Էրզրումի նահանգի գիւղերից մէկում էր ապրում ազգութեամբ յոյն Լազարն իր բազմանդամ ընտանիքով։ Դուստրերից Քրիստինէն իր գեղեցկութեամբ, իր երկար վարսերով գերել էր Մանուկի սիրտը, որն էլ մի օր փախցրեց յունաց դստերը։ Տարիների հետ ծնուեցին 5 երեխաներ՝ Աւետիսը, Մարիամը, Սամսոնը, Գայիանէն, Դաւիթը, ո
րոնք հաշտութեան կամուրջ դարձան հայ եւ յոյն ընտանիքների միջեւ։ Այսպէս ապրում էին մինչեւ Մեծ Եղեռնը։ Ամուսինը երկու երեխաների հետ զոհ գնաց թուրքի եաթաղանին։ Միւս երեխաներն էլ հիւանդացան, սառեցին, մնացին գաղթի ճամբին։
Քրիստինէն զէնք վերցրեց, տղամարդու հագուստով միացաւ զօրավար Անդրանիկի կամաւորականներին ու փորձեց լուծել ամուսնու, երեխաների վրէժը։ Այդ ճանապարհին հանդիպեց սեբաստացի Կարապետին։ Նա էլ վիշտ ունէր։ Եւ երկու բախտակից սրտեր միացան։ Քրիստինէ տատի մասին հանրապետութեան մամուլի էջերում բազում ակնարկ-թղթակցութիւններ են տպագրուել։
Զօրավար Անդրանիկի մասին նրա պատմութիւնները ոգեշնչող էին «իրական։ Գիւղի (եւ ոչ միայն գիւղի) երիտասարդները ժամերով լսում էին այդ պատմութիւնները։ Պատմում են, որ Քրիստինէ տատի հետ հանդիպել, զրուցել են Պ. Սեւակը, Շ. Թաթիկեանը։ Ուրծաձոր գիւղի միջնակարգ դպրոցի տնօրէն Վարդան Յովհաննիսեանը, որը եղել էր մեծ բանաստեղծի մանկութեան ընկերը, իր աշակերտներին փոխանցում էր բանաստեղծի այս խօսքերը.- «Յունաց դստեր՝ հայի ճակատագրով ապրելը նոյնն է, ինչ հայոց աւանդական համ ու հոտով ճաշին եւս մի համեմունք աւելացնելը»։
Արցախեան ազատագրական պայքարից երկու տարի առաջ վախճանուեց տատը։ Սակայն պատերազմական տարիներին նրա շունչն ու ոգին, նրա հերոսական պատմութիւնները ոգեշնչում, սնում էին մարտի դուրս եկած գիւղի ջոկատի տղաներին։
Մինչեւ օրս որպէս սրբազան մասունք պահպանւում են ողջ գաղթի ճանապարհին տատից անբաժան Սուրբ Գիրքն ու Զօրավար Անդրանիկի նուիրած թուրը։
Պահպանւում եւ աւանդաբար փոխանցւում են Զօրավարի մասին հերոսական պատմութիւնները, որոնք է՛լ աւելի հարստացրին, որոնց նոր շունչ ու ոգի հաղորդեցին դարավերջի հայոց յաղթական ազատամարտի դուրս եկած գիւղի տղաները՝ Սամվէլը, Վարդգէսը, Նորիկը, Ատոմը, Թորգոմը, Նշանը, Մարատը եւ շատ շատերը։
Գ.Շ.
Մագաղաթ.am
Աղբիւրը՝ hayzinvor.am