Յաճախ եմ շրջագայել եւ տպաւորութիւններս թղթին յանձնել ու արժանացրել ընթերցողի բարեհաճութեանը: Բայց այս անգամ իմ ներսում փոթորկուել է կարօտը իմ նախնիների կորուսեալ հայրենիքի նկատմամբ:
Երազի եւ իրականութեան միջեւ սահմանագիծը երբեմն մի քայլ է լինում: Մեզանից ո՞վ էր պատկերացրել, թէ իրեն կը յաջողուի ոտք դնել պատմական Հայաստան, շօյել աւերուած Անիի բերդապարիսպները, ոտաբոբիկ մտնել Մայր տաճար, մոմեր վառել, «Հայր Մեր» մրմնջալ եւ աղօթել առ Աստուած, որ տուն վերադառնան գերեալ մեր քաղաքներն ու գիւղերը:
Եւ դա յաջողուեց մեզ՝ Արցախի մի խումբ մանկավարժներիս:
Ինչքան մեր միկրոավտոբուսները մօտենում էին թրքական սահմանին, այնքան յուզմունքը ալեկոծում էր մեզ: Այդ պահին մեզ հանգստացնում էր վեհանիստ Մասիսը, կարծես ասելով՝ հանգստացէք զաւակներս, դուք տուն էք գնում…
Առաջին կանգառը Կարսն էր՝ մեծն բանաստեղծ Եղիշէ Չարենցի ծննդավայրը: Բոլորս,
անկախ իրարից, «Ես իմ անուշ Հայաստանի» էինք արտասանում: Մի պահ Կարսի նեղլիկ փողոցներում իմ առջեւ ուրուագծուեց փոքրամարմին, գանգրահեր, հպարտ Չարենցն՝ ընկերուհու՝ Կարինէ Քոթանջեանի հետ թեւանցուկ քայլելիս…
Չէինք տեսնում թրքական պաստառներով գունազարդուած խանութները, այլ ցաւով մէկ դար ետ էինք նայում ու տեսնում այն տունը, այն բակն ու այգին, որտեղ խաղացել ու մեծացել է հանճարեղ բանաստեղծը:
Կանգ առանք Չարենցի «տան» դիմաց (Տէր Աստուած, չեմ ուզում այն աւերակներ անուանել): Հայկական աւանդական այդ ճոխ գերդաստանից ընդամէնը պատերն են մնացել, իսկ տանիքն ու դուռը վաղուց չկային: Իրար էինք նայում մոլոր ու շուար: Ցաւից ու վիրաւորանքից արտասւում էինք, եւ կարծես այդ Սուրբ տունը Չարենցի շիրիմն էր: (Երանի՜ թէ, Տէր Աստուած): Մթութեան մէջ ճնշող լռութիւնն ընդհատուեց մեր ուխտագնացներից մէկի` Նորա Թամրազեանի ըմբոստ ձայնով. «Բաւական է ինչքան լացել ենք, ողբացել: Բացենք Չարենցի անունը կրող գոնեակը եւ խմենք նրա յաւերժութեան կենացը»: Նոր ոգեւորութեան ալիք ստացանք Նորայի առաջարկութիւնից եւ բաժակ բարձրացրինք: Ամէն մէկը Չարենցից մի բանաստեղծութիւն էր արտասանում.
Լսու՞մ ես՝ այդտեղ իմ սիրտն է թաղած,-
Կոխոտի՛ր նրան քայլերով քո լոյս,
Օ՜, դու գալիքի գանգրահե՛ր տղայ,
Մեր լաւ գալիքի ոսկեհե՛ր մանուկ…
Մեր ոգեշունչ կոչերից ու ձայներից թուրք երեխաների ամբոխ հաւաքուեց մեր շուրջը՝ իհարկէ, չար, դաժան հայեացքներով: Թուրք երեխաները երեւի մանկուց մօր կաթից սնուել էին հայերի նկատմամբ անողոք ատելութեամբ, մեղուների պէս բզզում էին մեր շուրջը՝ մեզ համար անհասկանալի վիրաւորանքներ տեղում եւ գոչում.
-Եալլա՛, էրմանլար, բիզիմ թորփաղ դը (Կորէ՛ք, հայեր, մեր հողից):
Հայի ըմբոստ ոգին նորից դրան պատասխանեց… Ամէն մի «եալլա»-ին յաջորդում էր մի նոր բաժակաճառ՝ համեմուած բանաստեղծութիւններով, պատասխան գոչերով: Մոռացել էինք տեղի, ժամանակի եւ իրականութեան զգացումը… Սասունցի Դաւթի թրի պէս ճեղքեցինք թրքական ամբոխը եւ տիրոջ իրաւունքով շրջեցինք Կարսի այգում, անցանք Վարդանի կամրջով՝ ասես կրկին չարենցուելու եւ նրա նկատմամբ կարօտը մեղմելու զգացումով:
Թողած Կարսում գետի ափին, տունս՝ շինուած, անտաշ քարով,
Կարսը թողած, Կարսի այգին ու հայրենի երկինքը մով
Եւ Կարինէ Քոթանճեանին անգամ չասած մնաս բարով-
Անց եմ կենում հիմա օտար քաղաքների ճանապարհով:
Հայ խօսքի ուժը տիրում էր թուրքացուած քաղաքում: Այնքան հայկական էր այդ փողոցը, որ ասես աներեւոյթ մի ձեռք մի բուռ վերցրել էր մեր քաղաքից ու տեղադրել թրքական այդ քաղաքում: Մէկ օր մնացինք Կարսում, բայց դարակազմիկ տպաւորութիւն ստացանք: Մի մտահոգութիւն էր տիրում մեզ՝ կը հասցնե՞նք, արդեօք, մեր հողը, մեր բանաստեղծի տունը վերադարձնել, շէնացնել ու հայացնել: Ամենուր մեզ հսկում էին թուրք ոստիկան- ները: Թուրքի ընչաքաղցութիւնը շատ էր ակնառու. ինչքան էլ հանդէս գան սպորտային, մշակութային ասպարէզներում եւ յաղթանակներ նուաճեն, միեւնոյն է՝ նրանք վայրենի են մնացել եւ ոչ քաղաքակիրթ: Մենք աւելի համոզուեցինք եւ ատելութեամբ լցուեցինք, երբ Սուրբ Առաքելոց եկեղեցում տեսանք, թէ ինչպէս են անամօթները նամազ անում…
Շրջագայութեան մեկնարկն սկսեցինք Կարսից, այնուհետեւ յաջորդեցին Բայազետը, Իգդիրը, Վանը, Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցին, Մուշը, Էր-զրումը, Անին, Արտահանը: Ամէն քաղաքից մի մասունք վերցրինք՝ սուրբ երդման պէս մեր կրծքին սեղմելով, որ տուն կը վերադարձնենք մեր կորուսեալ հայրենիքը: Յուսադրող էր Բայազետի ճանապարհին Արարատ լերան գեղեցիկ տեսարանը հակառակ կողմից: Ուրիշ էր Վասպուրական աշխարհի հմայքը. շքեղ քաղաք է Վանը, իսկ Վանայ լիճի մասին խօսքերն աւելորդ են… Կապուտաչեայ գեղեցկուհի… Մենք պարզապէս վայելեցինք մաքրամաքուր փիրուզէ լիճը տեսնելու, լողափում հանգստանալու եւ Վանայ լճում լողալու գերագոյն հաճոյքը: Լճի ափին համտեսեցինք Վանայ տառեխը, որը լճում ապրող միակ տեսակն է:
Օրուայ բուռն տպաւորութիւններից յետոյ մեր հոգեւոր անդորրն ստացանք Աղթամար կղզում, որտեղ գտնւում է Սուրբ Խաչ եկեղեցին (10-րդ դար), որը համարւում է միջնադարեան հայ, ինչպէս նաեւ համաշխարհային, կրօնական ճարտարապետութեան գլուխգործոց: Դրսից այն պատուած է Աստուածաշընչեան թեմաներին նուիրուած հրաշալի որմնաքանդակներով, իսկ ներսի կողմից՝ գունեղ որմնաքանդակներով: Միակ եկեղեցին էր, որ կրում էր խաչը…
Խաչակնքուեցինք… Խօսում էինք Աստծոյ հետ եւ մեր սրտի մորմոքը կիսում: Իւրաքանչիւրիս շուրթերին հնչում էր «Հայր մեր»ը, բայց այն աւարտին հասցրինք եւ աղօթեցինք առ Աստուած եկեղեցու բակում. թուրք ոստիկանն ընդհատեց եւ աւելորդ համարեց եկեղեցու ներսում հաղորդակցուել Աստծոյ հետ, դեռ զգուշացրեց, որ գործում են տեսախցիկները, իսկ բարձրաձայն աղօթելը խիստ արգելւում էր (ինչպիսի անարդարութիւն…):
