Խաչաձեւ ասեղնակար հպումներ կտորին ու … Արփի Աւդալեանի համբերատար եւ տեւական աշխատանքի արդիւնքը՝ հրաշք ստեղծագործութիւններ, ծնուած նրա մտքի սահմաններ չունեցող պըրպըտումներից,
հոգեւորի, վեհի, գեղեցիկի լուռ խնկարկում, ուր յիշողութեան ու կարօտի նրբաթելերը հասել են մինչ վաղամեռիկ հօր՝ Աշոտ Աւդալեանի պոէտական աշխարհը ու այսօր ներկայանում են մի նոր արեան դաշն կնքած՝ ստեղծագործական փշաքաղող ծաղկումներով:
Ուրեմն բացէք, բացէք սիրտը ձեր, հրաշք եմ, հեղեղ,
Որ պիտի թափուեմ, թափուեմ, նորանամ ու երկրպագեմ,
Եւ եթէ ունէք կորուստներ անթիւ, անմեղ կորուստներ,
Ինձ մի մոռացէք, յարութիւն կը տամ, կը նուիրեմ ձեզ:
Անյիշելի նախապապերի ոտնահետքերն է պեղում Արփին ու ինքն էլ «բանից անտեղեակ» ներհակ գունաւոր թելերի ասքին՝ ժամանակների միջից մի նոր մանրանկարային անուշաբոյր է մատուցում, իր ծաղկած ասեղնակարով, ուր առկայ են հին եգիպտական սիմվոլիկային յատուկ եւ արմենական նախահիմքեր կրող խորհրդանշաններ, որ իրենց հարթութեան, չափ ու ձեւերի մէջ ծաւալային են ու շօշափելի…
Եւ ինչպէս հայրն էր գրել.
Գողթան գաւառից մինչ Նարեկայ վանք
Նարեկայ վանքից՝ մին-չեւ արեգակ:
Արփիի բացառիկութիւնը նրանում է, որ նրա ամէն մի գործը ստեղծւում է միանգամից, անկախ նախշազարդի սխեմատիկ բարդ կառուցուացքից կտորի վրայ չի արւում եւ ոչ մի նախնական էսքիզ կամ գծանկար, փոխարէնը՝ օրուայ մէջ տասից տասներեք ժամ մանրակրկիտ ու անխոնջ աշխատանք, որպէսզի եւ մտապատկերում ուրուագծուած պատկերները ամրանան եւ ոգեւորութեան զգացումն ու թեմատիկ լիցքերը չհեռանան:
Կարմիր ամպերի կարմիր փեշերին
ուր ձիաւոր է մարմինն իմ հօր,
ուր ձեռնոցներ է հագնում Կիրակին,
որ արեան մասին ոչինչ չյիշի.
խմբուած են տխուր, մերկ ուրուականներ՝
շարքերով, խմբով, գերդաստաններով,
եւ ում կանչում են, հարցնում են տէ՞ր ես
մեր երկրին, հողին ու մենաւորին:
Այսօր, ստեղծագործական իր աշխարհը ստեղծած Արփիին աւելի շօշափելի ու հասկանալի, առաւել ընկալելի են հօր բանաստեղծութիւնները, այն պոետիկ, լուսաւոր շրջանակը, որի ենթաշերտերից ներս է թափանցել նա: Տարիների անցեալից այսօր այլ խոհականութեամբ ընկալելով բանաստեղծ ծնողի մտքերը, որոնք ինչպէս ինքը՝ Արփին է ասում՝ տանում են նրան մի նոր աշխարհ, ապրում ու հնչում են իր ենթագիտակցութեան մէջ եւ նմանւում մի երազի, ուր տիեզերական անսահմանութեան մէջ թափառող հարազատ երկու լոյս վերագտել են միմեանց ու այսօր` ի յայտ են գալիս մի նոր ճանապարհով, նոր ասելիքով, ուր զգայական աշխարհի էականութիւնը դառնում է տեսանելի ու շօշափելի…
Եւ երեկոն այնպէս հալուեց,
Որ ափերիս մէջ գունատուեց շօշափելին,
Ու երկնքի զուլալ ափով
վազեց քամին՝
տագնապահար, տեսանելի
ու տիրական:
