Print
Category: Յօդուածագրութիւն

Ամէն ընկնող տերեւի հետ,
Ծառն մրսում է՝ մերկանում,
Ամէն ընկնող մարտիկի հետ,
Իմ հոգին է՝ լուռ ողբում:
* * *
Այս պաղ ու անշող արեւի ներքոյ,
Յուշերս մէկ-մէկ նիրհում են խռով,
Կարօտս այրում, կրակս մարում,
Պանդուխտ հողմերն են՝
հոգիս փոթորկում:
* * *
Դու իմ վարդն ես՝ դեռ չբացուած,
Եւ իմ գիրքն ես՝ չկարդացուած,
Ես թերթիկն եմ՝ վարդի, գրքի,
Քո քմայքին՝ գերի դարձած:
* * *
Արշալոյսը՝ գարնան նման,
Ի՜նչ յոյսեր է առկայծում,
Մայրամուտը աշնան նման,
Հոգուս լոյսերն է մարում:
* * *
Սուտը սուտին գումարուեց,
Դաւը մնաց ու տեւեց,
Սպասում եմ հրաշքի,
Գուցէ մի օր՝ ժամանի:
* * *
Արդարութիւն եմ փնտռում,
Բայց որտեղից չգիտեմ,
Այսքան ստից ու կեղծիքից,
Ինչ անելս չգիտեմ:
* * *
Բարի լուր եմ սպասում,
Գարնան արեւ՝ քեզանից,
Որ ես փրկեմ երազներս,
Անհնազանդ անկումից:
* * *
Դու յուշերիս կանչով եկար,
Երազներիս թեւով եկար,
Թէ որ համբոյր չես տալու,
Ինչո՞ւ այդպէս սիրով եկար:

 

ԱՓՍՈՍ...

Լսել եմ որ՝
Մահին յաճախ,
Յաւերժ քուն են անուանում,
Ափսոս միայն՝
Այդ քունի մէջ,
Էլ երազներ՝ չեն տեսնում...

ԱՒԻԿ ԴԷՅՐՄԵՆՋԵԱՆ
Պոսթըն