Print

X21-րդ դարում ժողովուրդները, սրնթաց արագութիւն ձեռք բերած քաղաքակրթական բնոյթի փոփոխութիւններում, ստիպուած են կողմնորոշուել վազքի մէջ, երբեմն արմատական յեղաշրջում կատարելով իրենց կեանքի բոլոր ոլորտներում‘ գաղափարական արժէքներից մինչեւ ընկերային-տնտեսական, մշակութային եւ կրթական համակարգերը: Ընդորում իւրաքանչիւր ազգ պարտադրւում

է կատարել արժեւորումներ՝ գնահատելու համար միջազգային եւ տարածաշրջանային խորքային գործընթացների հետեւանքներն ու ազդեցութիւնն իր կենսագործունէութեան վրայ, ինչպէս նաեւ որոշելու սեփական ներուժի  ծաւալն ու լծակները ժամանակակից աշխարհում:
Սոյն օրինաչափութիւնն առաւել ցցուն անդրադարձներ է ունենում աշխարհի զգայուն հատուածներում՝ քաղաքակրթութիւնների եւ ազդեցութիւնների շփման տարածքներում: Սա առաւել ակնառու է հայկական լեռնաշխարհի եւ յարակից տարածքների առումով, ուր դարեր շարունակ ընթացող բարդ ցեղային-քաղաքական գործընթացները ձեւաւորել են իւրայատուկ քաղաքական միջավայր:
Արդիւնքում առաջացել է քաղաքական, տնտեսական, մշակութային ազդեցութիւնների բարդ մի համակարգ, որն հազարաւոր թելերով առնչւում է աշխարհում գործող համարեա բոլոր վճռորոշ ուժային կենտրոնների եւ մոտելների հետ: Այդ կապերը ոչ միայն ուղղահայեաց եւ հորիզոնական են,            այլ նաեւ անկանոն, խաչաձեւ բնոյթ            են կրում ու իբրեւ հետեւանք մեծապէս զգալի են երկրի ու ժողովրդի կեանքի ամենատարբեր ոլորտներում:
Կարող ենք թուարկել մի քանիսը՝ ժողովրդի կողմից ազգային անվտանգութեան հիմնադրոյթների սրուած  ընկալում, գաղտնի ծառայութիւնների առաւել աշխուժ աշխատանք, օտար ազդեցութիւններին ենթարկուածութեան մեծ աստիճան, քաղաքական դաշտի անկատարութիւն եւ այլն: Այսպիսով՝ ներկայ իրավիճակի առաջին բնութագրիչը՝ Հայաստանի՝ Միջին Արեւելքում եւ Հարաւային Կովկասում առանձնակի շփման տարածք հանդէս գալու հանգամանքի մէջ է:
Երկրորդ բնութագրիչը՝ Հայաստանի անքլաւային վիճակն է, անքլաւ քաղաքական եւ տարածքային իմաստով, դրանից բխող բոլոր հետեւանքներով: Մեր իրավիճակի առանձնայատկութիւններից է սա, որ լինելով   քաղաքակրթական եւ քաղաքական ամենատարբեր ազդեցութիւնների կիզակէտում, Հայաստանն այսօր եւս շարունակում է մնալ անքլաւ քաղաքական, հաղորդակցական եւ մշակութային առումներով:
Մենք ստիպուած ենք փոքր բացառութիւններով ամրագրել մեր մշակութային եւ քաղաքական ընկալումների ու առաջնահերթութիւնների  տարբերութիւնը տարածաշրջանի համարեա բոլոր ժողովուրդներից:
Իրավիճակի երրորդ կարեւոր  բնութագրիչը՝ հայ ժողովրդի աշխարհասփիւռ լինելն է: Ազգային մեծ ողբերգութեան՝  Ցեղասպանութեան եւ անկախ պետականութեան կորստի հետեւանքով  տարբեր երկրներում առաջացած համայնքները տասնամեակների յամառ ու հերոսական աշխատանքի շնորհիւ ստացել են կազմակերպական ձեւ՝ սփիւռք:
Հայաստանի անկախութեան վերականգնումից յետոյ սփիւռքահայութեան դերն ու կշիռը նոր իմաստաւորում ստացան քաղաքական եւ տնտեսական բնոյթի աշխարհաքաղաքական բարդ զարգացումներում:
Իրավիճակի այս երեք բնութագրիչների վերլուծութիւնը յանգեցնում է եւս մի քանի հաստատումների, որոնցով պարտաւոր ենք առաջնորդուել Հայաստանի համապարփակ  քաղաքական ուղեգիծը մշակելիս.
Այս երեք բնորոշիչները  փոխադարձաբար ներթափանցուած եւ շաղկապուած  են միմեանց ամենատարբեր  հարթութիւններում՝ տեղեկա- տուական դաշտից մինչեւ  մշակութային եւ տնտեսական ոլորտներ:
Այդ բնորոշիչներում, հայ ժողովրդի ազգային շահի տեսանկիւնից դիտարկելիս, երեւում են ինչպէս ռիսքային, այնպէս էլ դրական զարգացումների հնարաւորութիւնները:
Հայաստանում դրական  մեծ արդիւնք կարելի է ակնկալել միմիայն  համահայկական ընդգրկումով եւ հայ ժողովրդի ամբողջական հնարաւորութիւններն օգտագործելու պարագայում: Յատկապէս վերջին հաստատումը ինքնըստինքեան յանգեցնում է կարեւորագոյն խնդրի՝ հայ ժողովրդի ամբողջական ներուժի գնահատման մեքանիզմների անհրաժեշտութեան գիտակցմանը:
Ժամանակակից աշխարհը պետութիւններից  եւ ազգերից պահանջում է սեփական ներուժի առաւելագոյն կենտրոնացում, օգտակար  գործողութեան գործակցի համաչափ բարձրացում, դրանց բանական ու նպատակային  կիրառում: Այժմ մենք կանգնած ենք ջրբաժանի առջեւ եւ այլեւս իրաւունք չունենք կատարելու անպատրաստ ու անզգուշ շրջադարձեր:
Անթոյլատրելի է շարունակել իրադրային վիճակներին համակերպուելու քաղաքականութիւնը: Կամ պիտի հաստատենք մեր արժանապատիւ տեղն ու դերը աշխարհում, կամ հակառակ պարագայում ճակատագիրը մեզ «ողորմածաբար» շնորհելու է այլ հզօր ժողովուրդների արժէքներին սպասարկողի ու ծառայողի դերակատարութիւն:

(30 Յունուար, 2012)