Մենք նոր տուն տեղափոխուեցինք: Մեր առաջին հանդիպումը, որ եղաւ շարուեշարան մրջիւնների հետ էր: Ես շատ լաւատեսօրէն մտածեցի, որ մրջիւն է, էլի, լաւ կը մաքրենք, կը սրբենք, կը սատկացնենք, էլ դուրս չեն գայ:
Սակայն չարաչար սխալւում էի, ամէն օր մի քանի տեղից դուրս էին գալիս շարան-շարան ինչպէս զինուորներ: Երբ արդէն սկսեցի անհանգստանալ,թէ ինչ անենք, որ դուրս չգան, դեղ գնեցի սրսկեցի, էլ փչեցի, ինչ որ հնարաւոր էր արեցի, ճար ու հնար չեղաւ: Նրանք նոր ծակեր էին գտնում այդտեղից դուրս գալիս:
Քիչ-քիչ հաշտուեցի նրանց ներկայութեանը, բայց, երբ արդէն յայտնուեցին սնունդի մօտ, այդ արդէն տանելու բան չէր: Դեղը փչելուց յետոյ, անցնում էր մէկ ժամ, կամ մէկ օր նոյնիսկ, նորից յայտնւում էին: Սկսեցի հետեւել:
Ու ինչ յայտնաբերեցի, որ մրջիւնները լսում են իրար, եթէ մէկը փորձանքի է ենթարկւում,այսպէս ասած, միւսները արդէն այդ ճանապարհով չեն գնում, փոխում են իրենց ուղղութիւնը: Փորձեցի ջրով լուանալ, օգուտ չտուեց, մի քանիսը «յայտնեցին կեդրոն» աւելի առատօրէն ու կազմակերպուած ելան մակերես:
Դէ քանի որ ջրհեղեղից չվախեցան, մտածեցի դրա հակառակը հրդեհն է փորձեմ:
Վառեցի մի թուղթ մեծ, երկար շարանի վրայ պահելով` այրեցի այն մակերեսը, որը մետաղեայ էր, սրանք շատ խիստ վախեցան յայտնեցին իրենց զինուորներին, որ այստեղ հրդեհ է, վտանգ կայ, չգաք- չերեւաք: Այդ օրը մի քանի ժամ չերեւացին, յետոյ տեղերը փոխեցին, երեւի հրաման ստացան «տակտիկան» փոխել: Յաջորդ անգամներին նորից ուրիշ տեղերից շարժուեցին, նոր դիրքեր գրաւեցին: Ճարահատեալ հաշտուեցի որոշ չափով իրենց ներկայութեանը երբ գործ էի անում խոհանոցում, ժամանակ առ ժամանակ մարմնիս տարբեր մասերից բռնում, տրորում ու սատկացնում էի: Յետոյ արդէն, երբ մեր մրջիւն-զինուորները չկային` ես դիվոտի պէս վեր էի թռչում ու խփում թեւերիս:
Այսինքն ես վախեցել էի:
Այստեղ յիշեցի այն առակը, որ մրջիւնը փղին յաղթում է, մտնելով փղի ականջը, նրան այն օրն է գցում, որ շունը ձեռից հաց չի առնում:
Ահա, թէ ինչ կարող է անել միասնական ուժը, իրար լսելը, իրար մասին մտածելը կարգ ու կանոնը: Ես մէկ էլ մրջիւններին նմանեցնում եմ չինացիներին. թող ինձ ներեն այդ մեծաքանակ ազգի ներկայացուցիչները, որովհետեւ իրենք էլ մրջիւնների նման աշխատասէր են մրջիւնների նման իրար լսել գիտեն կարգ ու կանոն են սիրում: Տեսնում էի նաեւ մրջիւնների շարանի մէջ մի քանի համարձակները ինչպէս են տեղափոխում ինչ- որ սննդի մասնիկներ` իրենցից տասն անգամ աւելի մեծ:
Մի խօսքով ես մենակ ժամանակ խոհանոցում գործ անելիս մի լաւ ուսումնասիրեցի մրջնաշարասիւնը, մի բոլ սատկացրի, բայց նրանք անընկճելի էին:
Նոր սերունդը գալիս է, փոխարինելու զոհուածներին աւելի աշխոյժ կատարում է իրենց յանձնարարութիւնը:
Այսպիսով, մեր մրջիւնները յարգանքի արժանի մրջիւններ դուրս եկան, ամէն կերպ աշխատում են չպարտուել, ինչ արած, ակամայից լուրջ սկսեցի մտածել իրենց մասին: Դեղը փչելուց յետոյ մրջիւններին շատ խղճալով էի հաւաքում-թափում, այնպէս, որ ասում են. «մի մրջիւն անգամ չի տրորել, շատ խղճով մարդ է», դա քիչ հաւանական է: Ինչ անես, երբ քեզ խանգարում են, լցւում են ուտելիքների մէջ, բարձրանում են թեւերիդ, ուսերիդ անհանգստացնում են քեզ, ստիպուած միջոցներ ես ձեռնարկում ինչպէս չսատկացնես:
Ուրեմն այսպէս, ամէն օր ծրագրաւորուած կատարում եմ մրջնասպանութիւնը նոր շարունակում իմ առօրեայ գործերը: Իսկ ամենակարեւորն այն է, որ չկայ դրանց դէմն առնելու հնարը, ճարը, դեղը, քանի որ, այդ նոյն դեղը փչելուց նրանք «իմունիտետ» են ձեռք բերում յայտնւում են ամենաթունաւոր դեղից յետոյ էլ:
Դե՜հ ես էլ մտածում եմ աւելի լաւ է դրանցով էլ չզբացուեմ, այլ աւելի օգտակար գործ անեմ, այսինքն գրեմ իրենց մասին:
Շարասիւնը նոյն յամառութեամբ շարունակում է իր երթը, այդ է պատճառը, որ պատմութիւնը ընդհանրապէս աւարտ չունեցաւ, այլ շարունակուելու է մրջիւնների շարանի նման:
Տառերն էլ,եթէ սիրուն շարում ես իրար ետեւից, կարծես աշխատասէր մրջիւններ լինեն, միայն մի տարբերութեամբ, որ իրենց ետեւից իմաստ ու բովանդակութիւն են թողնում, ու մարդիկ շարան-շարան տառերը կարդալով՝ շատ ու շատ բան են հասկանում, որ կեանքը շարունակական է, ու այդ շարժումը դադար չունի հները գնում են, նորերը գալիս են, միայն ափսոս՝ մարդիկ մրջիւնների նման իրար լսել չգիտեն:
Այսպէս ես կապուեցի ու սիրեցի մեր «անդաստիարակ» մրջիւններին:
Ա. Բաբայեան
17-8-2011թ. Ք.Աթէնք
Նուիրում եմ թոռնիկներիս, մեծանան, կարդան ու լսեն միմեանց ու մեծերին: