Վաղ առաւօտուանից հոծ բազմութիւն էր հաւաքուել քաղաքամերձ բլուրներից մէկի վրայ: Ամբոխն աչքի էր ընկնում ընդգծուած հակադիր տրամադրութիւններով. ոմանք շատ զուարթ էին, աշխոյժ զրուցում էին, բայց նրանց ուրախութիւնն ու ուրիշների հառաչանքները չարաբաս
տիկ ու ճնշող մթնոլորտ էին ստեղծել: Յանկարծ բոլորն իրար անցան. քաղաքի դարպասներից դուրս եկաւ մի թափօր, որի կենտրոնում էր վիթխարի խաչի տակ կքած Մէկը: Թափօրի բլրին մօտենալուն զուգընթաց ուժեղանում էին ոմանց չարախինդ բացագանչութիւնները, սակայն դրանք հետզհետէ խլանում էին ողբահառաչ ձայներից:
Երբ Դատապարտեալը հասաւ բլրի գլխին, բիրտ զինուորները տէգերով այս ու այն կողմ հրեցին ամբոխին, որպէսզի խաչի համար տեղ բացուի: Շուտով լսուեցին Մահապարտի խաչին գամուելու մահասարսուռ հարուածների հնչիւնները…
Արդէն համարեա՛ մթնշաղ էր, երբ նոյն բլուրի մօտ մի քանի մարդիկ հապճեպօրէն թաղում էին Խաչեալին: Երբ ամէն ինչ աւարտեցին, քարայր- գերեզմանի մուտքին մի ծանր քար դրեցին ու հեռացան:
Մէկ օր անց, արեգակը դեռ նոր էր բարձրանում լեռների յետեւից` հրաբորբոք լոյս ցանելով երկրի երեսին: Քարայրի մօտակայքում սեւազգեստ կանայք յայտնուեցին: Տխուր զրուցելով՝ նրանք առաջացան դէպի քարայրը եւ ապշահար եղան, երբ տեսան, որ մուտքի հսկայ քարը մի կողմ է գլորուած: Տարակուսանքով իրար նայեցին՝ ոչինչ չհասկանալով ու անհամարձակ ներս մտան գերեզման:
Վայրկեաններ անց նրանք վախեցած դուրս եկան այնտեղից եւ, ոտքի տակ չնայելով քաղաք վազեցին: Երուսաղէմի տներից մէկում էին հաւաքուել երեք օր առաջ Խաչուածի աշակերտներն ու մտերիմները, որոնք անձայն ողբում էին Նրա մահը: Յանկարծ դուռը թակեցին:
Աշակերտները սարսափեցին՝ մտածելով, թէ եկել են՝ իրենց եւս ձերբակալելու: Բայց զարմացան, երբ տեսան, որ գերեզման գնացած կանայք այդքան շուտ են վերադարձել:
Իւղաբեր կանանց գլխաւորը, որին սիրով ու պատկառանքով բոլորը «Մայր» էին անուանում, առաջ եկաւ, սեղանի վրայ սփռեց ձեռքի վարշամակը, որի մէջ կար չորս ծաղիկ, եւ ասաց.-
«Քրիստո՜ս յարեաւ ի մեռելոց»:
Այդ ծաղիկները` արնակարմիր մեծ գլուխներով, գամերի էին նման: Եւ իրապէս, դրանք այլ բան չէին, եթէ ոչ` ծաղիկ դարձած այն չորս գամերը, որոնցմով խաչին գամուեց Աստուածորդին: Այս իսկ պատճառով մարդիկ այդ ծաղիկները «մեխակ» անուանեցին:
ԳԷՈՐԳ ՂԱԶԱՐԵԱՆ