Print
Category: Յօդուածագրութիւն

alt«Մուշում «հայ եմ ես, հա՜յ» գոռալու պատրաստ մի սերունդ է աճում. սրանք իրենց ցեղասպանուած պապերից աւելի
աներես դուրս եկան, սրանց պահել է պէտք»

 ՍՈՖԻԱ ՅԱԿՈԲԵԱՆ

­Մու­շում ծնո­ւած եւ ­Պոլ­սում բնա­կո­ւող 27ա­մեայ ­Տիգ­րա­նի եւ նրա ըն­տա­նի­քի պատ­մու­թիւ­նը փուլ առ փուլ բա­ցա­յայ­տում է ­Ցե­ղաս­պա­նու­թիւ­նից յե­տոյ ­Մու­շում եւ ­Սա­սու­նում տե­ղի ու­նե­ցած այն ի­րա­դար­ձու­թիւն­նե­րը եւ տե­ղում մնա­ցած որ­բե­րի այն վե­րապ­րած­նե­րը, ո­րոնք տեղ չեն գտել մեր հայ­րե­նա­կան դա­սագր­քե­րի է­ջե­րում:
­Բա­ցի ժա­մա­նա­կագ­րա­կան ո­րոշ վե­րա­դա­սա­ւո­րում­նե­րից, ո­րոնք ա­րո­ւել են տեքստն ըն­թեր­ցո­ղին ա­ւե­լի դիւ­րին ըն­կա­լե­լի դարձ­նե­լու նպա­տա­կով, ­Տիգ­րա­նի խօս­քը թարգ­մա­նո­ւել եւ ներ­կա­յա­ցո­ւել է ա­ռանց ո­րե­ւէ խմբագր­ման:

­Մեր տան գաղտ­նիք­նե­րի լե­զուն

Երբ ծնո­ւել եմ, իմ ա­նու­նը հայ­րիկս ի­րա­կա­նում ­Տիգ­րան է դրել, եղ­բօ­րինս` Իս­րօ: ­Տիգ­րա­նը հա­յե­րի թա­գա­ւորն է ե­ղել, իսկ Իս­րօն սա­սուն­ցի ֆի­տա­յի էր: ­Բայց մեր անձ­նագ­րե­րի մէջ մահ­մե­տա­կան ա­նուն­ներ են նշել, միայն մե­րոնք գի­տեն մեզ որ­պէս ­Տիգ­րան ու Իս­րօ, դրսում այդ­պէս չեն կո­չում:
­Հօ­րեղ­բայրս ինձ ու եղ­բօրս տա­նում էր ուխ­տի, եր­կար-եր­կար քայ­լում էինք, ­Սուրբ Ա­ռա­քե­լոց էինք գնում, նաեւ ­Սուրբ ­Կա­րա­պետ, մոմ էինք վա­ռում ա­ւե­րակ­նե­րի մէջ: 5-6 տա­րե­կան էի, ի հար­կէ, ո­չինչ չէի հաս­կա­նում:
…­Տէ ես ի՞նչ ի­մա­նամ, տե­ղը տե­ղին մահ­մե­տա­կան ենք, ­Մու­շում ենք, շուրջս բո­լո­րը քրտեր են, բայց տէ մենք ա­րա­բե­րէն ենք խօ­սում` ­Սա­սու­նի ժո­ղովր­դի նման: Այդ­պէս, ուղ­ղա­կի ա­սում էի սա­սուն­ցի ենք: ­Մին­չեւ դպրոց գնալս թուր­քե­րէն չգի­տէի: ­Փոքր էի, հօրս ձեռ­քը բռնած ա­ռա­ջին ան­գամ Ս­թամ­պուլ ե­կայ, փո­ղո­ցում թուր­քե­րէն են խօ­սում, ա­սում եմ.- «Ալ­լահ Ալ­լահ, սրանք ի՞նչ են խօ­սում, ին­չե­րէ՞ն են խօ­սում…»: Իմ մայ­րե­նին ա­րա­բե­րէնն էր: ­Բայց տէ ա­րաբ չեմ, քիւրտ էլ չեմ, թուրք էլ չեմ… 8-9 տա­րե­կան էի, երբ ի­մա­ցայ: ­Չէ, ես հար­ցեր չէի տա­լիս, ուղ­ղա­կի պա­պի­կիս տա­տի­կիս պատ­մած­նե­րը այդ տա­րի­քում սկսե­ցի հաս­կա­նա­լով լսել, գլխիս մէջ ի մի բե­րել, հեր­թա­կա­նու­թեամբ, ի­րար կա­պե­լով, ինչ-որ մի պատ­կեր ստեղ­ծե­ցին այդ մանր-մանր մաս­նիկ­նե­րը:
Ա­մե­նա­հե­տաքր­քի­րը «մեր տան գաղտ­նիք­նե­րի լե­զուն» էր: ­Տա­տիկս, պա­պիկս գաղտ­նի ինչ-որ բան խօ­սե­լիս մեզ ան­հաս­կա­նա­լի մի լե­զո­ւի էին անց­նում, հի­մա եմ հաս­կա­նում, որ դա հա­յե­րէնն էր: Ես միայն ո­րոշ բա­ռեր, ար­տա­յայ­տու­թիւն­ներ եմ հասց­րել ֆիք­սել: ­Հի­մա սո­վո­րում եմ, գրքեր եմ ներ­բեռ­նում, փորփ­րում եմ, ե­րե­ւի ­Հա­յաս­տա­նում խօ­սո­ւող հա­յե­րէնն է գրքե­րում տրո­ւա­ծը, Ս­թամ­պու­լի հա­յե­րի մէջ էլ ու­րիշ է, բայց իմ պա­պիս լե­զուն չէր, «մեր տան գաղտ­նիք­նե­րի լե­զուն» չկար… ­Սա­սու­նի հե­ռա­ւոր գիւ­ղե­րում դեռ խօ­սում են, գնա­ցի, ա­կանջս շո­յում էր…

