Վերջին շրջանում արցախցի երիտասարդներն աւելի ակտիւօրէն են սկսել քննարկել սիրիահայերին օգնութեան ձեռք մեկնելու հետ կապուած հարցեր. այս առնչութեամբ ֆէյսպուքում նոյնիսկ կոնկրետ առաջարկութիւններ են արւում տարբեր մարդկանց կողմից, աւելին՝ այդ առաջարկները տեղ են գտնում նաեւ լրատուամիջոցներում։
Արցախի Ասկերանի շրջանի Պատարա գիւղի բնակիչ Ստեփան Գրիգորեանը իր նամակում իր եւ իր համագիւղացիների անունից սիրիահայերին ընդունելու պատրաստակամութիւն է յայտնում եւ յոյս յայտնում, որ այն կը դառնայ մի մեծ ակցիայի սկիզբ: Երիտասարդը պատրաստ է գիւղում գտնուող իր երկրորդ տունը տրամադրել անվճար: Պատարայում առնուազն 5 ընտանիք եւս պատրաստ է նման քայլի, նշում է նա։
Սիրիայում գտնուող ծանօթներին օգնութեան ձեռք մեկնելու նպատակով փնտռելու փորձեր էլ են արւում, որոնցից մէկի մասին իր ֆէյսբուքեան էջում գրել է արցախցի լրագրող Լուսինէ Մուսայէլեանը՝ ներկայացնելով իր պատմութիւնը.
«Այսօր ինձ համար շատ յիշարժան օր է. ուրախութեանս, յուզմունքիս չափ չկայ, գրում է նա ու շարունակում,- պատերազմից ընդամէնը երկու տարի էր անցել, ես 10-11 տարեկան երեխայ էի: Այդ տարիներին մեր տներում հոսանք չկար, բայց հրապարակում մի քանի լապտերներ էին վառւում, ու ամրանը, քանի որ մեր տունը մօտ էր հրապարակին, երեխեքով գնում էինք հրապարակի լոյսերի տակ խաղում։
Ու մի օր էլ խաղալիս տուրիստների մի խումբ անցաւ հրապարակով, ու այդ խմբից մի աղջիկ մօտեցաւ ու ինձ հարցրեց թատրոնի տեղը: Բացատրեցի ու այդ աղջիկը խնդրեց ուղեկցեմ իրեն, եթէ հեռու չէ: Հեռու չէր եւ ես էլ ուղեկցեցի: Սփիւռքահայ էր: Քայլելով գնացինք դէպի թատրոնի շէնքը. ճամբին ինձ հարցեր տուեց՝ ով եմ, քոյր-եղբայր ունեմ, ծնողներս ինչով են զբաղւում, որտեղ ենք ապրում, ինչ եմ երազում դառնալ... Ես էլ ինչ կար պատմեցի: Էս աղջիկը շատ յուզուեց իմ պատմածից: Երբ հետ եկանք հրապարակ ու ես պիտի հրաժեշտ տայի իրեն, ինձ հինգ հազար դրամ տուեց ու ասաց՝ «ես վաղը գնում եմ, ինքս չեմ հասցնի քեզ համար նուէր գնել, էս փողը վերցրու, կը գնաս քեզ համար մի նուէր կ'առնես իմ անունից»:
Ինչքան փորձեցի չվերցնել՝ չստացուեց: Ու յիշում եմ, որ ասացի՝ «բա որ մամաս հարցնի որտեղի՞ց քեզ էդ փողը՝ ես ի՞նչ պիտի ասեմ»։ Ինքն էլ պատասխանեց, թէ՝ կ'ասես Արփի Սանոսեանն է Սիրիայից եկել ու ինքն է նուիրել: Ես շնորհակալութիւն յայտնեցի, հրաժեշտ տուեցի ու գնացի տուն:
Յաջորդ օրը մամայիս ձեռքից բռնած գնացինք շուկայ (այն ժամանակ հագուստի խանութներ գրեթէ չկային) ու ինձ համար կօշիկ առանք՝ սեւ, կլոր քթով կօշիկներ: Իսկ այդ ժամանակ համադասարանցիներս հագնում էին «լակիռովաննի», փոքր կրունկով, մի քիչ սուր քթով կօշիկներ ու իրենք ինձ ասում էին «էդ ինչ բաբոյի /տատիկի/ կօշիկներ ես հագել»:
Արփի Սանոսեանի պատմութիւնը ես միշտ յիշել եմ:
Ղարաբաղում երբ ինթերնեթ յայտնուեց ու երբ հասկացայ ինթերնեթի իմաստը, առաջին գործողութիւնը որ ես արեցի «Արփի Սանոսեան» անունը Եանդեքսում, յետոյ Ռամբլերում, աւելի ուշ՝ Եահույում, Կուկլում, Սկայփում եւ ի վերջոյ Ֆէյսբուքում փնտռելն էր: Ոչ մի կերպ չէի գտնում:
Միշտ ուզում էի գտնել եւ ասել, որ յիշում եմ իրեն:
Վերջերս, երբ Սիրիայում պատերազմ սկսուեց, Արփի Սանոսեանին գտնելու միտքն ինձ հանգիստ չէր տալիս:
Ֆէյսբուքում ինչքան Սանոսեան ազգանունով մարդ գտայ սկսեցի գրել: Ի վերջոյ, երկար փնտռտուքներից յետոյ, տարբեր մարդկանց զանգելու միջոցով՝ Ամերիկայից մինչեւ Սիրիա, հեռախօսահամար գտայ։
37 անգամ համարին զանգելով վերջապէս պատասխան լսեցի.
-Ալո։
-Ալո, Արփի Դո՞ւք էք։
-Այո, ո՞վ է։
-Ես Ղարաբաղից եմ զանգում, երեւի ինձ չյիշէք, բայց եթէ ժամանակ ունէք, փորձեմ յիշեցնել։
-Արդեօք, Լուսինէ՞ է քո անունը....
-Այո։
-Ինչպէ՞ս ես ջան, մայրիկդ, քոյրիկներդ ինչպէ՞ս են։ Երեւի մեծացել ես... Արցախը քեզմով կը յիշեմ... չեմ հաւատում, որ դու էլ ինձ ես յիշել եւ գտել. ինչպէս գտար հեռախօսիս թիւը...
Շատ դժուարութեամբ կարողացայ իրեն պատասխանել. միայն ինձնից անկախ շնորհակալութիւն էի ասում ու հարցնում՝ ես ինչով կարող եմ իրեն օգնել... »։
karabakh.open