Գերմանիոյ խորհրդարանը Յունիս 2ին ընդունեց ՔրիստոնեայԴեմոկրատական եւ Քրիստոնեայ-Սոցիալական Միութիւնների (Ք.Դ.Մ.-Ք.Ս.Մ.), Գերմանիոյ Սոցիալ-Դեմոկրատական Կուսակցութեան (Գ.Ս.Դ.Կ.) եւ Դաշնութիւն 90-Կանաչներ խմբակցութիւններու կողմէ ներկայացուած բանաձեւը, որ 101 տարի առաջ հայերու եւ
այլ քրիստոնեայ փոքրամասնութիւններու նկատմամբ իրագործուած տեղահանութիւններն ու կոտորածները ճանչցած է որպէս Ցեղասպանութիւն: Կը ներկայացնենք բանաձեւի արեւելահայերէն թարգմանութիւնը։
1915 եւ 1916 թթ. հայերի եւ այլ քրիստոնեայ
փոքրամասնութիւնների դէմ իրագործուած
Ցեղասպանութեան ոգեկոչումն ու յիշատակը
Բունդեսթագը ցանկանում է հետեւեալ բանաձեւն ընդունել.
Գերմանիայի Բունդեսթագը խոնարհւում է Օսմանեան Կայսրութիւնում աւելի քան 101 տարի առաջ հայերի եւ այլ քրիստոնեայ փոքրամասնութիւնների նկատմամբ իրագործուած տեղահանութիւնների եւ կոտորածների զոհերի առջեւ: Նա դատապարտում է ժամանակի երիտթուրքական կառավարութեան յանցագործութիւնները, որոնք յանգեցրին հայերի գրեթէ լիակատար բնաջնջմանը Օսմանեան Կայսրութիւնում: Նոյն ճակատագրին արժանացան նաեւ այլ քրիստոնեայ ժողովուրդների խմբեր՝ յատկապէս ասորի-արամէացի եւ քաղդէացի քրիստոնեաները:
Ժամանակի երիտթուրքական ռեժիմի (վարչակարգի) յանձնարարութեամբ 1915թ. Ապրիլի 24ին Օսմանեան Կայսրութիւնում սկսուեց մէկ միլիոնից աւելի ազգութեամբ հայ բնակչութեան ծրագրուած տեղահանումն ու բնաջնջումը: Նրանց ճակատագիրը որպէս վառ օրինակ է հանդիսանում զանգուածային բնաջնջումների, էթնիկ (ազգային) զտումների, տեղահանումների, այլ ցեղասպանութիւնների պատմութեան համար, որոնց զարհուրելի կնիքն է կրում 20րդ դարը:
Ընդ որում մենք գիտենք Հոլոքոսթի բացառիկութիւնը, որի համար Գերմանիան մեղք ու պատասխանատուութիւն է կրում:
Բունդեսթագը ցաւում է Գերմանական Կայսրութեան անփառունակ դերի համար, որը որպէս Օսմանեան Կայսրութեան գլխաւոր ռազմական դաշնակից, չնայած հայերի կազմակերպուած տեղահանումների եւ բնաջնջման մասին նաեւ գերմանացի դիւանագէտների եւ միսիոնարների կողմից հաղորդուած միանշանակ տեղեկութիւններին, անգամ չփորձեց կասեցնել մարդկութեան դէմ իրագործուող այդ յանցագործութիւնը: Այս ոգեկոչմամբ Գերմանիայի Բունդեսթագը արտայայտում է իր յատուկ յարգանքը երկրագնդի թերեւս հնագոյն քրիստոնեայ ժողովրդի հանդէպ:
Գերմանիայի Բունդեսթագը ամրագրում է իր 2005 թուականին ընդունած բանաձեւը (տպ. փստթղթ. 15/5689), որը նուիրուած էր ինչպէս զոհերի յիշատակին, այնպէս էլ իրադարձութիւնների պատմական գնահատականին՝ նպատակ ունենալով նպաստել թուրքերի եւ հայերի միջեւ հաշտութեանը:
100ամեակի կապակցութեամբ 2015թ. Ապրիլի 24ին Գերմանիայի Բունդեսթագում տեղի ունեցած յատուկ նիստի ընթացքում, բոլոր խմբակցութիւններից ելոյթ ունեցողները, եւ յատկապէս Գ.Դ.Հ. նախագահն այդ քննարկման նախօրեակին, դատապարտեցին հայերի նկատմամբ իրագործուած ցեղասպանութիւնը՝ ոգեկոչեցին զոհերին եւ հաշտութեան կոչ արեցին: Գերմանական Կայսրութիւնը մեղսակից է եղել այդ իրադարձութիւններին:
Բունդեսթագը խոստովանում է, որ Գերմանիան յատուկ պատմական պատասխանատուութիւն է կրում այդ հարցում: Դա իր հետ բերում է նաեւ հայերին եւ թուրքերին օգնելու պարտականութիւնը՝ անցեալի անդունդները յաղթահարելու եւ հաշտութեան ու փոխ-ըմբռնման ուղիներ փնտռելու գործում: Հաշտեցման այս գործընթացը վերջին տարիներին շտապ նոր խթանների կարիք ունի:
Գերմանիայի Բունդեսթագը յարգանքի տուրք է մատուցում ոչ միայն աներեւակայելի դաժան յանցագործութեան զոհերի յիշատակին, այլեւ այն բոլոր անձանց, որոնք Օսմանեան եւ Գերմանական Կայսրութիւններում 100 տարի առաջ դժուարին պայմաններում եւ իրենց կառավարութիւնների ընդդիմութեան պարագայում տարբեր միջոցներով ամէն ինչ արեցին հայ կանանց, երեխաներին եւ տղամարդկանց փրկելու համար:
Այսօր Գերմանիայի դպրոցական, համալսարանական եւ քաղաքական կրթութեան առջեւ պարտականութիւն է ծառանում՝ ուսումնական ծրագրերում եւ նիւթերում ընդգրկել հայերի տեղահանման եւ բնաջնջման պատմութիւնը որպէս 20րդ դարի էթնիկ բախումների պատմութեան մաս՝ աւանդելով այն գալիք սերունդներին: Այդ հարցում կարեւոր դեր ունեն կատարելու յատկապէս Գ.Դ.Հ.ի երկրամասերը:
Գերմանիայի Բունդեսթագն համարում է, որ տեղահանումների եւ կոտորածների զոհ դարձած հայերի ոգեկոչումը՝ հաշուի առնելով Գերմանիայի դերը եւ նկատի ունենալով նիւթի ներկայացումը հայկական ու թուրքական ծագում ունեցող համաքաղաքացիներին, նպաստում է նաեւ նրանց համախմբմանն ու համատեղ խաղաղ համակեցութեանը:
Գերմանիայի Բունդեսթագը ողջունում է նաեւ Թուրքիայի գիտական, հասարակական, արուեստի ու մշակոյթի բնագաւառներում այն նախաձեռնութիւնների եւ ներդրումների աճը, որոնք ուղղուած են հայերի նկատմամբ իրագործուած յանցագործութեան քննութեանն ու թուրքերի եւ հայերի միջեւ հաշտեցմանը:
Գերմանիայի Բունդեսթագը շարունակում է խրախուսել Գ.Դ.Հ. կառավարութեանը՝ 1915թ. հայերի դէմ իրագործուած տեղահանումների եւ կոտորածների զոհերի ոգեկոչմանն ու վերաիմաստաւորմանն ուշադրութիւն յատկացնելու գործում: Գերմանիայի Բունդեսթագը ողջունում է նաեւ հարցի արծարծմանն ու օժանդակութեանն ուղղուած իւրաքանչիւր նախաձեռնութիւն:
Գերմանիայի սեփական պատմական փորձը ցոյց է տալիս, թէ որքան դժուար է իւրաքանչիւր հասարակութեան համար՝ անդրադառնալ իր պատմութեան մութ էջերին: Այսուհանդերձ, պատմութեան անաչառ հետազօտումը թերեւս հաշտութեան ամենակարեւոր հիմքն է հանդիսանում ինչպէս տուեալ հասարակութեան ներսում, այնպէս էլ նրա ուրիշների հետ ունեցած յարաբերութիւնների մէջ: Ընդ որում այստեղ պէտք է տարբերել ոճրագործների կողմից գործուած մեղքը եւ այսօր ապրող մարդկանց կրած պատասխանատուութիւնը: Բացի այդ, անցեալի ոգեկոչումը նախազգուշացնում է մեզ արթուն մնալ եւ խոչընդոտել իւրաքանչիւր քայլի, որ վերստին կարող է սպառնալ մարդկանց ու ժողովուրդներին:
Գերմանիայի Բունդեսթագը տեղեակ է Հայաստանի եւ Թուրքիայի կողմից 2005 թուականից ի վեր նախաձեռնուող մերձեցման փորձերից եւ կոչ է անում թէ՛ ոգեկոչման եւ թէ միջ-պետական յարաբերութիւնների կարգաւորման հարցերում քայլեր կատարելու: Այդուհանդերձ երկու պետութիւնների միջեւ յարաբերութիւնները շարունակում են մնալ լարուած՝ կրելով փոխադարձ անվստահութեան կնիքը: Գերմանիան պէտք է օժանդակի հայերին եւ թուրքերին մերձեցման գործընթացում: Ի հարկէ կենսական նշանակութիւն ունի պատմութեան հետ առերեսումը, վերաիմաստաւորումը, որը փոխըմբռնման հիմք է կարող է հանդիսանալ թէ՛ ներկայի եւ թէ ապագայի համար: Թուրքիայի Հանրապետութեան եւ Հայաստանի Հանրապետութեան միջեւ յարաբերութիւնների լիցքաթափումն ու կարգաւորումը կարեւոր են նաեւ կովկասեան տարածաշրջանի կայունացման համար: Գերմանիան Ե.Մ. հարեւանութեան քաղաքականութեան շրջանակներում պատասխանատու է զգում իրեն հայ-թուրքական յարաբերութիւններում կատարած պատմական դերի առումով:
1. Գերմանիայի Բունդեսթագը կոչ է անում գերմանական կառավարութեանը.
- Հարիւրամեակի կապակցութեամբ 2015թ. Ապրիլի 24ին Գերմանիայի Բունդեսթագում կայացած յատուկ նիստի քննարկման ոգով շարունակել նպաստելու 1915-1916 թուականների հայերի տեղահանման եւ գրեթէ լիակատար բնաջնջման, ինչպէս նաեւ այդ հարցում Գերմանական կայսրութեան ունեցած դերի մասին հրապարակային լայն արծարծմանը.
- Թուրքական կողմին խրախուսել զբաղուելու ժամանակին տեղի ունեցած տեղահանումների եւ կոտորածների հարցով, որը հիմնաքարային նշանակութիւն ունի հայ ժողովրդի հետ հաշտեցման գործընթացում.
- Շարունակել անցեալի վերաիմաստաւորումով հասնել թուրքերի եւ հայերի միջեւ մերձեցման, հաշտութեան եւ պատմական մեղքի ներման.
- Շարունակել օժանդակել եւ պետական բիւջէի սահմաններում ֆինանսաւորել Թուրքիայում եւ Հայաստանում այն գիտական, հասարակական եւ մշակութային միջոցառումներն ու փոխանակման ծրագրերը, որոնք կը ծառայեն հայերի եւ թուրքերի միջեւ պատմութեան վերաիմաստաւորմանը.
- Որպէս առաջին քայլ ակտիւօրէն (աշխուժօրէն) օժանդակել Հայաստանի եւ Թուրքիայի կողմից պատմական իրադարձութիւնների քննարկմանը եւ հայ-թուրքական յարաբերութիւնների վաղուց ի վեր սպասուող բարելաւմանը, օրինակ՝ գիտնականներին կրթաթոշակների շնորհման կամ երկու երկրների այն հասարակական ուժերի օժանդակման միջոցով, որոնք ջանքեր են գործադրում վերաիմաստաւորման եւ հաշտեցման ուղղութեամբ.
- Թուրքիայի եւ Հայաստանի կառավարութիւնների ներկայացուցիչներին խրախուսել՝ շարունակելու միջ-պետական յարաբերութիւնների կարգաւորման գործընթացը, որն այս պահին լճացման մէջ է.
- Ջանք գործադրել, որպէսզի Թուրքիայի եւ Հայաստանի կառավարութիւնները վաւերացնեն 2009թ. ստորագրուած Ցիւրիխեան Արձանագրութիւնները, որոնք նախատեսում են ստեղծել պատմութեան գիտական հետազօտման յանձնախումբ, դիւանագիտական յարաբերութիւնների կարգաւորում եւ համատեղ սահմանի բացում.
- Միջնորդել, որպէսզի վերջին տարիներին Թուրքիայում հայկական մշակութային ժառանգութեան պահպանման ուղղութեամբ սկիզբ առած քայլերն աւելի եռանդուն կերպով շարունակուեն.
- Ֆինանսական հնարաւորութիւնների շրջանակներում Գերմանիայում նոյնպէս շարունակել օժանդակել գիտահասարակական եւ մշակոյթի բնագաւառներում տարուող այն նախաձեռնութիւններն ու ծրագրերը, որոնք թեմատիկ առումով առնչւում են 1915-16թթ. իրադարձութիւնների հետ:
Բեռլին, ամսաթիւ (…)
Ֆոլկեր Քաուդեր, Գերդա Հասելֆելդթ եւ խմբակցութիւն
Թոմաս Օպերմանն եւ խմբակցութիւն
Կատրին Գէօրինգ-Էքարդ, Անտոն Հոֆրայթեր եւ խմբակցութիւն
Հիմնաւորում
Օսմանեան Կայսրութիւնում Առաջին Համաշխարհային Պատերազմի ընթացքում հայերի բնաջնջումը, հազարամեակների պատմութիւն ունեցող հայ ժողովրդի համար, մեծագոյն եւ ծանրագոյն հետեւանքներ ունեցող աղէտ էր: Անկախ աղբիւրների հաշուարկներով՝ տեղահանումներին եւ զանգուածային ջարդերին զոհ գնացին միլիոնից աւել հայեր: Բազմաթիւ անկախ պատմաբաններ, խորհրդարաններ եւ միջազգային կազմակերպութիւններ հայերի տեղահանումներն ու բնաջնջումը որակում են որպէս Ցեղասպանութիւն: Ինչպէս կրօնը եւ լեզուն, այնպէս էլ բռնագաղթների եւ կոտորածների յիշողութիւնը կարեւոր նշանակութիւն ունի այս ժողովրդի ինքնութեան համար:
Գերմանիայի Բունդեսթագը յիշում է այս իրադարձութիւնները՝ նաեւ Առաջին Համաշխարհային Պատերազմի մասին յիշողութեան համատեքստում: Գերմանական Կայսրութիւնը Օսմանեան կայսրութեան գլխաւոր ռազմական դաշնակիցն էր: Տեղեակ լինելով հայերի հետապնդումների եւ սպանութիւների մասին, Գերմանական Կայսրութեան այն ժամանակուայ կառավարութիւնը այնուամենայնիւ ոչինչ չձեռնարկեց: Գերմանիայի Դաշնային Հանրապետութիւնը պատասխանատուութիւն է կրում այս յանցագործութեան հետ առերեսման եւ դրա մասին յիշողութիւնը արթուն պահելու համար օժանդակութիւն ցուցաբերելու գործում:
Չնայած փաստերի առկայութեանը, Թուրքիան մինչեւ օրս ժխտում է, որ հայերի տեղահանութիւնը, հետապնդումը եւ կոտորածը նախապէս ծրագրուած են եղել եւ որ տարհանման ճանապարհին տեղի ունեցած զանգուածային ջարդերն օսմանեան կառավարութեան կողմից կանխամտածուած են եղել:
Ընդհանուր առմամբ ջարդերի եւ տեղահանումների ծաւալը Թուրքիայում դեռեւս կասկածի տակ է դրւում:
Այնուամենայնիւ կան նաեւ հակառակ միտումներ: 2008թ. թուրք-հայկական մերձեցման յուսադրող առիթ կար, երբ երկու երկրների նախագահները ներկայ գտնուեցին Թուրքիայի եւ Հայաստանի ազգային հաւաքականների միջեւ ֆուտբոլային խաղին՝ ի ցոյց դնելով իրենց կամքը հետագայ բանակցութիւններ վարելու հարցում:
2009թ. երկու երկրների արտաքին գործերի նախարարները ստորագրեցին հայ-թուրքական արձանագրութիւն, որը, ի թիւս այլոց, նախատեսում էր ստեղծել պատմութիւնը գիտականօրէն ուսումնասիրող յանձնաժողով: Սակայն մինչեւ օրս այդ արձանագրութիւնը չի վաւերացուել երկու երկրների խորհրդարանների կողմից:
Երկու ժողովուրդների միջեւ հաշտեցման մասին կարելի է մտածել միայն այն դէպքում, եթէ 100 տարի առաջ տեղի ունեցած իրադարձութիւնները հիմնաւորապէս պարզաբանուեն եւ փաստերն այլեւս չժխտուեն:
Դրա համար անհրաժեշտ է, որ հայերի տեղահանման եւ սպանութիւնների պատմութեան հետ առերեսուելիս պատմաբանները եւ լրագրողները Թուրքիայում կարողանան ազատ գործել՝ չվախենալով քաղաքական հետապնդումներից: Բնաջնջման թեմայի հետ առնչուող բազմաթիւ նախաձեռնութիւններ կան արդէն Թուրքիայում: Տարիներ շարունակ այս թեման թուրքական հասարակութեան իրարամերժ քննարկման առարկայ է դարձել: Այս զարգացումները ողջունելի են այնքանով, որքանով ողջունելի են քաղաքացիական հասարակութիւնների այն անդր-սահմանային ծրագիրները, որոնք տարիներ շարունակ ֆինանսական աջակցութիւն են ստանում Գ.Դ.Հ. արտաքին գործերի նախարարութեան կողմից:
Գերմանական Կայսրութիւնը, որպէս Օսմանեան Կայսրութեան գլխաւոր ռազմական դաշնակիցի, նոյնպէս խորապէս ներգրաւուած էր այդ իրադարձութիւններում: Գերմանական Կայսրութեան ինչպէս քաղաքական, այնպէս էլ ռազմական ղեկավարութիւնները ի սկզբանէ տեղեկացուած էին հայերի հետապնդումների եւ սպանութիւնների մասին:
Երբ աւետարանչական եկեղեցու աստուածաբան դր. Եոհաննէս Լեփսիուսը 1915թ. Հոկտեմբերի 5ին Գերմանիայի Ռայխսթագում ներկայացրեց 1915թ. Յուլիս-Օգոստոս ամիսներին Կոստանդնուպոլսում իր կողմից իրականացուած ուսումնասիրութիւնների արդիւնքները, Գերմանական Կայսրութեան ղեկավարութիւնն այդ թեման ամբողջութեամբ ենթարկեց գրաքննութեան: Իր՝ «Թուրքիայում հայ ժողովրդի վիճակի մասին զեկոյցը» Լեփսիուսն անմիջականօրէն ուղարկել էր նաեւ Ռայխսթագի պատգամաւորներին, ինչը սակայն 1916թ. գերմանական ռազմական գրաքննութեան կողմից նոյնպէս արգելուել եւ բռնագրաւուել էր:
Եւ միայն Առաջին Համաշխարհային Պատերազմի աւարտից յետոյ, 1919թ. այն փոխանցուեց պատգամաւորներին: Չնայած գիտութեան եւ քաղաքականութեան ոլորտի ներկայացուցիչների, ինչպէս նաեւ եկեղեցականների եւ գերմանացի բազմաթիւ անհատների անյապաղ խնդրագրերին՝ այդ թւում քաղաքական այնպիսի գործիչների, ինչպիսիք են Ֆիլիպ Շնայդեմանը, Կարլ Լիբկնեխտը կամ Մաթիաս Էրցբերգերը, եւ աւետարանչական ու կաթոլիկ եկեղեցիների նշանակալի հեղինակութիւնների, ինչպիսիք են Ադոլֆ ֆոն Հառնակը եւ Լորենց Վերթմանը, Գերմանական Կայսրութիւնն իր օսմանեան դաշնակցի վրայ որեւէ ճնշում չգործադրեց:
Օսմանեան Կայսրութիւնում գերմանացի դեսպանների եւ հիւպատոսների զեկոյցների վրայ հիմնուած Գերմանայի արտգործնախարարութեան ակտերը նոյնպէս հաստատում են կոտորածների եւ տեղահանումների պլանաւորուած իրականացման փաստը: Դրանք այդ ժամանակ կատարուած դէպքերի կարեւորագոյն պետական տեղեկատուութիւնն են: Գ.Դ.Հ. արտգործնախարարութիւնը դեռեւս տարիներ առաջ այդ ակտերը հասանելի էր դարձրել: 1998թ. այդ ակտերի մի ամբողջական փաթեթ (ծրար) միկրոֆիշի տեսքով փոխանցուել է Հայաստանին: Դրանից անմիջապէս յետոյ Թուրքիան նոյնպէս ստացել է այդ ակտերի մէկ օրինակ: