(Ճամբորդական Յուշագրութեան Էջերից)
Հանճարեղ արուեստագիտուհի Մարի Ռոզ Ապուսէֆեան ներկայացումներու շարք մը իրագործած է Պէյրութի, Տուպայի, Կիպրոսի եւ Հայաստանի մէջ: Ազգային եւ գաղութային հարցերու վերաբերեալ իր սուր ընկալումը եւ խորին մտահոգութիւնը արտայայտուած է հետեւեալ յօդուածաշարքին մէջ, որ կը հրատարակենք շարունակական մասերով, իւրաքանչիւր Ուրբաթ օր: (Այսօր Գ. մասը)
----------------------------------------------
Հիւրանոցի վերելակում հանդիպում եմ մի տխուր երիտասարդուհու: Դէմից հասկանում եմ, որ հայ է: Բարեւում եմ, խօսում, պարզւում է Հոմսից է: Ամբողջ ընտանիքը ցիր ու ցան է եղել՝ ինքը Պէյրութում, եղբօր մէկը՝ Պէյրութի ինչ որ ազգականի տանը, միւս քոյրը՝ Քանատայում, փոքր եղբայրը՝ Յորդանանում, մէկ այլ ազգականի մօտ: Իր մեծագոյն մտահոգութիւնը սակայն հայրն ու մայրն են, որոնց թողել է հարեւանների տանը՝ ամէն վայրկեան անակնկալ յարձակումների տակ եւ ինքը եկել է իրենց կարողութեան յարմար տեղ որոնելու, որ ընտանիքին հաւաքի մի յարկի տակ, մինչեւ իրավիճակի խաղաղուելը:
Պէյրութում հայ ընտանիքներից շատերն են ապրում Հալէպի ընդհարումներից եւ շրջակայ քաղաքներից փախած իրենց ազգականների ծանրաբեռնուածութեամբ: Չէ՞ որ իրենք լաւ գիտեն, անհաշիւ տարիներ են ապրել պատերազմի սարսափում եւ հիմա ձեռք են մեկնում, թիկունք են կանգնում իրենց հարազատներին:
Հիանում եմ այս գաղութի զսպուածութեամբ, առանց ցուցադրութեան, առանց աղմուկի հոգում են իրենց կարիքները եւ դեռ օգտակար լինում յարակից շրջաններին, մինչեւ իսկ՝ հայրենիքին:
Ինձ համար միշտ էլ հաճելի է աշխատել տեղի Համազգայինի, յատկապէս Համազգայինի Կեդրոնական վարչութեան գործավար Արին Գալուստեանի հետ: Ճշդապահ եւ արագ գործող, երիտասարդ, երկու հիասքանչ շնորհալի երեխաների մայր, հակառակ իր վրայ կուտակուած անսպառ պարտականութիւններին, չգիտեմ ինչպէս, բայց հասցնում է անվերջ իր ուշադրութեան ծիրի մէջ պահել մեզ, անվերջ մեր կարիքները հոգալ: Մարտիկ Տեմիրճեանը, ծով հիւմըրով ու երկար տարիների փորձառութեամբ, առողջական իր թոյլ վիճակին եւ երիտասարդ քոյր կորցրած սգացող սրտով, կրկին աշխատում է գոհացնել մեզ: Յակոբ Լատոյեանը՝ բարեսիրտ ու պատրաստակամ:
Հներից շատերի հետ մտերմիկ ջերմութիւն ունենք, Սեդայի, Սիլվիայի, պրն. Մելքոն Յակոբեանի, պրն. Յակոբ Կիւլոյեանի, պրն. Գառնիկ Մկրտիչեանի, տակաւին հայ համայնքին մտաւորականի իր պարտականութիւնը բերող, վաստակաշատ արձակագիր Շահանդուխտի, գաղութը զարդարող Սեդա Կանաչեանի, պրն. Զաւէն Պոյաճեանի, իր կնոջ՝ Սօսիի, խոստումնալից արձակագիր Նորա Բարսեղեանի, Սագօ Արմէնեանի, պրն. Փափազեանի, պրն. Եափուճեանի, պրն. Ս. Կիրակոսեանի եւ յարգարժան շատ այլոց հետ: Շատերին դէմքով գիտենք, բայց ամէնքն իրենց լաւագոյնն են ներդնում մեր օրէօր հալուող, օտարացող մշակոյթը փրկելու:
Սակայն այն միջոցները, որով ժողովրդի միտքն են կռում, թոյլ է, հնացած, աշխարհի նոր ըմբռնումներին գոհացում չբերող: Աշխարհն այսօր բացայայտ անօրէն ուժով է գործում, իր պահանջները խլում եւ ոչ թէ սպասում է մէկ ուրիշից: Այնինչ մեր ողջ աշխատանքը դրուած է զգացումների վրայ եւ դրանով ուզում ենք մեր երազներին հասնել:
Երազելու դարն աւարտուել է, յատկապէս՝ մեր նման կորուստ տուած ազգերի համար: Կայ հիմնական նպատակ եւ ամէն գնով այդ նպատակին հասնելու ոչ թէ ձգտում, այլ՝ միահամուռ աշխատանք, առանց հանգստի պայքար:
Պայքար ոչ միայն լեզուն պահպանելու, այլ՝ այդ լեզուն զարգացնելու, իր հողի վրայ ապրեցնելու: Մեր սերունդների օտարացող ողնածուծը լեցնելու, նրանց միտքը զարգացնելու, բարձր ու իմաստալից նիւթերով նրանց կրթելու:
Հայաստանում իմ այս պահանջին մի շատ ազգասէր կին պատասխանում է, որ ինքը վերջերս լինելով Թուրքիայում, մեր խլուած հողերում, բոլորովին յուսահատուել է՝ տեսնելով այդ երկրի հզօրութիւնը, յատկապէս՝ մեր հողերի վրայ նրանց վերջնական հաստատումը: Ամբողջովին յոյսը կորցրած՝ խորհուրդ է տալիս, որ հրաժարուենք այլեւս այդ մտքից: Իսկ ես իրեն պատասխանում եմ. «Եթէ մենք այդպէս մօտենայինք հարցերին, ո՛չ Սարդարապատ կÿունենայինք, ո՛չ էլ Արցախ, չէ՞ որ միշտ էլ մեր թշնամին ուժեղ է եղել, իսկ մենք միշտ՝ թոյլ ու արիւնաքամ»:
Բայց այս մասին աւելի յետոյ, իսկ հիմա. . .
Մեկնում եմ Տուպայ. . .
Առաջին անգամ եմ լինում այս քաղաքում, նորօրեայ հեքիաթներ հիւսուող արաբական անապատի արհեստական այս երկրում:
Ինձ համար մինչեւ իսկ անակնկալ էր տեղի Համազգայինի հրաւէրը, երբեք չէի մտածի, որ արդէն կազմակերպուած հաստատութիւններ ունենք այստեղ, թէեւ հայի թափառել սիրող էութիւնը իմանալով՝ պիտի որ անակնկալ չլինէր: Հարցը ժամանակի արագութեան մէջ էր, թէ ինչպէ՞ս կարճ ժամանակում այդքան արագ ձեւաւորուեց հայ գաղութը, անապատում բուսած եւ աշխարհի ուշադրութիւնը իր վրայ կեդրոնացրած այս ծաղկող երկրում:
Եօթ էմիրութիւններից՝ Տուպայ, Ֆուճարայ, Ռասս ալ Խայիմա, Շարժա, Ումմ ալ Քուէյն, Ապու Տապի, Աժման, կազմուած այս նորաձեւ երկիրը, մայրաքաղաք Ապու Տապիով, դէպի իրեն է ձգում ոչ միայն հազարաւոր զբօսաշրջիկների, այլ հիմնականում՝ գործաւորների, մասնագէտներից սկսած մինչեւ հասարակ ծառայողները՝ ծառ ու խոտ կտրողները:
Ի տարբերութիւն այլ երկրների, այս երկիրը իր ուրոյն, ինքնատիպ խստագոյն օրէնքն ու կարգ-կանոնը ունի՝ միմիայն իր երկրի ու ժողովրդի շահերին ծառայող, եւ ոչ մէկը չի կարող ամենափոքրիկ զեղծարարութիւն անգամ մտքով անցկացնի, ուր մնաց, որ գործի:
Երկրի օրէնքն այնպէս է, որ որքան էլ աշխատես, դրամ վաստակես, անուն ձեռք բերես, միեւնոյն է՝ երկրի քաղաքացու իրաւասութիւններից չես կարող օգտուել, չես կարող մնայուն բնակութիւն հաստատել, քաղաքացիութիւն ձեռք բերել, անշարժ գոյքի ու հողի տէր դառնալ: Բայց կարող ես այնտեղ գնալ առատ դրամ ծախսելու, դրամիդ համաձայն վայելելու աշխարհի բարիքները կամ էլ ստրուկի նման աշխատելու, երրորդ կարգի քաղաքացու իրաւասութեամբ ծառայելու տեղացիներին եւ կրկին ետ դառնալու քո երկիր: Ընտրութիւնը քոնն է:
Դրամ աշխատելու հրամայականը, կեանքի ապրուստի, գոյատեւման պարտադրանքը հայերից շատերին էլ բերել է այստեղ, հաշտեցրել նոյնիսկ կլիմայական դաժան պայմաններին՝ աներեւակայելի խոնաւ տօթ, յաճախակի էլ անապատային փոշախառն մրրիկ, որը դժուար շնչելուց զատ, նաեւ վնասակար է թոքերին:
Տուպայից մի քանի մղոն այն կողմ Շարժան է, մէկ այլ քաղաք, ուր կառավարութեան նուիրաբերած հողի վրայ եկեղեցի, դպրոց, սրահ են կառուցել հայերը, կոկիկ, գեղեցիկ մի կեդրոն, ուր եւ հաւաքւում է գաղութահայութիւնը:
Գաղութահայութեան թիւը, չհաշ-ւած Ապու Տապի քաղաքը, մօտ 500 է: Հիմնականում երիտասարդութիւն է, երիտասարդ ընտանիքներ, շատերը հէնց այնտեղ՝ Տուպայում իրար հանդիպած, կամ էլ միայնակ երիտասարդներ՝ Լիբանանից, Հալէպից, Այնճարից, Քեսապից, Հայաստանից եկած:
Նոր աճող գաղութ է, կազմակերպութիւններում ընդգրկուածները բոլորն էլ երիտասարդ են՝ արագ մտածող ու գործող, առայժմ հայկական բուռն ոգով լեցուած, աշխատանքի ծանրութիւնից չխուսափող:
Արդէն Ամերիկայում, ներկայացման վերաբերող հարցերին, իրենց նամակագրութիւնների արագ պատասխաններից զգում էի կազմակեպուածութիւն ու աշխատելու ցանկութիւն: Բայց դա ես վերագրում էի իրենց հանգիստ վիճակին՝ ենթադրելով, որ այնտեղ կեանքն աւելի հեշտ է եւ Արեւմուտքի մարդ քայքայող ճնշումից՝ սթրէսից, ազատագրուած են ապրում, բնականաբար կարող են իրենց ազատ ժամերը ազգային գործունէութեան տրամադրելու: Այս հարցում էլ չարաչար սխալուած էի, երբ ականատես եղայ նրանց իսկապէս ստրկային առօրեային:
Կարգ ու կանոնով, ամէն տեղ չափած-ձեւած գեղեցկութեամբ շնչող այս քաղաքը մի անվերջանալի շքեղ շուկայ է՝ տարբեր բարձրութեան, ճարտարապետութեան վերջին նորամտութեամբ կառուցուած, որից դուրս եռացող տաք շնչահեղձ օդն է, մզկիթների վաղորդեան ազանով լեցուած:
Եւ բնականաբար արեւմտահայ ընտանիքներից, սփիւռքի հայ միութիւններում հասակ առած այս երիտասարդները իրենց առօրեան դեռ ուզում են հայաշունչ պահել, իրենց զաւակներին գոնէ հայ լեզուն փոխանցել: Նրանցից իւրաքանչիւրը ազատ մի քանի լեզուների են տիրապետում, բայց ուզում են իրենց զաւակները անպայման հայախօս մեծանան: Որքանո՞վ կը յաջող-ւեն, ապագան ցոյց կը տայ, իսկ ապագան պարզ է՝ բոլոր միւս գաղութների կրկնութիւնն է լինելու: Տասնեակ տարի յետոյ, գաղութի աճի եւ տարածման հետ, ինչպէս ամէնուրեք, այս երիտասարդներն էլ վարժուելու են իրենց այս նոր միջավայրին, աշխատատեղի ընկեր-ընկերուհիների օտարութիւնը դառնալու է իրենց սովորական առօրեան, օտար ամուսնութիւնները աճելու են եւ աստիճանաբար իրենց մէջ ազգայինը տեղատուութիւն է ապրելու, ինչպէս՝ ամէնուրեք: Բայց այսօր անչափ գնահատելի է իրենց ազգային կեցուածքը, իրենց ներդրած ազգային աշխատանքը:
Համազգայինի այդ մասնաճիւղը կրում է Մուշեղ Իշխանի անունը: Որքան պիտի ուրախանար մեր այդ համեստագոյն ուսուցիչն ու գրողը, երբ տեսնէր, որ իր անունը սիրով պահում են մինչեւ իսկ այս անապատային քաղաքում, որը երիտասարդներով է լեցուած, որոնք իրենց կոտորում են համայնքին հայ պահելու, հայ մշակոյթը տարածելու համար:
Ու ես մտածում եմ՝ ժամանակին, դժոխային դժուարութիւններով, անապատներից մեր ազգային դիմագիծը, մեր գիրն ու գրականութիւնը փրկածների ծոռները հիմա անապատներում հայի նոր դիմագիծ են ստեղծում:
Շաբաթօրեայ դպրոցը, սրահը, եկեղեցու գրասենեակները եւ միջոցառումների խոհանոցը, բոլորը նոյն շէնքում են տեղաւորուած: Կոկիկ, մաքուր, գեղեցիկ ու խնամուած: Այս երկրում չես կարող թափթփուածութիւն թոյլ տալ: Եկեղեցին փոքրիկ ու կոկիկ է, առանձնանալու եւ աղօթելու տրամադրող: Ամէն ինչ ճաշակի եւ հոգածութեան մէջ է:
Համազգայինի ատենապետուհին՝ Սեդա Մանգասարեանը, երիտասարդ հալէպահայ կին է, հանգիստ, կիրթ, եռանդուն, անձնական դժուարութիւնները իր գեղեցիկ ժպտի մէջ թաքցրած: Ամուսինը Քանատայում է, ինքը երեխայի՝ 6 տարեկան Դրոյի հետ ապրում է Տուպայում, բայց իր գործը եւ ազգային աշխատանքը Շարժա է: Թէեւ ինքնաշարժով ոչ խճողուած ժամերին 10-15 վայրկեան է Տուպայից Շարժա, բայց մեր երթեւեկը տեւում է մէկուկէս ժամ: Հետեւութիւնը ձեզ եմ թողնում:
Ներկայացման նախորդ օրը՝ փորձին եւ ներկայացման օրը, այդ վեց տարեկան անուշիկ Դրոն 12 ժամ մեր հետ էր՝ ե՛ւ երթեւեկի մէջ, ե՛ւ փորձերին եւ ներկայացմանը, յոգնութիւնից գունատուած, բայց՝ կիրթ ու զուսպ: Րաֆֆին, Արինը, Յակոբը, Արմինէն, Շաքէն, բոլորն էլ այդ երթեւեկի խճողումը ճեղքելով, աշխատանքից յոգնած, բայց մեծ նուիրումով գալիս են ազգային իրենց պարտականութիւնը կատարելու՝ շաբաթօրեայ դպրոցում դասաւանդելու, երեխաներին հոգ տանելու, դպրոցի եւ ձեռնարկների համար դրամ հայթայթելու, գաղութին հայութեան շնչով պահելու: Իրապէս յարգանքի եւ հիացումի արժանի այս երիտասարդները իրենց լաւագոյնը ներդրեցին իրենց սրահի իմ ներկայացման համար ոչ այնքան յարմար բեմը յարմարաւէտ դարձնելու, հանդիսատես հաւաքելու, բարձր մակարդակով ընդունելութիւն կազմակերպելու համար:
Հանդիսատեսը առաջին անգամ էր ծանօթանում իմ արուեստին, նոյնիսկ անտեղեակ էր, թէ ի՛նչ է լինելու եւ բնականաբար յանկարծակի էր եկել, որ մէկ հոգով երեք ժամ, առանց շունչ իսկ քաշելու, գամուած հետեւել, լսել, ապրել էին իմ տուածով:
Թէեւ նիւթը անչափ ծանր է լսելը, բայց խոստովանեցին, որ չեն զգացել ժամանակի տեւողութիւնը:
Ներկայացումից յետոյ դեռ ոչ մէկը չի ուզում հեռանալ, ուզում են խօսել, իրենց զգացումները, մտածումները կիսել:
Ինչպէս ամէնուրեք, այստեղ էլ իմ ներկայացման առաքելութիւնը նոյնն է՝ մեր պահանջատիրութեան հրատապութիւնը ձայն ու օրինագիծ դարձնելը, սփիւռքի իրաւունքների ձայնը մեր կառավարութեան հասցնելը: Իմ բերած նոր հարցադրումը տակն ու վրայ է արել իրենց:
Իսկ ես աւելի եմ խորացնում իմ ասելիքը եւ աւելի շեշտակի մօտենում հարցին նրանց՝ ասելով. «Ինչպէ՞ս, ինչո՞ւ ենք թոյլ տալիս, որ անապատներ զարգացնենք, որ ստրկանանք ուրիշի երկիր հա-րըստացնելու համար: Մինչեւ ե՞րբ մեր իրաւունքները ոտնատակ տանք ու մենք իրաւազուրկ թափառենք: Չէ՞ որ սա մեր նոր սերունդն է: Մի՞թէ թողնելու ենք, որ նրանք էլ շարունակեն իրենց հայրերի թափառական կեանքը»:
Մեր կառավարութիւնը իրեն վիրաւորուած չի՞ զգում, որ իր նոր սերունդը օտարի անապատը գերադասում է անկախացած հայրենի հողից: Ամօթ չի՞ զգում, որ իր իշխանութեան օրօք իր երկիրը դատարկւում է հայութիւնից, փոխանակ հակառակը պատահելու: Որ իր քաղաքացիներից շատերը գալիս են այս քաղաք մինչեւ իսկ անբարոյականութեամբ դրամ վաստակելու, հայրենի հողում ապրող իրենց ընտանիքները պահելու:
Ժամանակին, խորհրդային իշխանութիւնը դատապարտում, մինչեւ իսկ դաւաճան անունով էր կնքում սակաւ արտագաղթողներին, իսկ հիմա իշխանութիւնը ինքն է ճանապարհ բացում իր ժողովրդի արտագաղթի համար: Բարձրագոյն աւարտած, մասնագիտութիւն ու կոչում ձեռք բերած երտասարդներն անգործ թափառում են սրճարաններում եւ, բնականաբար, կարիքաւորները դուրս են գալիս օտար երկրներում ամէն տեսակի աշխատանքով իրենց եւ մի քիչ էլ իրենց հարազատներին օգնելու համար: Եւ ինչո՞ւ իշխանութիւնը չխրախուսի, երբ ձրի դրամ է մտնում երկիր, որից օգտւում են ամէնից առաջ իրենք՝ իշխանութեան գլուխ կանգնած շահամոլները:
Եւ կրկին զայրոյթի նոյն ալիքն է բարձրանում իմ ներսում, 20 տարիներ կրկնուող նոյն հարցո՞վ, ո՞վ բերեց այս անկարողներին իշխանութեան գլուխ, ինչը՞ պարտադրեց մեզ գլուխ խոնարհել սրանց առաջ եւ մինչեւ օրս հանգիստ, առանց ձայն ու ծպտունի դիտում ենք մեր երկրի յօշոտումը:
Ես նայում եմ այդ վեց տարեկան յոգնած Դրոյին ու մտածում, թէ ի՞նչ պատասխան ենք տալու նրան եւ իրեն հետ այս փոքրիկ շաբաթօրեայ դպրոցը այցելող մեր հայ սերունդին, եթէ հարցնեն, թէ ինչո՞ւ իրենք հայրենիքում չեն: Բայց ո՞րն է իրենց հայրենիքը, չէ՞ որ նրանք արեւմտահայի զաւակներ են, հայրենի հողին տիրանալու հեռաւոր կարօտով ապրողների սերունդ:
Մինչեւ ե՞րբ ենք ձեւացնելու, որ ողջ հայութեան տունը միայն ներկայ փոքրիկ Հայաստանն է: Չէ՞ որ դեռ գոյութիւն ունենք մենք՝ արեւմտահայերս, մեր զաւակներով, թոռներով, մեր խլուած բոյնը վերադառնալու տենչով:
Մենք մեղաւո՞ր ենք, որ կիսուած է մեր մէջ հայրենիքը, մեղաւո՞ր ենք, որ մեր հողն ենք փնտռում ու դեռ թափառում ենք:
Ինչո՞ւ քաջութիւն ձեռք չենք բերում՝ համատեղուելով վերջնական մի ընդհանուր եզրակացութեան յանգելու, կամ՝ պետութեան օրինագիծ դարձնենք արեւմտահայութեան իրաւունքների պահանջը, կամ իսպառ հրաժարուելով մեր պահանջից՝ թաւագլոր ձուլուենք եւ մեր սերունդներին էլ ազատենք մեր անպտուղ երազներից:
Կամ ծրագրուած, մեզ ճնշող ուժերի դէմ իրենց հաւասար մակարդակի պայքար, կամ բաւարարուենք մեր փոքրիկ այսօրուայ ունեցածով եւ ապրենք՝ ինչպէս հայաստանցին է ապրում, առանց հողի գիտակցութեան ու հզօր պետութիւն դառնալու ձգտումով:
Հայաստանցիներից շատերը գալիս են այս երկրի ազատ զեխութիւնը վայելելու, յատկապէս՝ պաշտօնեայ աւազակները, նրանք տեսնու՞մ են հայ համայնքի տոկալը, ամէն գնով հայ ապրելու բզկտումը:
Չե՞ն տեսնում երկրի ու ժողովրդի շահերը հոգացող ու պաշտպանող այն օգտակար օրէնքները, որոնցմով շնչում է այս երկիրը:
Բոլորն այս երկրում գոյութիւն ունեցող արժէքները վերագրում են դրամին: Իսկ ես ուզում եմ հարցնել, եթէ մեր պետութիւնը աղքատ է, որտեղի՞ց այսքան անհաշուելի հարուստներ աճեցին, որտեղի՞ց ձեռք բերին այդ հարստութիւնը, եթէ ոչ երկրում ունեցած ժողովրդին պատկանող հարստութունների շահագործումից:
Ինչո՞ւ մի երկիր, մերկ անապատից, գնչուներից դարձան օրէնք-կանոնով աշխարհի հիացումին արժանի երկիր, ուր երկրի հարստութիւնն օգտագործւում է իր ժողովրդի բարօրութեան ու ազգային դիմագծի պահպանման համար, իսկ մենք՝ դարաւոր մեր գոյութեամբ ու աշխարհի համար դրօշակ դարձրած մեր կրթութեամբ, դեռ սողում ենք մի բուռ աւազակների ճանկերում՝ չիմանալով, թէ դէպի ուր ենք գնում:
Ահա Քեսապից ընտանիքով այստեղ տեղափոխուած մի աղջիկ՝ Արինը, գեղեցիկ, գրաւիչ, արտակարգ խելացի, մի քանի լեզուների է տիրապետում, բայց հայախօս է: Աւարտել է տեղի համալսարանը, նաւթային ճարտարապետ է եւ գործ է փնտռում: Բայց չի տրտնջում, երկրին չի հայհոյում, քանի որ սա իր երկիրը չէ, սպասելիք չունի, միայն ձգտում է, փորձում ամէնուրեք աշխարհի որ մասում էլ լինի աշխատանք գտնել: Օտարութեան վարժուած է, գիտի ինչպէս տոկայ, ինչպէս հայ մնայ: Եթէ այսքան տարի տոկացել է, ինչի՞ց պիտի վախենայ:
Բայց հետաքրքիրն այն է, որ ընտանեօք Հայաստան չեն գնացել, այլ եկել են այս օտար երկիր: Վստահ եմ Մուսալեռցի իր ծնողները դեռ հողի վերադարձի երազանք ունեն իրենց հոգու խորքում, այլապէս հայ չէին մեծացնի իրենց զաւակներին եւ նրանց մէջ չէին սրսկի հայ գաղութին օգտակար լինելու սէրը:
Մեր իշխանութիւնը երբեք չի վերլուծում, թէ ինչո՞ւ արեւմտահայը գերադասում է տանջուելով, թէկուզ մաշուելով, հայութիւն պահպանել դրսում, բայց չվերադառնալ իր երկիր: Ուրեմն հիմնաւոր պատճառ ունի, ուրեմն դեռ ձգտում ու երազանք ունի, դեռ սպասում է, իր յօշոտուած անցեալի պատմութեան բեռով գոյատեւում ու ամենակարեւորը յոյս է փայփայում:
Մենք միայն կեդրոնացած ենք ներկայ հայրենիքում տիրող անօրինութիւնների ու ժողովրդի իրաւունքների արհամարուած վիճակին, բայց չէ՞ որ որպէս կիսուած, հողային տարածքով բաժանուած, օտարութեան մէջ դեռ տոկացող ժողովրդի, պահանջներ ու հարցեր ունենք, հազարաւոր հոգածութեան անհրաժեշտ կարիքներ:
Ահա մէկ ուրիշ երիտասարդ, նոյնքան գեղեցիկ ու կիրթ Արմինէն՝ Հայաստանից: Աւարտել է համալսարանը եւ աշխատանք չգտնելով միայնակ եկել է այս քաղաքը, արաբերէն եւ անգլերէն սովորել եւ աշխատանք գտել: Երջանիկ է, որ օգնում է ծնողներին, բուռն մասնակցութիւն է բերում տեղի հայկական կեանքին: Ինքը ինքնաշարժ չունի, բայց ընկերները առանց տրտնջալու իրենց ժամերը ներդնում են նրան Շարժա բերելու համար: Նա անվերջ պատմում է Հայաստանի դժուարութիւններից: Ես նկատում եմ, որ միւսների կեանքն էլ այնքան հեշտ ու վարդագոյն չի եղել, եթէ ոչ ինչո՞ւ պիտի գային այստեղ, բայց նրանցից ոչ մէկը իրենց անցած դժուարութիւններից չեն խօսում: Սովոր են տոկալու, չէ՞ որ միշտ իրենք իրենց են հոգ տարել, ոչ թէ սպասել սեփական իշխանութիւնից: Ահա սա է օտարի տիրապետութեան տակ ապրողի եւ հայրենի երկրի ժողովրդի տարբերութիւնը՝ մէկը տրտնջում սպասում է, միւսը՝ ինքնիրեն կոտորելով հայթայթում:
Ես ոտք դրեցի այս գաղութը առանց որոշակի իմացութեան, առանց կապերի, բայց մեկնում եմ ոչ միայն գաղութահայութեան ճանաչումով, այլ նրանց հոգսերով ու ապագայով, նրանց լինելիութեան, նրանց աճող սերունդի ճակատագրով մտահոգ, հարազատի կապերով կապուած, նրանցից իւրաքանչիւրին մտապատկերիս մէջ դրոշմած:
Մեկնում եմ այն հաւատով, որ իմ տուածը ինչ որ բան կը տեղաշարժի իրենց մէջ, եւ չեն հանգստանայ իրենց արածով, այլ կը ձգտեն իրականացնել այն, ինչ չկարողացան իրականացնել իրենց հայրերը՝ իրենց իրաւունքներին տէր դառնալը: Ես հաւատում եմ արուեստի ուժին եւ իմ տուածին:
ՄԱՐԻ ՌՈԶ ԱՊՈՒՍԷՖԵԱՆ
(Շար. 3րդ)