Print
Category: Յօդուածագրութիւն

Թերեւս, վաղուց արդէն ղարաբաղեան կարգաւորման գործընթացը չի ուղեկցուել այնպիսի ուժգին տեղեկատուական ֆոնով, ինչպէս Յունիսի 24ին Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների՝ Կազանում տեղի ունեցած հանդիպման դէպքում:

Հնարաւոր է, կրքերի շիկացածութեամբ եւ բանակցութիւնների յաջող ելքի վերաբերեալ լաւատեսութեան մակարդակով այդ հանդիպումը կարող էր համեմատուել, գուցէ միայն, 2001 թուականի Ապրիլին ամերիկեան Քի Վէսթում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման հետ: Այն ժամանակ, 10 տարի առաջ, նախագահներն ընդհուպ մօտեցան խաղաղ պայմանագրի ստորագրմանը, սակայն պայմանագիրն  այդպէս էլ չստորագրուեց: Դրա պատճառը դարձաւ Հէյդար Ալիեւը, որը հայրենիք վերադառնալուց հրաժարուեց ձեռք բերուած պայմանաւորուածութիւններից՝ հաստատելով Ադրբեջանի՝ որպէս բանակցութիւնների գծով անյուսալի զուգակցի համբաւը:
Համեմատութիւնը պատահականօրէն չծագեց: Ե՛ւ այն ժամանակ, ե՛ւ հիմա փորձագիտական հանրութիւնում, ըստ որում՝ առաւելապէս արեւմտեանում, կարծիքներ էին յայտնւում ինչ-որ փաստաթղթի հնարաւոր ստորագրման մասին, որը կը մօտեցնէր բազմամեայ հակամարտութեան վերջը: Հնարաւոր է, Կազանի նկատմամբ նման լաւատեսութիւնը որոշակիօրէն սնունդ էր առնում նաեւ այն բանից, որ վերջին ժամանակներս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները գործընթացին են ներգրաւել «ծանր հրետանին»՝ ի դէմս նախագահների:
Կազանի եռակողմ հանդիպման նախօրէին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդներին վճռականօրէն կոչ է արել հաւանութիւն տալ Հիմնարար սկզբունքներին: Սպիտակ տան ղեկավարն ընդգծել է, որ եկել է ժամանակը՝ լուծելու հակամարտութիւնը եւ խաղաղ համաձայնագիր առաջարկելու Հայաստանի, Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդներին: Իր հերթին, նրա ֆրանսիացի պաշտօնակից Նիկոլա Սարկոզին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանին  յղած դիմումի մէջ յայտարարել է, որ եկել է ժամանակը՝ հաստատելու այն սկզբունքները, որոնց հիման վրայ յետագայում կարող են ծաւալուել ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման բանակցութիւնները: Նրա խօսքերով, պատմութեան մէջ լինում են այնպիսի պահեր, երբ երկրների նախագահները պէտք է իրենց ժողովուրդներին ցոյց տան իմաստնութեան, արիութեան եւ խաղաղութեան ուղին, եւ վստահութիւն է յայտնել, որ այդ ժամանակը եկել է:
Աւաղ, յետագայ իրադարձութիւնները ցոյց տուեցին, որ ժամանակը դեռ չի եկել: Ժամանակը դեռ սպասում է: Ճեղքումը լեռնայինղարաբաղեան կարգաւորման մէջ, որն սպասւում էր Կազանում նախագահների հանդիպմանը, տեղի չունեցաւ: Պնդել, թէ դա ինչ-որ անսպասելի բան էր, ճիշտ  չի լինի: Աւելի վաղ մենք ենթադրել ենք, որ ճեղքումային որոշում սպասել պէտք չէ: Կազանի բանակցութիւնների արդիւնքները, մաթեմատիկական լեզուով կարելի է բնորոշել հետեւեալ կերպ. ինչը եւ պահանջւում էր ապացուցել: Եթէ շարունակելու լինենք համեմատութիւնը Քի Վէսթի  հետ, ապա հարկ է նշել, որ ներկայիս ձախողումն արդէն Հէյդար Ալիեւի որդու՝ Իլհամի խղճի վրայ է: Հօր աւանդոյթներին հաւատարիմ՝ նա նոյնպէս նահանջել է նախնական պայմանաւորուածութիւններից եւ միաժամանակ էլ տասնեակ նոր շտկումներ առաջարկել՝ այդպէս էլ համաձայնութիւն չտալով ղարաբաղեան կարգաւորման Բազային սկզբունքների վերջին տարբերակին: Դա այն դէպքում, որ ադրբեջանական կողմը կարծես դէմ չի եղել դրանց ընդունմանը: Մի խօսքով, Իլհամ Ալիեւը, եթէ հետեւենք համանախագահ երկրների նախագահների «դիրեկտիւներին», դեռեւս չի հասունացել այն բանի համար, որ «իր ժողովրդին ցոյց տայ իմաստնութեան, արիութեան եւ խաղաղութեան ուղին»:
Իսկ եթէ լուրջ խօսենք, ապա կարգաւորման գործընթացում փորձաքարն է եղել եւ մնում է հայկական եւ ադրբեջանական կողմերի դիրքորոշումների բացարձակ անհամատեղելիութիւնը: Եւ նման պայմաններում ճեղքումային վճիռներ սպասելն, ինչպէս արդէն նշուել է, պարզապէս միամտութիւն էր: Միթէ՞ միջազգային միջնորդներին պէտք կը լինեն հերթական Սոչիի, Մայնդորֆի, Մուսկոկի, Կազանի եւ այլ հանդիպումներ, որպէսզի վերջապէս հասկանան, որ Ադրբեջանը հակամարտութեան լուծում գտնելու համար փոխզիջումների գնալ մտադիր չէ: Միթէ՞ նրանք չեն նկատում պաշտօնական Բաքուի դիրքորոշման անտրամաբանականութիւնը, որը խօսքով ընդունում է կարգաւորման երեք սկզբունքները, ներառեալ ինքնորոշման իրաւունքը, իսկ գործով «մեծահոգաբար» համաձայնում Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղի ինքնավարութեան կարգավիճակին:
Ի՞նչ կը լինի յետոյ: Այս հարցի պատասխանը չի տալիս նաեւ բանակցութիւնների արդիւնքների վերաբերեալ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների համատեղ, որոշ իմաստով՝ ձեւական, յայտարարութիւնը: «Պետութիւնների ղեկավարներն արձանագրել են փոխըմբռնման ձեռքբերում  մի շարք հարցերի գծով, որոնց լուծումը կը նպաստի Հիմնական սկզբունքներին հաւանութիւն տալու համար պայմանների ստեղծմանը». ահա այդ յայտարարութեան գլխաւոր եւ, խոստովանենք, բաւականին յեղյեղուկ արտայայտութիւնը: Ինչպէս հաղորդել է «Կոմերսանտ» թերթը, ՌԴ նախագահն այնքան է հիասթափուած Կազանի գագաթնաժողովի արդիւնքներից, որ պատրաստ է դադարեցնել իր միջնորդական առաքելութիւնը: Յաջորդ հանդիպումը նա մտադիր է կազմակերպել միայն այն պայմանով, որ այնտեղ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները վերջապէս փաստաթուղթ ստորագրեն ղարաբաղեան կարգաւորման սկզբունքների մասին:
Ակնյայտ է, որ իմաստ չունի այսուհետ էլ լուծում փնտռել այն նոյն հարթութիւնում, որում մինչեւ վերջին ժամանակներս է ընթացել նրա որոնումը: Ինչպէս Կոնֆուցիուսն է ասել, պէտք չէ մութ սենեակում սեւ կատու փնտռել, առաւել եւս, երբ այնտեղ նա չկայ:  Ստեղծուած պայմաններում ի՞նչ կարող են առաջարկել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Յունիսի 15ին Բրիւսէլում հանդէս գալով Լեռնային Ղարաբաղում տիրող իրադրութեան վերաբերեալ Եւրախորհրդարանում ունկնդրութեանց ժամանակ, ֆրանսիական համանախագահ Բեռնար Ֆասիէն յայտարարել է, որ «եթէ կողմերն ամենամօտ ժամանակներս չընդունեն Մադրիդեան առաջարկութիւնների հիման վրայ Հիմնարար սկզբունքները, ապա միջնորդները ստիպուած կը լինեն հանդէս գալ կարգաւորման նոր հայեցակարգով»: Կարծում ենք՝ այդ նոր հայեցակարգը մշակելու ժամանակ համանախագահներին հարկ է, վերջապէս, որոնել իրաւական, այլ ոչ թէ քաղաքական լուծում եւ հաշուի առնել ինչպէս արդի աշխարհի զարգացման միտումները, այնպէս էլ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կարծիքը, որն իր գոյութեամբ իսկ ահա արդէն երկու տասնամեակ միակ ընդունելի եւ ճիշտ ելքն է յուշում՝ ԼՂՀի անկախ պետականութեան ճանաչումը:

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ
«ԱԶԱՏ ԱՐՑԱԽ»Ի