Արցախում երիտասարդութեան զբաղուածութեան հարցը շարունակում է չլուծուած մնալ:
Կառավարութիւնն այդ ուղղութեամբ դեռ եւս չունի մշակուած քաղաքականութիւն: Եւ գործազուրկ անձանց թիւն էլ հեռու է իրականութիւնից:
Այսպիսով՝ 140 հազար բնակչութիւն ունեցող Արցախի հանրապետութիւնում, ըստ պաշտօնական վիճակագրական տուեալների, գործազուրկների թիւը կազմում է ընդամէնը մօտ 3000 քաղաքացի: Այս թիւը չի կարող արտացոլել իրական վիճակը, քանի որ աշխատանք փնտռողներից շատերը պարզապէս չեն գրանցւում որպէս գործազուրկ:
Նոյն աղբիւրի համաձայն, աշխատանք փնտռողների գերակշիռ մասը երիտասարդներն են եւ դրանց մեծ մասը բարձրագոյն կրթութեամբ են: Ըստ Սոցիալական ապահովութեան նախարարութեան տուեալների՝ աշխատանք փնտռողները հիմնականում մանկավարժական, բուժքոյրական, տնտեսագիտական , թարգմանչական կրթութիւն ունեն:
Արցախի Ճարտար գիւղի բնակչուհի Սուզաննա Առուստամեանը անգլերէն լեզուի մասնագէտ է: Երեք տարի է, ինչ աւարտել է համալսարանը, սակայն առ այսօր համապատասխան աշխատանք չի կարողացել գտնել:
«Մի շարք տեղեր եմ դիմել աշխատանքի ընդունուելու նպատակով, սակայն միշտ մերժում եմ ստացել: Որովհետեւ առանց ծանօթի միջամտութեան անհնար է ինչ-որ տեղ աշխատանքի ընդունուելը: Աշխատում են նրանք, ովքեր թիկունք ունեն»,- յուսահատ պատմում է 25-ամեայ Սուզաննան:
Մարտունու շրջանի Ճարտար գիւղը Արցախի ամենամեծ գիւղական համայնքներից է՝ իր 6 հազար բնակչութեամբ: Այս գիւղում՝ ի տարբերութիւն այլ գիւղերի, աշխատողների թիւն անհամեմատ մեծ է: Մի քանի դպրոցները, գիւղապետարանը, շուրջ հարիւր հոգանոց աշխատատեղ ունի: Սակայն երիտասարդները հիմնականում ստիպուած ծառայում են գիւղի մերձակայքում գտնուող զօրամասում՝ այդպիսով օրուայ ապրուստ վաստակում:
23-ամեայ Արեւ Գասպարեանի օրը սկսւում է առաւօտեան ժամը 7-ին: Երիտասարդ օրիորդը ստիպուած է օրական մի քանի քիլոմեթր դժուարանցելի ճանապարհ կտրել, որպէսզի հասնի աշխատավայր: Նա նոյնպէս ծառայում է Պաշտպանութեան բանակում:
«Ես մասնագիտութեամբ ուսուցչուհի եմ, բայց քանի որ չեմ կարողացել համապատասխան աշխատանք գտնել, ստիպուած ներկայ գործն եմ անում՝ համակարգչային աշխատանք: Շատ չեմ սիրում իմ այս աշխատանքի բնոյթը, բայց ստիպուած եմ, քանի որ եթէ թողնեմ այս աշխատանքը, պէտք է լքեմ նաեւ գիւղը»,- պատմում է Արեւը եւ աւելացնում, որ ժամանակին գիւղում աշխատանք չունենալու պատճառով իր եղբայրը տեղափոխուել է Ռուսաստան եւ արդէն տաս տարի է, ինչ ապրում է այնտեղ:
Մշտական աշխատանքի բացակայութիւնը նաեւ խոչընդոտ է ընտանիք կազմել ցանկացողների համար: Չնայած այն բանին, որ ամսական 85 հազար դրամ (225 տոլար, Արցախում միջին աշխատավարձի չափն այդքան է) աշխատավարձը հազիւ թէ մի քանի բացեր լրացնի, բայց գոնէ առօրեայ ծախսերը հնարաւոր է մուծել: Սակայն այդ փոքրիկ աշխատավարձը շարունակում է երազանք դառնալ հարիւրաւոր երիտասարդների համար:
Բագրատն ու Լիլիան այն երիտասարդ ընտանիքներից են, որ որոշել են սեփական ուժերով կառուցել իրենց տունը:
Նրանք ապրում են Հադրութի շրջանի Դրախտիկ գիւղում, որտեղ համեմատաբար միւս գիւղերի, պայմանները բաւականին լաւ են: Յամենայն դէպս, Դրախտիկում չեն բողոքում, որովհետեւ ունեն ջուրի, փոխադրամիջոցների եւ կենցաղային այլ պայմանների յարմարութիւններ:
Բագրատը 30 տարեկան է, իսկ Լիլիան՝ 25, բայց արդէն հասցրել են 4 երեխայ ունենալ: Երեխաներից մեծը՝ Արենը, երկրորդ դասարանում է սովորում, իսկ փոքրը դեռ 6 ամսական է: Երիտասարդ, բայց արդէն մեծ ընտանիքը մէկ տարուց աւելի ապրում է առանձին՝ գիւղի մի դատարկ տանը, որն ամէն պահի կարող են պահանջել, որ ազատեն: Բագրատը պատմում է, որ ծնողների հետ արդէն հնարաւոր չէր ապրել, դրա համար որոշեցին առանձնանալ:
«Մի տան մէջ 4 ընտանիքով էինք, դէ ո՞նց կը տեղաւորուենք: Դրա համար առանձնացանք: Հիմա այս երկու սենեակնոց տանն ենք ժամանակաւոր ապրում, մինչեւ որ տան հարցը լուծենք»,- ասում է նա:
Իսկ հարցի լուծումը սեփական ուժերով տուն կառուցելն է, թէեւ դա այնքան էլ հեշտ գործ չէ: Մօտ 20 օր առաջ են տան հիմքը դրել, բայց, ինչպէս ասում է Բագրատը, շարունակել առայժմ չեն կարող, քանի որ ֆինանսական միջոցներ չունեն:
«Հիմնական գործ չունենք, մօտ 45 հազար դրամ (120 տոլար) ենք ստանում պետութիւնից՝ որպէս երեխաների նպաստ: Միակ կայուն եկամուտը դա է: Մի քանի հեքթար ցորենի արտ ենք ցանում, այն էլ կիսում ենք եղբայրներով, որ եոլա գնանք: Կողքից էլ շինարարութիւնում եմ աշխատում, տրակտոր եմ քշում, բայց, միեւնոյնն է, չի հերիքում: Հազիւ ընտանիքիս ծախսերն եմ հոգում»,- պատմում է երիտասարդ հայրը, որի կարծիքով՝ սեփական ուժերով տան կառուցումը լաւագոյն դէպքում կը տեւի 6-7 տարի:
Երիտասարդների բարեկեցութեանն ուղղուած ծրագրերի պէս բացակայում են նաեւ երիտասարդական շարժումները, որը կարող էր իրավիճակի դէմ պայքարի սկիզբ դնել: Արցախում գործող մի քանի երիտասարդական կազմակերպութիւններն աշխուժանում են ընտրութիւններից ընտրութիւններ:
Երիտասարդ քաղաքագէտ Արտակ Բեգլարեանը, որ իր ուսումն ստացել է եւրոպական մի շարք բարձրագոյն ուսումնարաններում, կարծում է, որ հենց ինքը՝ երիտասարդութիւնը պէտք է բարելաւի իր վիճակը.
«Մեզ պէտք են ստեղծագործ, նախաձեռնող ու նուիրեալ երիտասարդներ, ովքեր իրենց շուրջը կը հաւաքեն մնացածներին ու նախաձեռնողական ոգին կը բարձրացնեն»,- ասում է Արտակը, ում կարծիքով երիտասարդութեան շրջանում գործազրկութեան եւ ընդհանրապէս սոցիալական ¥ընկերային¤ իրավիճակը համապատասխան է Արցախի վիճակին:
Լուսանկարները՝ Լէոնիտաս Թումպանոսի
ԼՈՒՍԻՆԷ ՄՈՒՍԱՅԷԼԵԱՆ