Արեւմտեան Հայաստանի ամպաքող հարսը Մշոյ դաշտն է:
Այս անգամ նրա ամօթխածութիւնը պարուրուած էր ճերմակափրփուր ամպերով: Կարծես չէր ուզում իր հմայքը ոչ ոքի ցոյց տալ: Այն պահում էր միայն մեզ՝ հայերիս համար: Այնուհետեւ կարծես պարահարթակ դարձաւ Արածանին կամարող Սուլուխի միջնադարեան կա-մուրջը, որտեղ նահատակուել է հայ ազգային-ազատագրական պայքարի հերոս Գէորգ Չաւուշը: Խանդավառուեցինք Չաւուշի կերպարով եւ կամրջի, վրայ պարեցինք աւանդական «Քոչարին»: Մեր ոտքի դոփիւններից սասանւում էր հողը, եւ ամէն մի դոփիւն վրէժի, ցասման ոգով էր լցուած: Մտանք Սուրբ Արածանի գետը: Ջուրը, չնայած ամառւայ տապին, սառն էր ու հաճելի: Կարծես կրկին մկրտուեցինք արեւելեան Եփրատի ափին Ամենազօրի օգնութեամբ՝ ամէն մէկս մի նուիրական երազանքով…
Արեւմտեան Հայաստանում վերջին օրն անցկացրինք Էրզրումում, շրջեցինք Մեծ Հայքի գեղատեսիլ վայրերով: Այստեղ մեր երկարատեւ հանգիստն առանք եւ թարմ ուժերով ուղղեւորուեցինք դէպի Բաթում, Սեւ ծով… Դա իրականացաւ բարերար Էդուարդ Վերդեանի նախաձեռնութեամբ. «Անին տեսնելուց յետոյ պէտք է անպայման հանգստանալ, այն էլ` ծովափին, որպէսզի թեթեւացած հոգով տուն վերադառնաք եւ այն տպաւորութիւնները, որ ստանաք մեր նախնիների հայրենիքից, կարողանաք ըստ արժանւոյն մատուցել երեխաներին…»:
Մեծ է մշակութային վայրերի դերն ու նշանակութիւնը: Ծրագիրն իր հերթին բաւականին յագեցած էր: Բաթում քաղաքին յաջորդեց Թիֆլիսին: Սայաթ-Նովայի գերեզմանը տեսնելու համար այցելեցինք Սուրբ Գէորգ եկեղեցի: Դրա տրամաբանական շարունակութիւնը եղաւ Սուրբ Էջմիածին եկեղեցին: Ամէն մի եկեղեցի նոր յուշեր, նոր զգացողութիւններ էր արթնացնում ուխ- տագնացներիս մէջ: Նոր ապրումներ… Տարօրինակ զգացումներ… Հաճելի պահեր…, որոնք անջնջելի կը մնան մեր յիշողութեան մէջ: Այս ուխտագնացութիւնը՝ «Արցախ-Սիւնիք-Վրաստան-Արեւմտեան Հայաստան», անկրկնելի բաց դաս էր բաց երկնքի տակ, որը ճանաչողական եւ դաստիարակչական մեծ նշանակութիւն ունի, եւ այն կէտ առ կէտ պէտք է ըստ արժանւոյն մատուցենք աշակերտներին: Դա է մեր գերագոյն նպատակը:
Տպաւորութիւնները, որ ես ստացել եմ, անկրկնելի են ու անբաժան: Դրանք լուսանկարների, ձայնասկաւառակների տեսքով զետեղել եմ իմ յուշալպոմում եւ նոր եռանդով ու լիցքով, նոր ուսումնականում պատրաստ եմ երեխաների հետ կիսելու, ցուցադրելու եւ հայրենասիրութեան նոր կրակ վառելու:
Ուզում եմ իմ երախտագիտութեան խօսքը յղել ուխտագնացութեան հովանաւորներին եւ բոլոր նրանց, ովքեր աջակցել են իրականութիւն դարձնել մեր վաղեմի երազանքը:
Անահիտ Մեսրոպեանը Ստեփանակերտի Ա. Ղուլեանի անուան հ.2 հիմն. դպրոցի հայոց լեզուի եւ գրականութեան ուսուցչուհի է: Ան անցեալ տարի Աթէնք այցելած էր Արցախի փոքրիկներուն հետ)
Անահիտ Մեսրոպեան