Պատմական տարբեր ժամանակաշրջաններում, պայմանաւորուած ինչ-ինչ հանգամանքներով, հայը դարձել է գաղթական՝ ապրելու հրամայականով ու ազգային հոգեբանութիւն պահպանելու պայմանով։
Հայկական սփիւռք եզրոյթը սկսել է շահարկուել 20րդ դարի սկզբին, երբ արտագաղթը համընդհանուր եւ ծանր բնոյթ ընդունեց՝ պայմանաւորուած Արեւմտեան Հայաստանի բնակչութեան բնաջնջմամբ ու տեղահանմամբ։
Միեւնոյն ժամանակ, Արեւելեան Հայաստանում Խ.Ս.Հ.Մ. երկաթէ վարագոյրի պատճառով խզուել էր նոր ձեւաւորուած սփիւռքի եւ Հայաստանի կապը։ Բայց պէտք է փաստել, որ այդ տարիներին Խորհրդային Հայաստանից մարդկանց արտահոսքը համեմատապաբար քիչ է եղել մինչեւ 1988 թուականի աւերիչ երկրաշարժը, որը խլեց շուրջ 25 հազար հայի կեանք: 200 հազար աղէտեալներ (հիմնականում կանայք եւ երեխաներ) տեղափոխուեցին Խ.Ս.Հ.Մ. եւ այլ հանրապետութիւններ, որոնցից մեծ մասը վերադարձաւ Հայաստան, իսկ 50 հազարը դարձաւ գաղթական:
Խ.Ս.Հ.Մ. փլուզումից եւՀայաստանի պետականութեան հաստատումից յետոյ, արտագաղթի 3 ուժեղ հոսք է նկատուել:
Հայաստանից բնակչութեան արտագաղթի ամենամեծ հոսքը բաժին է ընկնում 1991-1994 թ.թ.ին՝ այդ տարիներին երկիրը լքել է մօտ 500 հազար մարդ։ Դրա մեծ մասը կազմում է Ղարաբաղեան ազգային-ազատագրական պատերազմից յետոյ Հայաստանից ադրբեջանցիների, նաեւ այլ ազգային փոքրամասնութիւնների ներկայացուցիչների հեռացումը, ինչի արդիւնքում Հայաստանի բնակչութեան կազմը էլ աւելի միատարր դարձաւ։
Արտագաղթի երկրորդ ալիքը 92-95 թ.թ.ին էր, երբ երկրաշարժի աւերածութիւններին ու պատերազմին գումարուեց էներգետիկ (ուժանիւթի) ճգնաժամը եւ հասարակական-քաղաքական ու տնտեսական ծանր պայմանները: Այս ամէնը ստիպեցին մարդկանց թողնելու երկիրը, ընդ որում՝ գնում էր ե՛ւ ունեւոր, ե՛ւ չունեւոր խաւը։ Երկիրը դատարկւում էր ոչ միայն ֆիզիկապէս, այլեւ՝ որակապէս։
Ապա՝ Համաշխարհային Բանկի (Դրամատան) քաղաքականութեան եւ պարտադրանքի արդիւքնում՝ փակուեցին արդիւնաբերական մեծ ձեռնարկութիւնները, այդ թւում «Նաիրիտ» արտադրական միաւորումը: Դա կաթուածահար արեց երկրի տնտեսութիւնը, փակուեցին բազմաթիւ ձեռնարկութիւններ, հազարաւոր մարդիկ դարձան գործազուրկ՝ ապրելով, ինչպէս ընդունուած է ասել, ցրտի եւ մթի պայմաններում:
Հայաստանի բնակչութեան համար սոցիալական (ընկերային) մեծ աղէտ էր նաեւ բանկերում (դրամատներում) եւ խնայդրամարկղներում կուտակուած շուրջ 11 մլրդ. Ա.Մ.Ն. դոլարին համարժէք՝ ընտանիքների աւանդների սառեցումը: Սա Հայաստանի բնակչութեան աննախադէպ ունեզրկում էր։ Արդիւնքում՝ մարդիկ զրկուեցին աշխատանքից, ունեցուածքից եւ սոցիալական վիճակը դարձաւ ճամպրուկները հաւաքելու պատճառ: Յաջորդող տարիներին՝ 1999-2004 թ.թ. արտագաղթի մէջ ծանրակշիռ եւ հիմնական պատճառը գործազրկութեան գեր-բարձր մակարդակն էր:
Բնակչութեան հարստութեան եւ եկամուտների բաշխման բեւեռացումն ահռելի չափեր ընդունեց: Մինչեւ օրս հայը շարունակում է գաղթել մի քանի հիմնական պատճառ նշելով. դրանք են՝ տնտեսական անկումը, իշխանութեան նկատմամբ վստահութեան նուազումը, անհաւասարութեան աճը, պետական աւանդոյթների բացակայութիւնը եւայլն:
Իսկ աշխատուժի արտագնայ միգրացիան (գաղթը) այսօր յատուկ է ժամանակակից աշխարհին եւ ոչ միայն Հայաստանի Հանրապետութեանը։ Այն, որ յետ-խորհրդային տարիներին Հայաստանի ժողովրդագրական իրավիճակի կտրուկ փոփոխութիւնները պետութեան եւ ազգային անվտանգութեանը սպառնացող լուրջ վտանգի են վերածուել, փաստում եւ ահազանգում են մասնագէտները։
Բայց ահազանգելուց զատ, այսօր քիչ բան է արւում։
Պէտք է վերջապէս հասկանալ արտագաղթի պատճառները եւ ոչ թէ պարզապէս նստել ու մտածել այն կանխելու ուղիների մասին ու հերթական անիմաստ փաստաթուղթը ստեղծել, այլ՝ կոնկրետ (որոշակի) քայլերի ձեռնարկել: Իւրաքանչիւրը պէտք է իր ներդրումն ունենայ այդ խնդրի լուծման գործում թէ՛ Հայաստանում, թէ՛ Սփիւռքում։
Միաժամանակ ուզում եմ աւելացնել՝ չարտագաղթելու համար պէտք է նաեւ շատ սիրել Հայաստանը, պէտք է ճանաչել ու սիրել Կոմիտասին, Չարենցին, Մարտիրոս Սարեանին, Վիլեամ Սարոյեանին, Արամ Խաչատրեանին, Անդրանիկին ու Նժդեհին:
Մշակութային ամբողջութիւն կազմել ու չկորցնել ազգային դիմագիծը՝ նպաստելով Հայաստանի Հանրապետութեան կայացմանը, քանի որ սփիւռքը կարող է իր գոյութիւնը պահպանել միմիայն կայացած ու զարգացած հայրենիքի հովանու ներքոյ։
Յուսամ, որ յաջորդ անգամ ոչ թէ արտագաղթի ահագնացող ցուցանիշների, այլ դէպի Հայաստան ներգաղթի արդիւնքների ու դրական ազդեցութիւնների մասին կը խօսենք։
ՄԵՐԻ ԱԲՐԱՀԱՄԵԱՆ
Երեւանի Պետական Համալսարանի 2րդ
կարգի ուսանողուհի