(Ճամբորդական Յուշագրութեան Էջերից)
Հանճարեղ արուեստագիտուհի Մարի Ռոզ Ապուսէֆեան ներկայացումներու շարք մը իրագործած է Պէյրութի, Տուպայի, Կիպրոսի եւ Հայաստանի մէջ: Ազգային եւ գաղութային հարցերու վերաբերեալ իր սուր ընկալումը եւ խորին մտահոգութիւնը արտայայտուած է հետեւեալ յօդուածաշարքին մէջ, որ կը հրատարակենք 7 շարունակական մասերով, իւրաքանչիւր Ուրբաթ օր: (Այսօր Ե. մասը)
Կրկին վերադառնում ենք Պէյրութ, մէկ օր անց Հայաստան մեկնելու համար: Այստեղ լինել եւ հիւր չլինել «Վանայ ձայն»-ին, հաւանաբար ճիշդ չէ: Սիրում եմ այցելել այս շինութիւնը, որը լիբանանահայութեան սրտում է՝ Պուրճ Համուտում: Այստեղ է կենտրոնացած ՀՅԴ ամենահեղինակաւոր թերթը՝ «Ազդակ»-ը, գրական ամսաթերթը՝ «Բագին»ը եւ կազմակերպութիւնների գրասենեակները: Մի քանի տարի առաջ դեռ շէնքի պատին պատերազմի հետքեր կային, այն արդէն վերանորոգուած է մի արժանաւոր հայ բարերարի կողմից եւ մաքուր ու գեղեցիկ իր դռները բաց ընդունում է մեզ:
Այստեղ տարիներով իր տպագրական պարզ մեքենայի առջեւ միշտ նստած էր լինում արդէն գաղութի դէմքը դարձած, «Բագին»-ի նախկին խմբագիր՝ Պօղոս Սնապեանը: Մենք երկար տարիների հարազատ կապ ունենք, ստեղծագործողները եթէ անգամ չեն տեսնւում, միեւնոյն է, ներքին աչքով ու զգայարաններով կապուած են իրար: Երբեք չենք սկսում մեր զրոյցը, այն անվերջ շարունակւում է: Հայ եւ յատկապէս արեւմտահայ գրականութեան այս կենդանի հանրագիտարանը, խորը քննադատը, առանց դադարի, անվերջ աշխատող այս գրողը բերում է իր նոր հրատարակած գրքերը: Իմ ուրախութեանը չափ չկայ, սրանք լուրջ ուսումնասիրութիւններ են, որքան հպարտ պիտի զգանք որպէս համայնք, որպէս ժողովուրդ, որ դեռ այսպիսի մտաւորական ունենք, չէ՞ որ բոլորը գնացին եւ մի ժամանակ մտաւորականների այս հարուստ գաղութն այժմ դատարկուած է: Իսկ գաղութի պէտքն էլ չէ, որ արժէքաւոր այս մտաւորականի իմացութիւնը օգտագործեն, շահագործման մէջ դնեն նրա գիտելիքները, գաղութի հարստութիւնը դարձնեն, հնարաւորութիւն ստեղծեն նրան նոր սերունդին փոխանցելու իր ծով իմացութիւնը: Փոխարէնը՝ անուշադրութեան մատնած ապրում են ու դատարկաձեռն սպասում, որ մշակոյթը զարգանայ: Առանց բարձրագոյն դասաւանդութեան եւ լիարժէք մասնագէտների, ինպէ՞ս է զարգանալու արեւմտահայութեան թափառական մշակոյթը, օրէօր իր հարուստ բառապաշարից սնանկացող, իր պատկերաւոր արտայայտութիւններից ու հնչիւններից տկարացող լեզուն:
Երեք տարուց 100 տարին է լրանալու աշխարհով մէկ սփռուած սփիւռքահայութեան գոյութեան եւ մենք դեռ անհոգ թափառում ենք սպառելով ե՛ւ մեր ազգայինը, ե՛ւ նրան պատկանող բոլոր միջոցները: Դեռ կազմակերպութիւնները՝ Թեքէեանը, ՀԲԸՄը, պատնէշներ են ստեղծում, արհամարում Համազգայինի կողմից կազմակերպուած ձեռնարկները, գոնէ իմ ձեռնարկներից ոչ մէկին դեռ ներկայ չեն եղել նրանք, կարծես թշնամի արուեստագէտ է ելոյթ ունեցողը: Նրանց հոգը չէ, որ իրենց կողմ յարող ժողովրդին զրկում են մտաւոր սնունդից: Ժողովրդին նայում են, իբրեւ սեփականութիւն եւ ժողովուրդն էլ ինքնակամ ընդունում է իր այդ վիճակը: Դարը աւարտելու ենք այս ամօթալի, սփիւռքը վերջնականապէս քայքայող մտածելակերպ-գործելակերպով, ոտնատակ տալով մեր մշակոյթն ու լեզուն, մեր ապագայ սերունդի ճակատագիրը:
Մի քանի ժամից մենք մեկնելու ենք, ով գիտէ ե՞րբ կրկին հանդիպենք, յատկապէս իմ ծանր քննադատութիւններից յետոյ կը հանդիպե՞նք արդեօք. . .
Իմ այցելած այս գաղութների անորոշ ապագայով, գոյատեւման եւ հայապահպանման լուծի տակ կքած նրանց վիճակով ծանրաբեռ, անծրագիր եւաննպատակակէտ ժողովրդին առաջնորդող կուսակցութիւնների աշխատանքով մտահոգ, մեր պահանջատիրութեան հանդէպ ոչ նպատակասլաց, անբոյթ, անկազմակերպ վերաբերմունքի, եւ մեր առջեւ իբրեւ սփիւռք ամէն վայրկեան ծառացող քաղաքական դժուարութիւնների մտածումներով լեցուած, ես հրաժեշտ եմ տալիս այս սիրելի գաղութին, որի հիմքը դրել է նոյն ինքը՝ Տիգրան Մեծը: Բնականաբար Տիգրան Մեծի կերպարը ես շաղախելու եմ նաեւ այս ամէնով:
Ես հրաժեշտ եմ տալիս Լիբանանի Համազգայինի Կեդրոնական եւ Շրջանային վարչութիւնների անդամներին, որոնք սիրով հիւրընկալեցին մեզ, մաղթում եմ, որ շտապեն հասունացնել ժո- ղովրդին ազգային պահանջների հանդէպ, որ աղճատուած ժողովրդի ձայնը հաւաքական դարձնեն եւ ամենակարեւորը՝ այն որպէս անյապաղ պահանջ ներկայացնեն մեր կառավարութեան:
Կէս գիշեր է, կրկին Պէյրութի օդակայանում ենք, այս անգամ արդէն ետ չվերադառնալու:
(Շար. 5)
ՄԱՐԻ ՌՈԶ ԱՊՈՒՍԷՖԵԱՆ