Print
Category: Յօդուածագրութիւն

Հանճարեղ արուեստագիտուհի Մարի Ռոզ Ապուսէֆեան ներկայացումներու շարք մը իրագործած է Պէյրութի, Տուպայի, Կիպրոսի եւ Հայաստանի մէջ: Ազգային եւ գաղութային հարցերու վերաբերեալ իր սուր ընկալումը եւ խորին մտահոգութիւնը արտայայտուած է հետեւեալ յօդուածաշարքին մէջ, որ պիտի հրատարակենք  եօթ շարունակական մասերով, իւրաքանչիւր Ուրբաթ օր:

Պէյրութ, Տուպայ, Կիպրոս, Հայաստան. «Գողգոթայից» Մինչեւ «Տիգրան Մեծ»

(Ճամբորդական Յուշագրութեան Էջերից)

Իւրաքանչիւր անգամ հիւրախաղերից վերադառնալիս՝ ընկնում եմ անհանգիստ մտատանջութիւն-ապրումների մէջ, իմ ներկայացումներից դուրս ինձ հետ բերելով այդ  գաղութների հայութեան ապագային վերաբերող հազարաւոր հրատապ հարցեր:
Թէեւ արդէն երկու ամիս է անցել իմ վերադարձից, բայց ինձ պարտաւորուած եմ զգում ոչ թէ ճնշելով լռեցնել ինձ անհանգստութեան մատնած, իմ մէջ եռացող  հարցերը, այլ իմ  տեսած, զգացած, ապրածը բառերի վերածել, միասին  մտածելու, խորհրդածելու, քննարկման նիւթ դարձնելու, որ ի վերջոյ աշխատենք դուրս գալ այս համատարած լճացածութիւնից, ուր ամբողջովին ընկղմուել ենք, որն այսօր դարձրել ենք հայի կերպար, հայի ապրելակերպ, դէպի ապագայ ընթացող հայի մտածելակերպ:
Քանի որ  ընտրել եմ իմ արուեստով իմ ժողովրդի զարգացման ճանապարհը հարթել, ուստի իմ ասելիքը այդ ճանապարհներում յայտնուած մեր ժողովրդի հատուածների ճակատագրի մասին է:
Զարմանալին այն է, որ ամէնուրեք, աշխարհի տարբեր  ծայրերում, անկախ երկրից ու գաղութի մեծութիւնից, նոյն դժուարութիւնների, բազմաթիւ առկախ հարցերի ու նոյն թմրածու- թեան մէջ ենք ապրում:
Իմ հիւրախաղերը սկսւում էին Պէյրութից, Ապրիլ 24-ի առիթով, Պէյրութի Համազգայինի Շրջանային  վարչութեան հրաւէրով:  Ներկայացնելու էի «Գրիգոր Զոհրապ՝ Գողգոթայի ճա-նապարհին» երկու արարով իմ հեղինակած թատրերգութիւնը: Պարզ է, ապրիլեան ձեռնարկ է, ըստ ընդունուած մտայնութեան, այդ նիւթին վերաբերող գործերը,  անկախ արուեստի գործ լինելուց, պէտք է ներկայացուեն անպայման  Ապրիլ ամսին: Մեր ժողովուրդը ամէնուրեք սիրում է իր տխրութիւնն ամփոփել միայն այդ ամսում, որ արագ ձերբազատուի իր ուսերին ծանրացած ազգային այդ ծանր պարտականութիւնից, տարուայ հետագայ ամիսներին թեթեւացած սրտով աւելի կարեւոր ու հաճելի ձեռնարկներով լեցնելու իր կեանքը:
Քանի որ Պէյրութում եմ, ուրեմն հրաւիրւում եմ նաեւ Տուպայ նոյն ներկայացումով, որից յետոյ անցնելու եմ Կիպրոս, բոլորովին տարբեր ու նոր ներկայացումով՝ «Տիգրան Մեծ»  եւ այդ նոյն ներկայացումով աւարտելու էի իմ հիւրախաղերը Հայաստանում: Երկու տարբեր, մեծ տարողութեան ներկայացումներ, մէկը ազգային, միւսը՝  քաղաքական սուր հարցադրումներով:
Ես մեկնում եմ Ապրիլ 24-ին: Կարծես աւելի դաժան օր չէի կարող ընտրել, բայց քանի որ բոլոր թռիչքներս միատեղելու դժուարութիւն կար, ստիպուած էի այդ օրը ընտրել:
