Հետաքրքրիր ընթացքի մէջ է նախընտրական քարոզարշաւը:
Քարոզարշաւի առաջին իսկ օրից ակտիվ քարոզչութեան են անցել նախագահի թեկնածուներ Վիտալի Բալասանեանը եւ Բակօ Սահակեանը:
Օրեր յետոյ քարոզչական աշխատանքները սկսեց մէկ այլ թեկնածու Ա. Սողոմոնեանը: Տարօրինակ, բայց իր համար երեւի հասկանալի կեցուածք ունի նախագահի միւս թեկնածու Վ. Խաչատրեանը, ով մինչ այժմ, երբ գրեթէ կիսւում է նախընտրական քարոզարշաւի համար նախատեսուած ժամանակահատւածը, գրեթէ քարոզչական աշխատանքներ չի ծաւալում, ըստ այդմ էլ՝ բնակչութեան մեծ մասը նոյնիսկ տեղեկացուած չէ նրա թեկնածութեան առաջադրման մասին:
Մայրաքաղաքում՝ թեկնածուների քարոզչական պաստառների համար նախատեսուած ցուցատախտակների վրայ մինչ օրս չկայ նախագահի թեկնածու Վ. Խաչատրեանին վերաբերող որեւէ նիւթ կամ պաստառ: Նրան յատկացուած տիրոյթը դատարկ է: ԼՂՀ քաղաքական ուժերը մինչ քարոզարշաւի մեկնարկն արդէն յայտարարել էին իրենց դիրքորոշման ու կարծիքների մասին: Յիշեցնենք, որ խորհրդարանական երեք կուսակցութիւնները սատարում են գործող նախագահ , նախագահի թեկնածու Բակօ Սահակեանին:
ՀՅԴ- ն քարոզարշաւին մասնակցում է իր առանձին նախընտրական շտապներով: Նախագահի թեկնածու Վ. Բալասանեանը, իր հարցազրոյցներից մէկում յայտարարել է, որ չի ակնկալել որեւէ քաղաքական կուսակցութեան աջակցութիւն, եւ դրա կարիքն էլ առանձնապէս չի զգում՝ քաղաքական կուսակցութիւններին որակելով «այնքանով որքանով»: Չնայած Վ. Բալասանեանը , ինչպէս ինքն էր յայտնում, չի զգում որեւէ կուսակցութեան աջակցութիւնը, այնուհանդերձ, «Շարժում -88» կուսակցութիւնը կոչ է արել քուէարկել նախագահի թեկնածու Վիտալի Բալասանեանի օգտին:
Թերեւս, հետաքրքիրն այն էր, որ Վ. Բալասանեանն իր յաղթանակը համեմատում է անհաւանական ու անհաւասար պայքարում Արցախեան շարժման եւ ազատամարտի յաղթանակի հետ: Նախագահի մէկ այլ թեկնածու Ա. Սողոմոնեանը, ով նաեւ ժամանակին ԼՂՀ Ազգային Ժողովի պատգամաւոր էր, «Ժողովրդավարութիւն» խմբակցութեան անդամ, ենթարկուելով խմբակցութեան ընդհանուր որոշումներին՝ չէր կարողանում ազատ յայտնէր իր կարծիքը եւ գործել իր համոզմունքների համաձայն: Նախագահի պաշտօնը յարմար միջավայր է՝ գործել անձնական կարծիքի եւ համոզմունքներին համապատասխան: Արկադի Սողոմոնեանը նախագահ ընտրուելու դէպքում խոստացել է ցրել Ազգային Ժողովը:
Նախագահի միւս թեկնածու Վալերի Խաչատրեանը, ինքնաբացառկի մասին դիմում ներկայացուցած է: Ինչքանով մենքտեղեակ ենք՝ ան քարոզարշաւ չէր անում՝ պատճառաբանելով, որ Արցախը շատ փոքր է, բոլորն իրար ճանաչում են , ուստի քարոզարշաւի կարիք չկայ:
Այսքանը թեկնածուների մասին:
Երկրի հասարակութիւնը եւս, համեմատաբար, ակտիվ է մասնակցում քարոզարշաւին: Հանդիպումների ժամանակ բոլոր թեկնածուների հետ էլ հիմնականում քննարկւում են սոցիալական, կենցաղային բնոյթի եւ նման այլ հարցեր: Յետին պլան (ծրագիր) է մղւում քաղաքական ոլորտը, ատրպէյճանա-ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման շուրջ հարցերը:
Սոցիալական բարեփոխումները դարձել են բնակչութեան գլխավոր շեշտադրումը: Ինչեւէ, մայրաքաղաքի փողոցներում հարցում կատարելով, փորձեցինք իմանալ բնակչութեան տեղեկացուածութիւնը առաջադրուած թեկնածուների մասին , ինչպէս նաեւ, մեզ հետաքրքրում էր այն հարցը թէ արդեօք բնակչութիւնը ծանօթացել է թեկնածուների նախընտրակայն ծրագրերին: Մեր հարցմանը մասնակցել են տաս մարդ՝ տարբեր տարիքային խմբերից:
Հարցուածներից ութը չի ծանօթացել եւ ոչ մի թեկնածուի նախընտրական ծրագրին, սակայն որոշել են թէ ում օգտին են քուէարկելու: Մեծամասամբ քուէարկելու են թեկնածուին ճանաչելով, վստահելով կամ էլ կատարած աշխատանքի համար, բայց ոչ ծրագրի: Հարցուածներից ընդամէնը երկու հոգի էին տեղեակ, որ նախագահական ընտրութիւններում առաջադրու ած են չորս թեկնածուներ: Ոմանք երեքին գիտէին, որոշներն էլ՝ երկուսին: Հարցին, թէ ինչպէս են վերաբերւում այն փաստին, որ որեւէ տեղ չի նկատւում թեկնածու Վ. Խաչատրեանի նկարը, կամ անուն-ազգանունը, հարցուածներից մեկը վրդոված պատասխանեց.«Թող դրա մասին ինքը մտածի. մեր խնդիրը չի»:
Հարցուածների մեծ մասն անտեղեակ լինելով նախագահի թեկնածուների ծրագրերից, շտապեցին առաջարկութիւններ անել նորընտիր նախագահին՝ անապահով խաւերի բնակարանային ապահովութեան, հիպոթեքային վարկաւորման ծրագրերի եւ նոր աշխատատեղերի ստեղծման վերաբերեալ: Անկախ այն բանից, թէ ով կÿընտրուի երկրի նախագահ, մէկ առաւելութիւն եւ առաջընթաց արդէն գրանցել ենք՝ գրեթէ բոլորն են նկատել, որ այս քարոզարշաւն իր տեսակով եւ բովանդակութեամբ, եւ, յատկապէս, ժողովրդավարական տեսանկիւնուց մէկ աստիճան աւելի բարձր է նախորդներից:
«Ապառաժ»