Print
Category: Յօդուածագրութիւն

«Ժողովրդի անվտանգութիւն» եզրոյթ-երեւոյթը մեզ մօտ ասոցացւում է որպէս արտաքին թշնամուց անվտանգութեան ապահովում, աւելի յստակ՝ սահմանից այն կողմ «ատամները սրած» եւ գայլի ախորժակ ունեցող Ատրպէյճանից պաշտպանուածութիւն:


Կասկած չունենք, որ հայրենիքի սահմանին գիշեր ու ցերեկ կանգուն եւ արթուն հայ զինուորի՝ հայրենիքի պաշտպանութեան եւ անվտանգութեան ապահովութիւնը թշնամու ոտնձգութիւնների նկատմամբ, կատարւում է ամենայն պատասխանատուութեամբ եւ նուիրումով: Սակայն նոյնը չի կարելի ասել սահմանից այս կողմ հասարակութեան պաշտպանութեան եւ անվտանգութեան մասին: Հասարակութեան անվտանգութեան ապահովումը երկրի ներսում՝ խաղաղ պայմաններում նոյնքան կարեւոր է, որքան սահմանի անառիկութիւնը: Հասարակութեան ապահովութեան եւ անվտանգութեան հսկողութեան եւ պատասխանատուութեան զգացումն այնքան է թուլացել, որ հասարակութեան լայն հատուածներ դառնում են պարզապէս խոցելի: Խօսքը անցած ամսուայ ընթացքում հարիւրից աւելի երեխաների սննդային թունաւորման մասին է, ինչի հետեւանքով փակուել են մի քանի մանկապարտէզներ՝ տասնեակ երեխաների՝ «սուր աղիքային ինֆեկցիայով» հիւնդանալու պատճառով: Միանգամից տարածուել է մի քանի սննդատեսակների՝ ինֆեկցիայի տարածման պատճառ դառնալու մասին տարաբնոյթ կարծիքներ ու տեսակէտներ:
Ստեփանակերտի հակահամաճարակային կայանը յայտնել է համաճարակի տարածման պատճառը՝ նշելով «Արցախկաթ» ընկերութեան թթուասերը: «Ղարաբաղ օփէն» էլեկտրոնային թերթի հետ զրոյցում ԼՂՀ առողջապահութեան նախարարը խօսել է համաճարակի տարածման աղբիւրի մասին, մի քիչ էլ մեղմացնելու համար նշել, որ դա «... արտառոց դէպք չէ, այլ սովորական թունաւորում...»:
Չկիսելով յարգարժան նախարարի կարծիքը՝ պիտի ասել, որ «սովորական թունաւորում չի լինում»: «Արցախկաթ» ընկերութեան տնօրէնը բացառում է, որ համաճարակի պատճառը իրենց ընկերութեան թողարկած արտադրանքն է՝ հիմնաւորելով, որ նոյն օրը նոյն խմբաքանակից տրամադրել են նաեւ այլ հիմնարկների ու բնակավայրերի, որտեղից բողոքներ եւ նման դէպքեր չեն եղել: Մի կողմ ենք թողնում այս տարակարծութիւնները: Խնդիրն ամենեւին էլ այս կամ այն ընկերութեան կամ արտադրանքի մասին չէ, յատկապէս, որ խօսքը տեղական արտադրանքի մասին է, իսկ մենք միշտ խրախուսում ենք հայրենական արտադրութիւնը: Հարցն այլ հարթութեան մէջ է:
Խնդրի մասին չի խօսւում, այն ուշադրութեան չի արժանանում՝ մինչեւ չենք կանգնում փաստի առաջ: Իսկ հնարաւոր չէ՞ր արդեօք կանխել խնդիրը: Կարծես ստեղծուած են բոլոր օղակները, մարմինները, որոնք ունեն բիւտճէ՝ խնդիրներ ու առաքելութիւններ կատարելու: Որտե՞ղ են ընդհանրապէս երկրի համապատասխան մարմինները, ինչո՞վ են զբաղուած:
Սա, իհարկէ, միակ դէպքը չէ:
Բազմաթիւ են օրինակները, երբ խանութներում վաճառւում են ժամկէտանց եւ անորակ սննդատեսակներ: Այս տեսանկիւնից հասարակութիւնը խոցելի է ու անպաշտպան: Իսկ սա ազգային անվտանգութեան խնդիր է:
Իւրաքանչիւր ձեռնարկութիւն վճարում է համապատասխան մարմնին իր կազմակերպութեան եւ շրջակայքի սանիտարահիգիենիկ ապահովութեան համար: Ժամանակ առ ժամանակ զանգուածային համաճարակի կամ հիւանդութեան տարածման պատճառ են դառնում հանրային վաճառքի հանուած մսամթերքը կամ կաթնամթերքը, կամ էլ այլ սննդատեսակներ: Ամէն անգամ հիւանդութեան տարածման եւ հասարակութեանը վնաս հասցնելուց յետոյ միայն որոշւում է դիմել այս կամ այն կանխարգելիչ միջոցների:
Վերջին համաճարակային դէպքը, որ տեղի է ունեցել երկրում, իհարկէ, այն չէ, որին այսքան լուրջ անդրադառնում ենք: Սա պարզապէս ահազանգ է պատասխանատու բոլոր կողմերին եւ մէկ անգամ ամենայն լրջութեամբ ու պատասխանատուութեամբ մօտենալու նման խնդիրներին: Ահազանգում ենք նաեւ, որ պէտք չէ պատահարով զգուշանալ, այլ ամէն օր ու վայրկեան, քանի դա ողջ հանրութեան հարցն է: Մօտենում է աշնան երկրորդ շրջանը եւ ձմեռը: Իսկ երեխաները ոչ թէ «Ձմեռ պապիկին» են դիմաւորելու, այլ մայրաքաղաքի բնակարանների ծորակներից հոսող կեղտաջրերին... Իսկ մենք՝ ժողովուրդս, պէտք է առողջ ու դիմացկուն լինենք՝ դիմակայելու ամէն տեսակ մարտահրաւէրների:
Եթէ զինուորը երկրի սահմանում ամենայն պատասխանատուութեամբ է հսկում ու պաշտպանում ժողովրդին, ապա երկրի ներսում ցանկացած պատասխանատու անձ պարտաւոր է լինել իր տեղում եւ կատարել իր առաքելութիւնը:


«Ապառաժ»ի  խմբագրական