Մասնագիտութեամբ դիզայներ - մոդելավորող Արփի Աւդալեանի համար խաչկար ասեղնագործութիւնը ստեղծագործական նոր ասելիք ունի. նրբաթել ասեղնակարը իր նախշազարդային հիւսուածքով ու գունակոլորիտով մօտենում է գորգագործութեանը, տարածութեան մէջ թողնելով նման ընկալում դիտողի կողմից: Իր առաջին ցուցահանդէսի բոլոր տասնվեց ցուցանմուշներն էլ անվերնագիր են, անուանումների փոխարէն՝ Արփիի հօր՝ Աշոտ Աւդալեանի բանաստեղծութիւններն են, որ սահում են շնորհալի դստեր ասեղնագործ «էջերից» դէպի պոէզիայի աշխարհը, ստեղծելով մի լուռ ու ձայնեղ համանուագ:
- Մէկ այլ հոգեվիճակի մէջ եմ զգում ինձ աշխատելիս, կարեւորը, որ ոգեւորութեան լիցքերս հարուստ լինեն ու կը ծնուի մի նոր ստեղծագործութիւն, ուր անպայման սէր կայ, ես զգում եմ այն աշխատելիս ու փորձում եմ հնարաւորինս փոխանցել այն ասեղնակարին, միշտ մտածելով ինչքան բարի ու լուսաւոր զգացումներ կարող եմ տալ ամէն մի ասեղը կտորին անցկացնելիս, որպէսզի այն գեղեցիկի զգացողութիւնն ու լիցքը կարողանայ տալ դիտողին, - ասում է երիտասարդ ստեղծագործողը, ում նշխարհանման ստեղծագործութիւնները իրօք օժտուած են էներգետիկ լիցքերով, փշաքաղող զգացողութեամբ, որ կարծես ամէն մի ստեղծագործութեան դիտումից յետոյ նոր մի բանալի է դէպի յաջորդը… Ժողովրդական արուեստի նոր ու ասելիքով լեցուն ներկայացուցչի՝ Երեւանի Հ. Շարամբէյեանի անուան ստեղծագործական կենտրոնում բացուած այս ցուցահանդէսում ներկայացուած ասեղնակար գրքաշապիկները Արփիի նորարարութիւնն են, որոնք ծնել են մի նոր մտայղացում՝ ասեղնագործել Սուրբ Աւետարանի գրքակալ շապիկներ, շօշափելի ու հաճելի հպումներ՝ աղօթագիրքը ձեռքն առնելիս, նաեւ՝ գեղազարդ ու ապահով պատեան Սուրբ գրքերի համար…
Օր արթնացման՝
ծաղիկների հովանաւոր,
որ մատներիդ կրում ես յոյս
ու աչքերիդ զարդանկար
ու թեւերիդ վրա լոյսն է հանդիսական,
եւ մատներդ յիշողութեան տունն են մտնում
որ արթնացման երգ յօրինեն ……
Աւդալեանի ասեղնակարի իւրայատկութիւններից մէկն էլ այն է, որ երբեմն ստեղծագործութեան ամբողջական, կուռ կառուց-ւածքը, գորգային, խաչքարային նրբահիւս տարրերի իմաստաւորուած հիւսքենը այնքան աւարտուն է, կարծես այլեւս վերջ՝ պէտք է, որ ստեղծագործողի մտքի թռիչքը ծնրադիր լինի նրա կատարելութեան առաջ, բայց սա մի պահ է ընդամէնը, քանի որ յաջորդ ձեռագործ մարգարիտը հայեացքդ կանչում է դէպի իրեն…
Շարժում, խաղ, ջերմութիւն, գունային համադաշնութիւն ու մի նոր թռիչք, սա է Արփի Աւդալեանի ստեղծագործական ճանապարհը, ստեղծագործողի նրա դրոշմը՝ անիմանալին վերծանելու խորհըրդին ականջալուր՝ նորի բացայայտում ու նոր ասելիք…
(Յօդուածում բանաստեղծութիւններից մէջբերուած հատուածները պատկանում են Արփի Աւդալեանի վաղամեռիկ հօրը՝ Աշոտ Աւդալեանին)
Արմինէ Մելիք – Իսրայէլեան
արուեստաբան
Յատուկ՝ «Ազատ Օր»- ին համար Երեւան, - Աթէնք