռնաշի աւտոշարասեան առաջը: Նման բաներ էլ են լինում: Այդ վիրաւորանքը պատգամաւորի թիկնազօրը տանել չի կարող:  Ահա այստեղ թիկնապահին սոցիոլոգիան պէտք է, որ իմանայ, թէ սովորաբար այդ ժամերին Հրազդանի կիրճով ինչ մեքենաներ են անցնում, որ տաքսին այդ ժամին որ օբյեկտ ում է տանում հաց ուտելու: Սա կարող է լրջօրէն փոխել իրադրութիւնը:
Քաղաքագիտութիւնն անհրաժեշտ է, որպէսզի թիկնապահն իմանայ իր քայլերի հնարաւոր հետեւանքները աշխարհաքաղաքական համատեքստում՝ արդեօք դա չի՞ սրի ընդդիմութիւն-իշխանութիւն գործընկերային յարաբերութիւնները, այդ քայլը ԵԽԽՎ-ում նոր բանաձեւերի առիթ կուտա՞յ, թէ՞ ոչ, Հայաստան մտնող արտաքին վարկերը հո  չե՞ն պակասի: Կամ էլ՝ գուցէ այդ վարորդը ՀՀԿ-ի հնարաւոր ընտրո՞ղ է՝ բնականաբար, 10 հազար դրամի դիմաց: Իսկ եթէ պարզուի, թէ իսկապէս մոլորեալ տաքսի է, վարորդն էլ՝ ընդդիմութեան ընտրազանգուած, ապա անպայման է Հայոց պատմութեան իմացութիւնը՝ յիշելու՝ 16-րդ դարի բդեշխների թիկնազօրն ի՞նչ աստիճանի է ծեծել իրենց առաջը կտրողներին, որպէսզի իրենք մի գլուխ առաջ անցնեն՝ ռեկորդների գրքում յայտնուելու համար:
Լաւ, բա անգլերէ՞նն ինչներին է պէտք. գուցէ բնագրով Շէքսպիր կարդալու համա՞ր:

Յ.Գ. Բնականաբար, մեր ասածը չի բացարձակացւում: Ասում են՝ թիկնապահի լաւն էլ է լինում:  Եսի՞մ:

 

ՍԵՒԱԿ ՅԱԿՈԲԵԱՆ (Երկիր)