Աւիկ Տէիրմէնճեանի «Յոյս եւ Լոյս» բանաստեղծական ժողովածուն յոյսի ու լոյսի մի խաբրիկ է սփիւռքից, մարդկային անմիջական յոյզերի ու յոյսերի պարզուկ մի երգ:
Այսօր արտերկրից ստացուած ամէն մի հայ գիր ամէնից առաջ մեր ժողովրդի հոգեւոր կենսունակութեան վկայութիւն է, ապա նոր միայն գեղարուեստական փաստ. այն էլ այսպիսի մի վկայութիւն՝ կիրթ գրական հայերէնով, ուշագրաւ բանաստեղծական գեղանկարչութեամբ ու զգացմունքայնութեանբ: Քնարական հերոսի համար հիմնականն ու տեւականը հայ լեզուն է, հայ խօսքը՝ հայ ոգին սերունդէ - սերունդ փոխանցող միակ աստուածային բանալին, որի տէրն է ժողովածուի հեղինակը:
Կեանքը նա ընկալում է սիրոյ հատուածակողմով, որը իմաստաւորում է մարդ-էակի անցողական գոյութիւնը, սէր՝ հայրենիքի, հայոց լեզուի, մօր, մտատիպար կնոջ հանդէպ: Ուշագրաւ է առաջին՝ «Երկրային դրախտ» շարքը, որտեղ «լոյս եւ յոյս» Հայաստանի կերպարն է, ուր քնարական հերոսն ինքն իրեն է գտնում առաջին հերթին, նրանում ամբողջանում ու գտնում վերջապէս իր էութեան լրումը: Հայաստանը նրա մեծ սէրն է անթիւ սէրերում եւ զարմանալի չի թւում այն խոստովանութիւնը, թէ բանաստեղծը նրա կեանքով է ապրում իր կեանքը:
Հայաստանն է իր կարօտների միակ ապաստանը, իր պանդուխտ հոգու միակ հանգրուանը, իսկ յառնելու, չպարտուելու երաշխիքը միակ՝ ոգին է Վարդանանց ու գիրը Մեսրոպեան: Ահա թէ ինչու բաժաման պահին մրսում է հոգին ու ակամայ մտորում է՝ «Որ գնամ, մէկ էլ ե՞րբ եմ դառնալու»: Սփիւռքն առաջին հերթին վտանգուած գոյութիւն է եւ վտանգուած էութիւն, ահա թէ ինչու Հայաստանը մշտամնայ մի արժէք է, տառապանքի ու ոգեւորութեան մի ակունք քնարական հերոսի համար, սակայն հիմնական իշխող զգացումը պանդուխտ գոյութեան գիտակցումն է, որը տրտմութիւնից զատ, նրան մղում է հայրենի մասունքներին ու յաւերժական Արարատին, քանզի՝
Քեզնից մինչեւ հիմա
Հեռու եմ եղել,
Բայց քեզ փնտռելով
Ինքս ինձ եմ գտել...
Կրկնում է քնարական հերոսն ու չի հոգնում ասելուց, որ ինքը երամից զատուած կռունկ է մոլորուած՝ ամենօրեայ մեծ ու փոքր պարտութիւններով ու անխուսափելի նահանջներով:
Աւիկի բանաստեղծութիւնը պոռթկումներ չունի. Մեղմ է, քնարական ու յաճախ էլ Տերեանական տխրութեամբ օծուած: Նրա սիրային բանաստեղծութիւնը նոյնպէս անմիջական է, սիրոյ երազով թաթաւուն, մերթ էլ ժողովրդական արտայայտչաձեւերին հակուած: Քնարական հերոսը կրկին նոյն երազողն է, ռոմանտիկ նոյն էութիւնը, որի կեանքը բովանդակաւորւում է գոնէ սիրոյ երազով, որը ոչ մի կերպ չի ընդունում աներազ գոյութեան հնարաւորութիւնն անգամ: Աւիկը գրում է իր ներաշխարհին համահունչ՝ առանց մտավարժանքների, պարզ ու անսեթեւեթ. Գրում է այն ամէնի մասին, ինչ կարող է լինել մարդու մէջ ու նրա հետ: Առանձնանում են այն կտորները, որոնք բնութեան ու սիրոյ երգեր են. Սիրուն կտորներ են «Վերջին հանգրուան», «Արեւի յոյսը», «Թախծոտ երգը», «Ձմեռնային հեքիաթ», «Անբաժանութիւն», «Տիրոջ կամքը»: Մի խօսքով, սա մի ուրոյն աշխարհ է՝ միշտ նորացող ու հին, ծանօթ մարդուն ու տարագիր հային:
Լաւատես է բանաստեղծը, հաւատում է գալիքին ու մեծ Հայաստանի մեծ երազին՝ այս ամէնը՝ լոյս երանգներով, մեղեդային շեշտերով:
Մաղթենք էլ աւելի լոյս ու յոյս մեր սիրելի բանաստեղ՝ Աւիկ Տէյիրմէնճեանին:
Անահիտ Յակոբեան
Գրականագէտ, Բանասիրական Գիտութիւնների թեկնածու,
Դոցենտ, Գիւմրիի ՝Միքայէլ Նալբանդեանի անուան
պետական մանկավարժական ինստիտուտի գրականութեան ամպիոնի վարիչ:
ՍԻՐՈՅ ՄԷՋ ԲՈՒՐԵԱՆ...