Ես դեռ չեմ կարողացել բառերի վերածել յատկապէս այդ օրը իմ ներքինում կատարուող երեւոյթը:  Արտաքնապէս ես մնում եմ նոյնը՝  հանգիստ, բայց ներսս անհանգիստ եռուզեռ է, ահաւոր ցասում, ուղեղս կարծես սրտիս հետ միատեղ պայթելու, մաշկս ճեղքելով դուրս է գալու: Չեմ ուզում ոեւէ մէկի հետ շփուել:  Միշտ առանձնութեան  մէջ եմ սիրում լինել այդ օրը, մեծ մօրս յուշերով պարուրուած, որի հետ ապրել եմ քառասուն տարի, ականատես եղել կրկնակի անգամ մի ամբողջ գերդաստան, զաւակներ, ունեցուածք, քաղաք, երկիր կորցրած նրա ամէնօրեայ տա-ռապանքին եւ բնականաբար էութեանս մաս կազմած իր ապրումները դարձել են իմ կեանքի բաղկացուցիչ մասը եւ յատկապէս այդ օրերին այն գլուխ է բարձրացնում իմ ներսում:
Սակայն ամուր փակուած՝ չեմ թոյլ տալիս, որ ոեւէ մէկը թափանցի իմ ներսը, չեմ ուզում որեւէ միջամտութիւն, շեղում:
Վստահաբար ամերիկեան մտածելակերպի պաշտպանները անմիջապէս հոգեբանների օգնութիւն  առաջարկեն ինձ, բայց հաւատացնում եմ, դրա կարիքը  չունեմ, քանի որ իմ ողջ ապրումները ես փոխադրում եմ ներկայացումներիս մէջ, որի շաղախով ստեղծում եմ դրանք, որի գոյութիւնը ինձ աւելի պայքարունակ է դարձնում:
Օդանաւում իմ ներքին եռքը է՛լ աւելի է սրւում, բայց հարիւրաւոր մարդկանցով շրջապատուած, չես կարող առանձնանալ, հարիւրաւոր նոր ու տարբեր, ուրախ ու յոգնած  դէմքեր, անհանգիստ ու ծոյլ շարժումներ, անվերջանալի թուացող, մարդ խենթացնող երկար ժամեր: Եւ մարմնով ու ներքնապէս ջախջախուած՝  վերջապէս հասնում ենք Պէյրութ:
Ինձ հետ, ինչպէս միշտ, իմ ամուսինն է, իմ ներկայացումների ոչ միայն երաժշտութեան եւ լոյսերի բեմային պատասխանատուն, այլ ընդհանրապէս՝  ստեղծագործելու եւ իմ արուեստով իմ ժողովրդին օգտակար լինելու միակ մղիչ ուժն ու պաշտպանը, միակ հովանաւորը, որն իր աշխատանքը թողած, ինձ հետ միասին, իր ժամերն ու օրերն է զոհաբերում ազգային ի՛ր պարտականութիւնը կատարելու: Ինչպէս միշտ, այս անգամ էլ իմ ներկայացումները բարեգործական են, անվճար:
Երեկոյ է, Պէյրութի գեղեցիկ օդակայանն այլեւս օտար տեղ չէ մեզ համար, յատկապէս երբ մեզ սպասում է մեր հին, ճշդապահ բարեկամ, եղբօր պէս մեզ հոգացող, պարզամիտ, իւրայատուկ հիւմըրով Աբոն: Նրա հետ է Համազգայինի ներկայացուցիչ, շատ հաճելի, առոյգ, կիրթ երիտասարդ Յակոբը, որն իր հետ կարծես Այնճարի զովաշունչ օդն է բերել Պէյրութի տօթից մեզ փրկելու:
Այդ ժամին քաղաքն անտանելիօրէն խճողուած է:  Այդ փոքրիկ քաղաքը այնքան է ծանրաբեռնուած երթեւեկով, օդն այնքան է ապականուած անսարք ինքնաշարժերի ծխից եւ յաճախակի արաբական անապատից ներխուժող փոշուց, որ Միջերկրականի սիրտ շոյող կապտագոյնն անգամ մոխրագոյն է երեւում, իսկ լեռնալանջերի մայրիները չեն հասցնում բաւարար ածխաթթու արտադրել:  Սակայն նկատելի են որոշ փոփոխութիւններ՝ մայրուղիները  բաւական կարգաւորուել են եւ երթեւեկութիւնը համեմատօրէն կարգ ու կանոնի մէջ մտել:  Թէեւ դեռ իւրայատուկ, մի- այն լիբանանցուն յայտնի զգայնու-            թիւն է պէտք այդ երթեւեկի մէջ անփորձանք ինքնաշարժ վարելու համար:
Մօտ հինգ տարի է անցել իմ վերջին այցելութիւնից, բայց զգալի փոփոխութիւն եմ տեսնում ամէնուրեք: Պատերազմներից, վերջին տարիների յաճախակի ներքին ու արտաքին բախումներից, տնտեսական ահաւոր ճգնաժամերից քայքայուած,  արտաքնապէս էլ ծակծկուած, նկատի ունեմ պատերազմի փամփուշտներից ծակծկուած եւ կիսափլատակ շէնքերը, կործանուած կամուրջները, համատարած տխրութեան քողը, որն յատուկ է պատերազմից կքած երկրներին, այդ ամէնը կարծես անհետացել է: Անշուշտ, ոչ ամբողջապէս, բայց բարելաւումը այնքան աչքառու եւ տեսանելի է, որ ուրախութիւն է ներշնչում:
Ես սիրում եմ այս երկիրը, յատկապէս՝ այս քաղաքը, այն մեր ժողովրդի, մասնաւորապէս հայ սփիւռքի պորտալարն է եղել եւ մնում է: Իմ գալուց մէկ օր առաջ աւելի քան 25 հազար հայութիւն է դուրս եկել Ապրիլ 24-ի քայլարշաւ- բողոքի ցոյցի՝ դէպի Պիքֆայայի բարձունքին վրայ գտնուող Լիբանանի մէջ թրքական դեսպանատուն՝  հաստատելու, որ տէրն է իր Դատին եւ Թուրքիայէն պահանջելու իր արդար իրաւունքներու հատուցումը: Չկարծէք՝  դա հեշտ ու  հարթ ճանապարհ է, այլ՝  լերան բարձունք տանող, ոլորապտոյտ, մղոններով զառիվեր բարձրացող ճանապարհ:  Եւ այդ հազարաւորների մէջ են նորածին եւ տարեց, Ցեղասպանութեան զոհերի եւ հրաշքով փրկուածների անմիջական առաջին սերունդը, նրանց հոգեկան բզկտումի վերջին վկաները, այսինքն՝  ալեզարդ ծերեր:
Ուզում եմ յիշեցնել, որ օտար հողի վրայ, օտար իշխանութեան ու օտար քաղաքականութեան հայեացքի տակ է կատարւում այս ամէնը՝  առանց սեփական պետականութեան օրինագծի, առանց առաջնորդի, միայն հայութեան ճակատագրի դրօշակակիր,  հիմնականում՝  ՀՅԴ եւ յարակից միւս երկու կուսակցութիւնների կազմակերպուածութեան:
Քաղաքի հայահոծ շրջանները, յատկապէս՝ հանրայայտ Պուրճ Համուտը, դեռ ողողուած է ծածանուող հայկական դրօշակներով:  Քաղաքի այդ նեղլիկ ու իրար վրայ յենուած պատշգամներից կարծես նարնջագոյն լոյս է ծորում:  Լիբանանեան արեւի պայծառ շողերը մեր սգահանդէսի համար պարզած եռագոյնը դարձրել էր տօնահանդէս եւ այդ հնամաշ տներն ու նեղլիկ փողոցները զարդարել մեր գոյութեան, պայքարի եւ յոյսի գրաւական-նշանաբանով:
Կա՞յ արդեօք որեւէ այլ երկիր, ուր հայը այսքան տէր զգայ իրեն, այսքան հաւասար իրաւունքով կիսի բազմակրօն ու բազմազգի օտար մի հող:
Ահա թէ ինչո՛ւ այս երկրի բարգաւաճումը ուրախութիւն է պատճառում ինձ, չէ՞ որ դա նաեւ իմ  ժողովրդի բարեկեցութիւնն է:
Երկրի այս տեսանելի փոփոխութիւնը ակամայ ինձ մղում է համեմատութեան մէջ դնելու այն մեր հայրենիքի հետ: Այս երկիրը այսքան ծուատումներից յետոյ, վերջին հինգ տարիների ընթացքում աննկարագրելի վերելքի է հասել միայնակ, առանց ոեւէ մէկի, առանց աշխարհի օգնութեան: Իսկ մեր երկիրը դեռ 20 տարի է աշխարհի եւ յատկապէս սփիւռքի անհաշուելի օգնութեամբ չի կարողանում ոտքի կանգնել, երկրաշարժի աւերից սկսած մին- չեւ լեւոնեան մութ ու ցուրտ տարիների հետքերը թօթափել: Ինչո՞ւ… որովհետեւ լիբանանցին սիրում, պաշտում է իր երկիրը, իր հողը, նա դարեր ի վեր կապուած է իր հողին, թշուառութեան մէջ չի լքում այն, այլ տքնաջան ու մի- այնակ ոտքի է կանգնեցնում, ծաղկեցնում: Իսկ մե՞նք… բայց այս մասին յետոյ…

(Շար. 1)

ՄԱՐԻ ՌՈԶ ԱՊՈՒՍԷՖԵԱՆ