Այստեղ իմ հոգու
Թեւերն են դողում,
Թախիծը իմ մէջ՝
սերմեր է ցանում,
Այստեղ կարօտս
Մորմոք է դառնում,
Բիւր երազներս՝ պաղում են օդում...
Այստեղ արեւը՝
Ինձ չի ջերմացնում...
Դէպի ելք ձգուող
Լոյսի պակասից,
Սիրոյ սահմանին՝ երգս
չի հասնում,
Այստեղ իմ բառը
Հալչում է հանգչում,
Ինքնախոշտանգման խոշոր կաթսայում...
Այստեղ ապագան՝
Էլ ինձ չի հսկում...
Ամպերով ծածկուած
Հոգուս դաշտերում,
Անաւարտ հունձքն է՝
ի կատար ածւում,
Արդէն մթերուած
Դառնութիւններիս,
Հատու գերանդին՝
նորերն է դիզում...
Այստեղ իմ յուսոյ՝
Կանթեղն է մարում...
Իմ հոգուց հիմա
Արիւն է ծորում,
Ի՞նչ տառապանք է,
Աստուած իմ, ասա,
Առանց պայքարի
Ու մենամարտի,
Ինչպէ՞ս է կեանքն ինձ՝ պարտութեան մատնում...
Աստեղ հրաշքը՝
Ինձ չի որոնում:
Աւիկ Դերենց
Պոսթըն