­Մըր օշ­խար շատ իր, հան­գիստ չթո­ղին մը­զի…

­Պա­պի­կենքս 6 եղ­բայր են ե­ղել, երբ հա­յե­րին ցե­ղաս­պա­նել են: Որբ են մնա­ցել: ­Մեծ եղ­բայ­րը սա­րե­րում հայ­դուկ էր, ան­յայտ կո­րաւ, այ­սինքն` գնաց սար ու էլ չի­ջաւ, այդ­պէս էլ ոչ ոք չտե­սաւ: ­Յե­տոյ գնում թա­փա­ռում են, քա­րան­ձաւ­նե­րի մէջ են մնում, փոքր եղ­բօ­րը քա­րան­ձա­ւից փախց­նում են մահ­մե­տա­կան­նե­րը, բայց յե­տոյ ա­զատ­ւում փախ­նում է ­Տիար­պե­քիր, էն­տեղ մե­ծա­նում է ա­սո­րի­նե­րի մէջ, յե­տոյ իր պէս որբ մի հայ աղ­ջիկ է գտնում, հաս­տատ­ւում այդ­տեղ: ­Մե­րոնք էլ ան­տէր որ­բեր, այս ա­ղա­յի ձեռ­քից այն ա­ղա­յի ձեռ­քը անց­նե­լով, մի քա­նի ան­գամ վե­րա­վա­ճա­ռո­ւե­լով պտտւում, պտտւում ­Սա­սու­նի ­Խան գիւ­ղում են յայտնւում, յե­տոյ մի ու­րիշ տեղ էլ, յե­տոյ մի կերպ ա­զատ­ւում գա­լիս են ­Քաղ­կիկ գիւ­ղը: ­Քաղ­կի­կում ար­դէն ի­րենց տունն են կա­ռու­ցում, ա­մուս­նա­նում են: ­Տա­տի­կիս էլ ­Սե­մալ գիւ­ղից են հարս բե­րում, 12 տա­րե­կան: ­Պա­պի­կիս եղ­բայր­նե­րի հա­մար էլ ­Քաղ­կի­կից ու ­Խաբլջո­զից են աղ­ջիկ ու­զում: ­Բո­լո­րը մե­րոնց պէս որ­բեր, կամ որ­բե­րի ե­րե­խա­ներ: ­Մեր տոհ­մում քիւրտ ու ա­րաբ հարս չկայ:
­Խաբլ­ջո­զի քիւրտ ա­ղան թոյլ չէր տա­լիս, որ մե­րոնք աղ­ջիկ տա­նեն իր տա­րած­քից: Ա­սում է` «Ս­րանք իմ ստրուկն են»: ­Ժա­մա­նա­կին պա­պի­կիս հօ­րը հա­ւա­տա­րիմ մի քիւրտ` ­Միր­զան, օգ­նու­թեան է հաս­նում: Գ­նում ա­սում է` «Ս­րանք էլ իմ հայն են, ինձ աղ­ջիկ չե՞ս տա­լիս»: ­Միջ-ցե­ղա­յին կռիւ­նե­րից խու­սա­փե­լու հա­մար, տա­լիս են մեզ աղջ­կան, ­Միր­զան էլ քա­ւոր է լի­նում: ­Հի­մա երբ խորն եմ մտա­ծում, ի՛նչ նո­ւաս­տա­ցու­ցիչ է` «Իմ հա­յերն են» ար­տա­յայ­տու­թիւ­նը, մա­նա­ւանդ երբ դա ա­սում են քեզ պաշտ­պա­նե­լու հա­մար: ­Սա­սու­նում մին­չեւ հի­մա կայ այդ ար­տա­յայ­տու­թիւ­նը` իմ հա­յը, նրա հա­յը…
­Տա­տի­կիս հարց­նում եմ, թե ին­չո՛ւ ­Քաղ­կի­կը թո­ղե­ցինք ու ե­կանք ­Մուշ, ծանր հո­գոց հա­նե­լով ա­սում է.- «­Մըր օշ­խար շատ իր, հան­գիստ չթո­ղին մը­զի»: ­Հէնց այ­պէս հա­յե­րէն էր ա­սում, ես չէի հաս­կա­նում, նա չէր էլ ու­զում, որ հաս­կա­նամ: Մտ­քումս պա­հել էի այդ բա­ռե­րը: ­Շատ տա­րի­ներ անց ի­մա­ցայ այդ նա­խա­դա­սու­թեան ի­մաս­տը: Ինձ հա­մար կա­րե­ւոր էր, գի­տե՞ս: Իմ բո­լոր ապ­րած հո­գե­կան տրա­մա­նե­րի բա­ցատ­րու­թիւ­նը, պատ­ճա­ռը պէտք է դրա մէջ լի­նէր: Ին­չո՞ւ ենք ա­նընդ­հատ ճա­նա­պար­հին, ին­չո՞ւ ենք միշտ ստի­պո­ւած ո­րոշ բա­նե­րի մա­սին շշու­կով խօ­սել, ին­չո՞ւ եմ ես տար­բեր իմ դա­սըն­կեր­նե­րից, ին­չո՞ւ ենք մենք ու­րիշ, ին­չո՞ւ է պա­պիկս ու­րա­խու­թիւ­նից հոն­քուր-հոն­քուր ար­տաս­ւում ա­մէն նոր թո­ռան ծնուն­դից յե­տոյ… Այդ ա­մէ­նը ին­չո՞ւ հէնց մեզ հետ պա­տա­հեց, ին­չո՞վ ար­ժա­նա­ցանք դրան: Ի­մա­ցայ: ­Փաս­տօ­րէն, մի 30-40 ոչ­խա­րի հա­մար մեր կեան­քը կե­րան: ­Ցե­ղաս­պա­նու­թեան ժա­մա­նակ էլ էր այդ­պէս, մի եր­կու կտոր ոս­կու, մի քա­նի տաս­նեակ ոչ­խա­րի հա­մար էին ա­րիւն թա­փում մեր հա­րե­ւան­նե­րը, ա­յո՛, հէնց ժո­ղո­վուր­դի մա­սին եմ խօ­սում ես:

Աս­տո­ւած տայ միայն, որ այդ օ­րե­րը դու եր­բեք չտես­նես լաօ…

1930ա­կան­նե­րին աք­սո­րել են պա­պի­կիս ­Սա­սու­նից: ­Հի­մա որ ա­սես ին­չո՞ւ, ես էլ չգի­տեմ: Այն­քան խա­ռը ժա­մա­նակ­ներ էին, որ սեւն ու սպի­տա­կը ի­րար էր խառ­նո­ւել: ­Սա­րե­րը լիքն էին քրտա­կան հրո­սա­կախմբե­րով, այս ան­գամ` պե­տու­թեան դէմ: ­Հա­յե­րին քշե­ցին, չորս կող­մը սով սկսո­ւեց, հա­յե­րի գնա­լուց յե­տոյ հա­զա­րա­ւոր մահ­մե­տա­կան­ներ մա­հա­ցան սո­վից: ­Տէ բնա­կան է, կո­ճակ կա­րել ան­գամ չգի­տէին: Երբ վեր­ջա­ցաւ հա­յե­րից մնա­ցած ա­ւա­րը, քրտե­րը նոր սկսե­ցին զար­մա­ցած ի­րար նա­յել, թէ բա հի­մա մեզ ո՞վ է կե­րակ­րե­լու… ­Պե­տու­թիւնն էլ` «­Բա­րեւ ձեզ, ե­ղունգ ու­նէք, գլուխ­ներդ քո­րէք»:
­Խա­ռը բա­խում­նե­րի մէջ հա­յեր էլ գնա­ցին, պա­պիս ա­սած` «Ի­շու նա­հա­տակ» ե­ղան: Ընդ­հան­րա­պէս այս ու այն կողմ են թա­փա­ռել այդ տա­րի­նե­րին, գիւ­ղից գիւղ, տնից տուն… ­Տա­տիկս ա­սում է բարձ­րա­նում էինք սար` քիւրտ պար­տի­զան­ներն էին, իջ­նում էինք ներ­քեւ`այն­տեղ էլ զի­նո­ւոր­ներն էին: Ո­րոշ հա­յեր միա­ցան այդ ժա­մա­նակ քրտե­րին:
­Մե­րոնք գար­նա­նը գնում էին ­Գե­լիէ­գու­զա­նի գե­րեզ­մա­նա­տան մօտ, ­Կար­միր վան­քից ներ­քեւ, բան­ջար կար, քա­ղում ու­տում էին հէնց այդ­պէս, աշ­նա­նը գըլ­գըլ էին հա­ւա­քում բե­րում, թա­ղում էին տան յե­տե­ւի փո­սի մէջ, ձմրա­նը հաց թխում ու­տում… Ա­մե­նաա­նո­րակ ա­լիւրն է գըլ­գը­լի ա­լիւ­րը, բայց նոյ­նիսկ դա ստի­պո­ւած էին թաքց­նել այն ժա­մա­նակ: ­Մէկ էլ ըն­կու­զե­նուց թափուած փճա­ցած ըն­կոյ­զին էին հաս­նում, դա էին հա­ւա­քում ու­տում:
­Պա­պիկս աք­սո­րից յե­տոյ նո­րից ­Սա­սուն վե­րա­դար­ձաւ: ­Հի­ւանդ, տկար, բեռ­նակ­րու­թիւն էին ստի­պել ա­նի աք­սո­րա­վայ­րում, օ­րը մէկ բա­րակ կտոր հաց, ե­րեք զէյ­թուն ու պա­նիր… Ա­մա­սիա­յում է անց­կաց­րել աք­սո­րը, յե­տոյ ­Մա­նի­սա­յում:
­Բայց ի վեր­ջոյ վեր­ադար­ձաւ գիւղ` կնոջ ու ե­րե­խա­նե­րի մօտ:
Այդ ըն­թա­քում եր­կու մեծ եղ­բայր­նե­րը ըն­կան պատ­մու­թեան մէջ, փա­խան ­Սի­րիա: ­Շուշ­նա­մեր­գից, ­Գե­ղա­շէ­նից ու ­Մըջ­գե­ղից 6-7 հայ աղ­ջիկ քրտե­րի ու ա­րաբ­նե­րի ձեռ­քից փախց­րին տա­րան ­Գա­միշ­լի, տո­ւե­ցին հա­յե­րի ձեռ­քը: ­Մեծ աղ­մուկ, սպա­նու­թիւն­ներ ե­ղան այդ աղ­ջիկ­նե­րի հա­մար, մե­րոն­ցից 3 հո­գի, քրտե­րից 5 հո­գի խփո­ւեց: ­Մի կերպ ­Գա­միշ­լի լուր ու­ղար­կե­ցին, թէ՝ «յան­կարծ ետ չգաք»: ­Յե­տոյ՝ ­Հա­լէպ ան­ցան, ­Պէյ­րութ, վեր­ջում ­Հա­յաս­տան:
­Պա­պիկս կար­ծեմ 1940 թ. յե­տոյ էլ կրօ­նա­փոխ ե­ղել է: Կ­րօ­նա­փո­խո­ւեց, երբ բա­նը հա­սաւ ըն­տա­նի­քի կա­նանց վրայ յար­ձա­կում­նե­րին: ­Պա­պի­կիս եղ­բօր հար­սին ներք­նա­յար­կում էին պա­հում, որ հա­րե­ւան­նե­րը չփախց­նեն: Չ­նա­յած ես միշտ մե­ղադ­րել եմ պա­պիս, եր­բեմն պոռթ­կում էի խեղճ մար­դու վրայ-. «­Դուք ին­չո՞ւ դրանց ա­ռաջ վիզ ծռե­ցիք ա՛յ պապ, դուք ինչ­պէ՞ս խեղ­ճա­ցաք»… Ա­սում է.- «Աս­տո­ւած տայ միայն, որ այդ օ­րե­րը դու եր­բեք չտես­նես լաօ»:
Ու­զո՞ւմ ես ճիշդն ի­մա­նալ. մեզ պաշտ­պա­նող ա­շի­րէթ­նե­րի մեծ մա­սի հա­մար էլ էինք մենք ա­ւար: ­Պե­տու­թիւ­նը մեզ ար­նա­քամ ա­րեց, գցեց դրանց դի­մաց` որ­պէս շնե­րի կեր: ­Մեր ամ­բողջ ու­նե­ցո­ւած­քը իւ­րաց­րել են: ­Հայ որ­բե­րին տա­նում պա­հում էին, ու­նե­ցո­ւած­քը բա­ժա­նում ի­րար մէջ: ­Կա­յին խղճով, բա­րո­յա­կան մահ­մե­տա­կան­ներ, ո­րոնք ուղ­ղա­կի հրա­ժա­րո­ւե­ցին մեզ պա­տա­ռո­տե­լուց, բայց միւս­նե­րի ա­րած­նե­րը կան­խե­լու հա­մար նրանք շատ փոքր ու անն­շան կշիռ ու­նէին:
­Տատս եր­բեք չի մո­ռա­նում. ­Դաւ­թի ամ­րո­ցի մօտ երբ կեն­դա­նի­ներ էին ա­րա­ծեց­նում, իջ­նում էին մին­չեւ ­Կուս­գետ, կեն­դա­նի­նե­րը գե­տի մէջ լո­ղա­նում, անց­նում էին միւս կողմ, այն­տեղ քրտե­րի տներ կա­յին: ­Տատս վա­խե­նում է անց­նել միւս կողմ, ժա­մե­րով քա­րի վրայ նստած լաց է լի­նում: ­Միւս կող­մի քիւրտ հո­վի­ւը մեր կեն­դա­նի­նե­րին ծե­ծե­լով քշում լցնում է գե­տը, որ գնան հաս­նեն տա­տի­կիս: Ի­րեն չի վերց­նում մեր կեն­դա­նի­նե­րին: Դ­րա հա­մար տատս միշտ ա­սում էր` մար­դու փո­րը սո­ված թող լի­նի, աչ­քը սո­ված չլի­նի:

Այս կրօ­նա­փոխ­նե­րը չլի­նէին՝ ­Թուր­քիա­յում իս­լա­մը վա­ղուց մե­ռած վի­ճա­կում կը լի­նէր

­Հօ­րեղ­բայրս միշտ կա­տա­կով ա­սում է.- «Այս կրօ­նա­փոխ­նե­րը չլի­նէին՝ ­Թուր­քիա­յում իս­լա­մը վա­ղուց մե­ռած վի­ճա­կում կը լի­նէր»: ­Բայց այդ կա­տակն իր մէջ ի­րա­կա­նում ճշմար­տու­թեան մի մեծ բա­ժին ու­նի: ­Թուր­քիա­յում կրօ­նա­մո­լու­թեամբ տա­ռա­պում են հիմ­նա­կա­նում հէնց կրօ­նա­փոխ­նե­րը: Ի­րար կողք կանգ­նեց­րու մի թուր­քի, մի քրտի եւ մի կրօ­նա­փոխ հա­յի, տես թէ ո՛վ ­Ղու­րանն ան­գիր կ­՚ա­սի:
­Սա­սու­նում տե­ղի քրտերն էլ իս­լա­մը մե­զա­նից են սկսել սո­վո­րել, դրանք բան չգի­տէին: Ալ­լա­հի ա­նու­նով էին մեզ կո­տո­րում, ի­րա­կա­նում ուղ­ղա­կի սո­ված էին:
­Սա­սու­նի Ար­խունդ գիւ­ղը օ­րի­նակ… ­Մեծ գիւղ, ե­րե­սու­նից ա­ւե­լի հա­յե­րի տներ կա­յին, բո­լո­րը քրիս­տո­նեայ մին­չեւ վեր­ջին 40 տա­րին… Բռ­նե­ցին ա­ռանց մարդ­կանց հարց­նե­լու գրե­ցին «մահ­մե­տա­կան», ե­կե­ղե­ցին դարձ­րին մզկիթ: ­Հա­յե­րը, տե­սան հնար չկայ, կա­տա­ղե­ցին: ­Կող­քի գիւ­ղե­րի քրտե­րը մինչ այդ նա­մա­զի ձեւն ան­գամ չգի­տէին, տէ տա­ռա­ճա­նաչ էլ չէին, որ ­Ղու­րան կար­դա­յին:
Ար­խունդ գիւ­ղից մի հայ կա­տա­ղած գնում սրանց զէն­քի ու­ժով բե­րում լցնում է մզկիթ, ա­սում է` «­Նա­մազ ա­րէք»: Ա­սում են`. «Աս­տո­ւած սի­րես, մե­զա­նից ի՞նչ ես ու­զում»:
Այս մարդն ա­սում է` «­Մեզ չթո­ղե­ցիք ե­կե­ղե­ցի գնանք, մեր ե­կե­ղե­ցին մզկիթ դարձ­րե­ցիք, տէ ա­րէք ձեր նա­մա­զը, սրա­նից յե­տոյ ա­մէն օր մե­ծից փոքր գա­լու էք մզկիթ, թէ չէ ձեր գիւ­ղում կեն­դա­նի մարդ չեմ թող­նի»:
­Թուր­քիա­յում հի­մա իս­լա­մը շատ ա­րագ տեմ­պե­րով է զար­գա­նում, ա­ռաջ այս փո­ղո­ցում մէկ մզկիթ կար, 5 տա­րո­ւայ մէջ 4րդն­ են ար­դէն կա­ռու­ցում: ­Նա­յում ես, ով­քե՞ր են այս ա­մէ­նը տա­րա­ծող­նե­րը, ո՞վ է «Եա՛ Ալ­լահ, ­Պիս­միլ­լահ» բղա­ւող նա­խա­գա­հը, կրօ­նա­փոխ լազ է, չէ՞:
Ս­թամ­պուլ ե­կայ, ամ­բողջ շէն­քում 3 հա­րե­ւան ու­նէինք, ո­րոնք օ­րո­ւայ 5 նա­մա­զը պար­տա­դիր ա­նում էին: ­Մէ­կը կրօ­նա­փոխ հրեայ դուրս ե­կաւ, միւ­սը ա­սո­րի, այն միւսն էլ հայ:
Ու դուք այս երկ­րի մզկիթ­նե­րում լցո­ւած «պա­րա­նո­յիկ»նե­րից խել­քը գլխին բա՞ն էք սպա­սում: ­Հա՛, մեր ցե­ղում էլ կան դրան­ցից, ա­սում եմ «­Սե­լա­մո­ւա­լէյ­քում»նե­րը»: ­Բայց ազ­գա­կան­նե­րիցս ո­մանք էլ սկսե­ցին ­Հա­յաս­տան գնալ գալ, պա­պի­կիս եղ­բօր թո­ռը ե­րե­խա­նե­րին մկրտեց Էջ­միած­նում: ­Հայրս ու հօ­րեղ­բայրս մէ­կը մէ­կից ազ­գայ­նա­կան հայ են ներ­քուստ, բայց քե­ռի­ներս ան­ցեա­լին չեն էլ անդ­րա­դառ­նում:
­Վեր­ջին ան­գամ ան­ցեալ տա­րի քե­ռիս հա­մո­զեց տա­րաւ մզկիթ ինձ, ի­մա­մը նստած քա­րոզ է կար­դում, թէ` «­Նա­մազ չա­նես դրախտ չես գնայ, պաս չպա­հես դրախտ չես գնա»: Նս­տած լսում եմ: ­Յե­տոյ ա­սա­ցի` «­Հո­ճա՛, մի հարց տամ քո թոյլ­տո­ւու­թեամբ: ­Հաս­կա­ցանք, նա­մազ է բան է, լաւ բան է, ի՞նչ խօսք, բա մարդ­կու­թեա­նը ծա­ռա­յե՞­լը»: Ա­սում է` «Այ­սինքն ինչ­պէ՞ս»: Ա­սա­ցի.- «­Տէ, ա­սենք, էն կեա­վուր քրիս­տո­նեա­նե­րը դրե­ցին լո­ւաց­քի մե­քե­նայ ար­տադ­րե­ցին, աշ­խար­հում մի­լիո­նա­ւոր մար­դիկ դրա­նից են օգտ­ւում, դուք նոյն­պէս, բա հի­մա ինչ­պէ՞ս պի­տի լի­նի, որ մարդ­կու­թեա­նը ծա­ռա­յած այդ կեա­վուր­նե­րը դրախտ չգնան, իսկ դուք գնա՞ք»: ­Կարմ­րեց, կա­նա­չեց, ա­սաց.- «­Տա­րէք սրան, սա սա­տա­նայ է…»:

­Տօ քեզ էլ, քո մահ­մե­տա­կա­նու­թիւնն էլ…

­Պա­պիկս մզկիթ էր գնում ­Մու­շում, ա­սում էր.- «Որ մեռ­նեմ գո­նէ դիակս մէջ­տե­ղը չմնայ ան­տէր, մզկի­թից կը տա­նէք, էս­տեղ ո՛չ ե­կե­ղե­ցի կայ, ո՛չ նոր ե­կե­ղե­ցի կա­ռու­ցող հայ»:
Ի­րա­կա­նում պա­պի­կիս ներ­սում միշտ ինչ-որ հա­կա­սու­թիւն, ներ­քին բա­խում եմ նկա­տել: ­Գի­տեմ, որ ի սկզբա­նէ ձե­ւա­կան է կրօ­նա­փո­խո­ւել, բայց այդ ան­ճա­րու­թիւ­նը նրան խեղ­ճաց­նում է, ան­ճա­րու­թիւ­նը կա­տա­ղեց­նում է: Սկ­սում է ինքն ի­րեն հա­կա­սել: Օ­րի­նակ` մեզ ա­սում է,- «Զ­գոյշ կը լի­նէք, ա­մէն տեղ աջ ու ձախ չխօ­սէք ձեր ծագ­ման մա­սին, ա­մէն տե­սա­կի մարդ կայ, տղա՛ս»…
Սկ­սում եմ հա­յե­րէն եր­գեր սո­վո­րել, յուզ­ւում է, բայց յե­տոյ աչ­քե­րը չռում վրաս ու ա­սում.- «­Խելքդ թռցրե­ցի՞ր նո­րից, դու շատ չգի­տես, ի՛նչ ես աք­լո­րա­ցել՝ հա­յու­թիւն ես խա­ղում»…
­Բայց տես, յան­կարծ հէնց մի քիչ ուշ եմ սափր­ւում, պա­պիկս սկսում է.- «Ա՛յ տղայ, այդ ի՞նչ մօ­րուք է, հօ դու ի­մամ չես»: Ես էլ հո­գու հետ եմ խա­ղում.- «Ա՛յ պապ, ինձ նման հա­ւա­տա­ւոր մահ­մե­տա­կա­նին ինչ­պէ՞ս ես նման բան ա­սում»: ­Մէկ էլ աչ­քե­րը կարմ­րում են ու գնաց հայ­հո­յանք­նե­րի շա­րա­նը.- «­Տօ քեզ էլ, քո մահ­մե­տա­կա­նու­թիւնն էլ»:
­Տա­տիկս էլ շատ էր ար­տաս­ւում, մա­նա­ւանդ երբ ծե­րա­ցաւ, յոգ­նեց, ա­նընդ­հատ սպա­սե­լուց յոգ­նեց: ­Միշտ մտա­ծում էր ­Հա­յաս­տան ար­տա­գաղ­թած իր եղ­բայր­նե­րից մէ­կը կը գայ ի­րեն կը գտնի: ­Մար­դիկ կա­յին, ո­րոնք ինչ-որ մի կերպ գտնում էին ի­րենց ազ­գա­կան­նե­րին, ան­գամ թա­քուն նա­մա­կագ­րա­կան կա­պեր էին հաս­տա­տում, 5 տա­րին մէկ, 10 տա­րին մէկ գնա­ցող-ե­կող էին գտնում, իր հետ ու­ղար­կում: ­Թուր­քե­րէն էին գրում, նրանք էլ հա­յե­րէն էին գրում, ո՛չ սրանք էին բան հաս­կա­նում, ոչ էլ միւս­նե­րը, բայց աչ­քի լոյ­սի պէս պա­հում էին այդ թղթի կտոր­ներ­րը: ­Տա­տիկս եր­բեք նա­մակ չստա­ցաւ:
­Հայրս, հօ­րեղ­բայրս 10 տա­րի ա­ռաջ ­Հա­յաս­տան գնա­ցին ա­ռա­ջին ան­գամ, պա­պի­կիս բա­րե­կամ­նե­րին գտան: ­Հի­մա շփւում ենք, ճիշդ է, լե­զուն շատ չգի­տենք, բայց մի կերպ ի­րար հաս­կա­նում ենք: Ես էլ եմ գնա­լու ­Հա­յաս­տան: Ու­զում եմ մի քիչ եր­կար, ա­մե­նա­քի­չը ամ­բողջ ա­մառ մնամ, որ լե­զուն սո­վո­րեմ, գա­լուս հիմ­նա­կան նպա­տա­կը դա է լի­նե­լու:

Թշ­նա­մի­նե՞ր, չէ, ես այդ­քան ժա­մա­նակ չու­նեմ

­Խա­նու­թում նստած աշ­խա­տում էի մի օր: Ար­ծաթ էի ձու­լում: ­Կող­քիս մի թուրք վար­պետ էլ կար, 6 տա­րի է կող­քիս է աշ­խա­տում: Այդ օ­րը ե­կաւ, պտտո­ւեց շուրջս, գնաց ե­կաւ, գնաց ե­կաւ, ա­սաց.
- ­Մու­շից էիր, չէ՞:
- Ա­յո՛:
- ­Կը նե­րես, որ հարց­նում եմ, քի՞ւրտ ես:
- Ո՛չ:
- ­Տանն ի՞նչ լե­զո­ւով էք խօ­սում, տղա՛ս…
- Ա­րա­բե­րէն:
­Մին­չեւ գլու­խը կը բարձ­րաց­նէր, որ հարց­նի, թէ ար­դեօք ա­րաբ եմ, կարճ կա­պե­ցի.
- ­Հայ եմ ես, վար­պե՛տ:
Ու­ղիղ կէս ժամ լռու­թիւն էր խա­նու­թում: ­Յե­տոյ ա­սաց.
- Ես հաս­կա­ցել էի:
- Որ­տե­ղի՞ց էիք հաս­կա­ցել:
- Աշ­խա­տե­լուցդ:
Ե­րե­կո­յեան դուրս գա­լուց ա­ռաջ կրկին մօ­տե­ցաւ.- «Ես էլ ­Մա­լա­թիա­յից եմ: ­Թուր­քիա­յի ա­րե­ւել­քը ձերն էր»: ­Շատ չեր­կա­րաց­րե­ցի, ա­սա­ցի.- «­Հա՛, գի­տեմ»:
Այ­լեւս եր­բեք չխօ­սե­ցինք այդ մա­սին:
­Հի­մա շատ տար­բեր մարդ­կանց եմ հան­դի­պում մեծ քա­ղա­քում: Երբ տա­նից դուրս եմ գա­լիս, չեմ կա­րող ի­մա­նալ իմ դի­մաց թերթ վա­ճա­ռող տղան թո՞ւրք է, քի՞ւրտ է, հա՞յ է, ո՞ւմ տղան է, ի՞նչ ըն­տա­նի­քից է, ո՞ր քա­ղա­քից է… Ուր մնաց նստեմ մտա­ծեմ թշնա­մի՞ս է, թէ՞ ոչ:
Ու ընդ­հան­րա­պէս ժա­մա­նակ չու­նեմ մտա­ծե­լու թշնա­մի­նե­րի մա­սին, ես 20 տա­րուց ա­ւե­լի ու­նեմ կորց­րած իմ ե­տե­ւում. իմ լե­զուն, իմ մշա­կոյ­թը պի­տի սո­վո­րեմ, որ ե­րե­խա­յիս մօտ ա­մօ­թով չմնամ, նո­րից հայ դառ­նա­լու հա­մար գու­ցէ մի ամ­բողջ կեանք է պա­հանջ­ւում, իսկ ես այդ­քան ժա­մա­նակ չու­նեմ, ես ի­րա­ւունք չու­նեմ դա­տարկ բա­նե­րի վրայ ժա­մա­նակս վատ­նե­լու:
­Տե՛ս, ­Մու­շում «հայ եմ ես, հա՜յ» բղա­ւե­լու պատ­րաստ մի սե­րունդ է ա­ճում, սրանք ի­րենց որ­բա­ցած, ցե­ղաս­պա­նո­ւած պա­պե­րից ա­ւե­լի ա­նե­րես դուրս ե­կան, սրանց պա­հել է պէտք: