Print
Category: Յօդուածագրութիւն

Առաջին բանը, որ շտապեց անել Երեւանի քաղաքապետարանը Խանջեան 20 հասցէում գտնուող կիսակառոյց շինութեան փլուզումից, փլատակների տակ մնացած 11 անձանց հիւանդանոցներ տեղափոխելուց յետոյ, յայտարարելն էր, թէ շինարարութիւնը տուեալ պահին իրականացուելիս է եղել ապօրինի:

Քաղաքապետարանն այս մասին յիշատակում է ոչ թէ փլուզման հետ կապուած տեղեկատուական վակուումը լցնելու, մարդկանց հետաքրքրութիւնը բաւարարելու, այլ պատասխանատուութիւնն իրենից հեռացնելու համար: Բայց որքան էլ փորձի խուսափել, միեւնոյն է, այս միջադէպի համար առաջինը հէնց Երեւանի քաղաքապետարանն է կրում իրաւական պատասխանատուութիւնը:
Քաղաքապետարանն է տուել շինարարութեան թոյլտուութիւնը, ժամկէտի աւարտից յետոյ երկարացրել այն, ապա նաեւ աչք փակել այն իրողութեան վրայ, որ օրը ցերեկով քաղաքի կենտրոնում, այսինքն՝ իր քթի տակ, ինչ-որ անհասկանալի կազմակերպութիւններ կամ անհատներ անարգել աւելի քան մէկուկէս տարի շարունակել են մի այնպիսի որակի շինարարութիւն, որը, դեռ աւարտին չհասած, փլուզուելու էր՝ յանգեցնելով գուցէ նաեւ մարդկային ճակատագրերի խեղման:
Սա եզակի դէպք չէ: Երեւանում քիչ չեն այն շինութիւնները, որոնք քաղաքապետարանի հաստատմամբ շահագործման են յանձնուել կիսատ-պռատ, նախագծային ու քաղաքաշինական նորմերից հսկայական, ուղղակի անթոյլատրելի շեղումներով: Դրանցից  մէկն, օրինակ, Աջափնեակի Մազմանեան 5/9 հասցէում գտնուող նորակառոյց բազմաբնակարան շէնքն է, որի շինարարութեան աւարտական ակտն ստորագրուել է՝ առանց հաշուի առնելու, որ կառուցապատողը չի կատարել ուղղակի պարտադիր կատարման ենթակայ աշխատանքներից մի քանիսը: Թէկուզ՝ չի տեղադրել  ստանդարտներին համապատասխան ջրային պոմպակայան, նախատեսուած վերելակներից մէկը, որի բաց հորն իսկական մղձաւանջ է դարձել մանկահասակ երեխաներ ունեցող բնակիչ-ծնողների համար: Եւ քաղաքապետն իրեն թոյլ է տալիս նման պայմաններում ստորագրել շինութիւնները շահագործման յանձնելու համար անհրաժեշտ փաստաթղթերը: 
Ցանկացած նորմալ երկրում այսպիսի ճակատագրական սխալներ թոյլ տալու պարագայում ոչ միայն քաղաքապետարանի քաղաքաշինութեան եւ շինարարութեան հարցերի ստորաբաժանման ղեկավարը, այլեւ ընդհուպ  քաղաքապետը հրաժարական կուտար:
Խանջեան 20-ում սոսկ ինչ-որ մի ապագայ զուարճանքների կենտրոնի փլուզում չէր: Այնտեղ փլուզուեց քաղաքաշինութեան ոլորտում կոռուպցիան բացայայտելուն ուղղուած՝ իշխանութիւնների միֆը, դրանից քաղաքական շագանակներ հանելու, այլոց մէջ քաւութեան նոխազներ գտնելու բեմադրութիւնը:
2009-ին, երբ տրւում էր կոնկրետ այդ կառոյցի շինարարութեան թոյլտուութիւնը, քաղաքապետը Հանրապետական կուսակցութեան անդամ Գագիկ Բեգլարեանն էր: 2011-ին, երբ երկարաձգւում էր շինարարութեան ժամկէտը, քաղաքապետը Կարէն Կարապետեանն էր, որը եւս այդ պաշտօնն զբաղեցրեց Հանրապետական կուսակցութեան քուոտայով: Եւ հիմա, երբ արդէն ակնյայտ է, որ քաղաքապետարանը ուղղակի յանցաւոր անգործութիւն է ցուցաբերել այդ եւ Երեւանում իրականացուող նման կարգի բազմաթիւ այլ շինարարական աշխատանքների նկատմամբ, քաղաքապետը դարձեալ ՀՀԿ-ական է: Հանրապետական կուսակցութիւնն ուղղակի քաղաքական պատասխանատւութիւն է կրում քաղաքապետարանի անգործութեան համար, հետեւաբար նաեւ նրա հետ ամբողջութեամբ կիսում է պատասխանատուութիւնը մարդկային այս ողբերգութիւնների համար, քաղաքապետարանում տիրող այն բարքերի համար, որոնք հնարաւոր են դարձնում քաղաքաշինական տարրական նորմերին չհամապատասխանող կառոյցների, շինութիւնների կառուցումն ու շահագործման յանձնելը:
Եւ այս ամէնի ֆոնին հարց է առաջանում՝ ի՞նչ է արդէն կատար-ւածից յետոյ ասելու երկրի ղեկավարը քաղաքապետ Տարօն Մարգարեանին, եթէ առհասարակ պատրաստւում է ինչ-որ բան ասել: Կրկի՞ն նրան դուխ է տալու «սիրուն չի, Տարօ՛ն ջան» կարգի արտայայտութիւններով: Արդեօք այնքան համարձակութիւն կը գտնուի՞, որ այս ոլորտում տիրող ուղղակի խայտառակ իրավիճակի պատասխանատուութիւնը մրցակից կուսակցութեան վրայ բարդելու փոխարէն վերջապէս հայացքը շրջի դէպի սեփական կոռուպցիոն որջերը, որոնց ամենաթողութեան ու անպատասխանատուութեան ձեռքին ողջ հասարակութիւնն ուղղակի կրակն է ընկել:

Գէորգ Աղաբաբեան
«Երկիր»