Print
Category: Յօդուածագրութիւն

ԱՄՆ-ի կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Դեկտեմբերի 13-ին ընդունուած 306-րդ բանաձեւը կարեւոր հանգրուան է Հայոց Ցեղասպանութեան միջազգայնօրէն ճանաչման եւ դրա հետեւանքների յաղթահարման գործընթացում:
Բանաձեւը իւրայատուկ է միանգամից երեք առումով:


Առաջին՝ փաստաթուղթը չի սահմանափակւում միայն Հայոց Ցեղասպանութեան հետեւանքով Հայաստանեայց Եկեղեցու ունեցած կորուստներով. առաջադրում է նաեւ Յունական ու Ասորական Եկեղեցիների եւ ընդհանրապէս արդի Թուրքիայի տարածքում գտնուող ողջ քրիստոնէական ժառանգութեան վերադարձի հիմնախնդիրը:
Երկրորդ՝ փաստաթուղթն ունի, այսպէս ասած, «ոլորտային բնոյթ», այն է՝ վերաբերում է Թուրքիայում տարբեր տարիներում ցեղասպանութեան ու տեղահանութիւնների ենթարկուած քրիստոնեայ ժողովուրդների միայն ու միայն հոգեւոր ժառանգութեան պաշտպանութեանը:
Եւ, վերջապէս, երրորդ՝ բանաձեւը սերտօրէն առնչւում է արդի Թուրքիայում գոյատեւող փոքրաքանակ քրիստոնէական համայնքների ներկայ կացութեան բարւոքման հիմնախնդրի հետ, ինչն այսօր էլ բազմաթիւ բողոքների ու դատական հայցերի առարկայ է դարձել միջազգային կառոյցներում ու դատական ատեաններում:
Ներկայացուցիչների պալատի Արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի կողմից 2011 թ. Յուլիսի 20-ին ընդունուած, իսկ Դեկտեմբերի 13-ին արդէն պալատի լիագումար նիստի հաւանութեանն արժանացած այս բանաձեւի ամբողջական, պաշտօնական տեքստը դեռ եւս չի հրապարակուել մամուլում: Սակայն, նրա հիմնական բովանդակութիւնն արդէն հաղորդուել է միջազգային ու հայկական լրատուամիջոցների կողմից:
Վերջին հանգամանքը խիստ կարեւոր է այն առումով, որ յստակեցուի ներկայ տարաբնոյթ մեկնաբանութիւններում դեռ եւս շրջանցուող մի էական հանգամանք՝ եկեղեցապատկան կալւածների հարցը:
Բանն այն է, որ սոյն փաստաթղթի արդէն հրապարակուած հատուածներից ակնյայտ է դառնում, որ Ներկայացուցիչների պալատն ընդամէնը չորս հիմնական կէտերից բաղկացած պահանջ է ուղղել Թուրքիայի իշխանութիւններին.
Առաջին՝ Թուրքիայում գոյութիւն ունեցող ամէն կարգի կրօնական խտրականութեան դադարեցում:
Երկրորդ՝ քրիստոնէական եկեղեցիներին ազատօրէն կրօնական ծէսեր, կրթական ու սոցիալական ծառայութիւններ մատուցելու արտօնութեան տրամադրում:
Երրորդ՝ եկեղեցիների, կրօնական ու կրթական կառոյցների, դպրոցների, յուշարձանների, սրբավայրերի եւ այլ աղօթատեղիների, ինչպէս նաեւ շարժական գոյքի (արուեստի գործեր, ձեռագրեր եւ այլն) վերադարձ:
Չորրորդ՝ եկեղեցիների, աղօթատեղիների, այլ սրբավայրերի եւ հիւանդանոցների վերանորոգման իրաւունքի տրամադրում կրօնական հաստատութիւններին:
Պահանջների բովանդակութիւնից ակնյայտ է դառնում, որ յստակօրէն չի հիմնաւորւում եկեղեցական գոյքի անբաժանելի մասը կազմող եկեղեցապատկան կալւածների վերադարձի հարցը: Մինչդեռ, Հայոց Ցեղասպանութեան նախօրէին Հայաստանեայց Եկեղեցին ահռելի հողային սեփականութիւն է ունեցել Թուրքիայում, որոնց վերադարձի մասին բազմիցս արդէն դիմումներ է գրել Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Ա-ն:
Դրանք Հայ Եկեղեցու ոսկով ու ադամանդներով զարդարւած սպասքի հետ միասին՝ դարձել են Ցեղասպանութեան ընթացքում պետականօրէն իրականացուած թալանի առարկան: Հայաստանեայց Եկեղեցու հարստութիւնն այնքան մեծ է եղել, որ անգամ հետագայ տասնամեակներում Թուրքիան մետաղի ջարդօնի վերածուած այդ ահռելի քանակութեամբ գանձերն օգտագործել է իր խղճուկ գոյութիւնը քարշ տալու եւ տնտեսապէս չփլուզւելու համար:
Հասկանալի է, որ ներկայում շուկայական գներով հարիւր միլիառաւոր տոլարներ գնահատուող այդ հարստութեան վերադարձի հարցը սկզբունքային նշանակութիւն ունի հայերիս համար: Խնդիրն այստեղ շուրջ 1500 տարի մեր հոգեւոր հայրերի կուտակած հարստութեան գումարային կողմը չէ միայն, քանզի, ինչպէս ժամանակին պնդում էր երջանկայիշատակ Մկրտիչ Խրիմեանը, Հայաստանեայց Եկեղեցու ունեցուածքը ազգի սեփականութիւնն է:
Ուստի՝ որպէս ժողովուրդ՝ այսօր պարտաւոր ենք առաջնորդուել այն կանխադրոյթով, որ Դեկտեմբերի 13-ին ԱՄՆ-ի կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Թուրքիայի առջեւ դրուած պահանջների կատարմանը հասնելու հիմնախնդրի լուծումը  Հայոց Ցեղասպանութեան հետեւանքների յաղթահարման գործընթացի սկիզբն է միայն:  


ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐԵԱՆ
«ԱԼԻՔ»