Սէրը բերկրանք է
Զգայաթրթիռ,
Աստուածաընծայ հուր է երկնային,
Անսանձ տենչանք է՝
Գողտրիկ կամրջող,
Արարող խինդ է՝ արեգակնային...
Սէրը բուրմունք է
Գուգուած ծաղկունքով,
Յոյսի հանգոյց է
Լեցուն խնդութեամբ,
Սէրը այն լոյսն է
Պայծառ անծածկոյթ,
Հոգու եւ սրտի բուժիչ մաքրութեամբ...
Որքա՜ն խորհուրդ կայ
Սիրոյ մէջ անձայն,
Լցուած կապոյտով անսահմանութեան,
Անթեւ երազի
Ձգուող քաղցրութեամբ,
Որքա՜ն անուրջ կայ՝ սիրոյ մէջ բուրեան...
ԵՐԿՈՒ ԱՍՏՂԵՐ
ՍԻՐՈՎ ՎԱՌՄԱՆ...
Հեռո՜ւ կապոյտ եթերում,
Երկու աստղեր՝ կայծակնացայտ,
Հանդիպում են ամէն գիշեր,
Բոցկլտում են՝ ակնայայտ:
Երկու սիրող սրտի նման,
Գգուանքներով անանուն,
Ինչ որ գողտրիկ խորհուրդով,
Ժպտում են ու հուրհրատում:
Լռութեան մէջ ինքնասոյզ,
Կլանումով անանդրադարձ,
Այգաբացի մշուշի հետ,
Համբոյրւում են ու հեռանում:
Իրիկնային մութ կանչերով,
Տենչանքներով անսահման,
Սէր են առնում ամէն գիշեր,
Երկու աստղերն՝ արփիանման:
ՄԵԾ ՎԵՐԱԴԱՐՁ...
Մոմը, այն դալուկ կը դառնայ խառոյկ,
Բռնկուող կայծով մի հին երազի,
Սպասի՛ր հող իմ քո օրն էլ կը գայ,
Ողողուած լոյսով բոսոր արեւի:
Կը ցնծաս դու էլժամանակի հետ,
Հող իմ Նայիրեան, սրբութեան սրբոց,
Վարար, յորդահոս, լոյսդ կը ցոլայ,
Ինչպէս մշտահուր մի անշէջ փարոս:
Եւ կÿուրուագծուի կերպարն աշխարհի,
Քանդուած, մոխրացած, կամարներիդ տակ,
Հսկայ Մասիսիդ վեհութեան ներքոյ,
Կÿերգուի գարնան՝ մի նոր պատարագ:
Կը ճախրի հայոց արծիւը հեռու,
Ո՛չ ապրող կեանքով՝ թափառ թռչունի,
Կանցնի ժամանակն այս մեղկ ու մթար,
Որքան էլ մահը կեանքիդ հետ մրցի:
Ինչպէս լոյս , ստուեր, իրարու հաղորդ,
Հազար ցաւ տեսած լեռներդ անծայր,
Խորունկ մի ցաւով, վէրքով արնաբաց,
Տենչում են աւաղ մի մեծ վերադարձ:
Սպասի՛ր հող իմ քո օր էլ կը գայ,
Ողողուած լոյսով բոսոր արեւի,
Մոմը, այն դալուկ կը դառնայ խառոյկ,
Բռնկուող կայծով անկոտրում ուխտի:
Աւիկ Տէյիրմէնճեան
Պոսթըն