Մարտ 10ի երեկոյեան Մոսկուայում կայացաւ Ռուսաստանի եւ Հայաստանի նախագահներ Վլատիմիր Փութինի եւ Սերժ Սարգսեանի հանդիպումը, որի ամենանկատելի առանձնայատկութիւնը երկկողմ «քչախօսութիւնն» էր:
Հանդիպումը չամփոփուեց նախագահների ասուլիսով. կողմերը յայտարարութիւններով հանդէս չեկան: Իսկ հանդիպման հրապարակային մասում ո՛չ Վլատիմիր Փութինը եւ ո՛չ էլ Սերժ Սարգսեանն իրենց հիմնական ակնկալիքներին, երկու երկրների քաղաքական, տնտեսական յարաբերութիւններին առնչուող որեւէ լուրջ, առկայ խնդրի չանդրադարձան` բաւարարուելով փոխադարձ հերթապահ խօսքերով: Ասելիքի նման «ժլատութիւնը», որպէս կանոն, դրսեւորւում է այն դէպքերում, երբ գլուխ-գլխի խօսակցութիւնն առնչւում է յստակ խնդիրների, եւ կողմերն ունեն պայմանաւորուածութիւններ ձեռք բերելու խնդիր:
Նախքան Սերժ Սարգսեանի մեկնելը, նախագահների հանդիպման անցկացման մասին յայտնելիս, պաշտօնական Մոսկուան, որպէս օրակարգի ամենակարեւոր հարց, ընդգծում էր Արցախեան հիմնահարցի կարգաւորման բանակցային գործընթացն առաջ մղելու խնդիրը: Սակայն նախագահները, որքան էլ տարօրինակ է, դրան ընդհանրապէս չանդրադարձան: Սերժ Սարգսեանը միայն ակնարկեց, որ Հայաստանին մտահոգում է պատասխանատուութեան գօտու յարակից տարածքներում տիրող իրավիճակը:
Թէ յատուկ ինչպէ՞ս է քննարկուել Արցախի հիմնահարցի թեման, որքանո՞վ են դրանք առնչւում վերջին շրջանում ընթացող Մոսկուա-Պաքու գործօն բանակցութիւններին, թերեւս, հասկանալի կը դառնայ միայն այս հանդիպմանը յաջորդելիք` Երեւանի, Մոսկուայի կամ գուցէ նոյնիսկ Պաքուի որոշակի գործողութիւնների, որոշումների, քայլերի համադրման, վերլուծութեան արդիւնքում:
Ի դէպ, գուցէ զուտ պատահականութիւն է, սակայն իսկապէս խորհրդանշական է, որ հէնց Պուտին-Սարգսեան հանդիպման ընթացքում Ատրպէյճանը Արցախեան ճակատում ձեռնարկեց 1994ի հրադադարի հաստատումից յետոյ ամենամասշտապային ռազմական յարձակումները:
Ինչեւէ, քաղաքական օրակարգի առումով` Մոսկուայում, թերեւս, չեն շրջանցուել ոչ միայն ռուս-թուրքական յարաբերութիւնները եւ դրանում Հայաստանի դերակատարութիւնը, այլ նաեւ Արեւմուտքի հետ Հայաստանի զարգացող յարաբերութիւնների կապակցութեամբ` Քրեմլի անհանգստութիւնները: Սերժ Սարգսեանը պատահական չընդգծեց, որ Հայաստանը միանշանակ պաշտպանում է Սուրիոյ հարցում Ռուսաստանի դիրքորոշումը, ինչն իրականում ոչ միայն Թուրքիոյ նկատմամբ Մոսկուայի վարած ներկայիս քաղաքականութեանը, այլեւ այդ քաղաքականութեան մի մասն իր վրայ վերցնելու պատրաստակամութեան անուղղակի ցուցադրում էր:
Կարեւոր էր, որ Սարգսեանն այդ ակնարկն արեց սուրիական ճգնաժամին` խուսափելով ուղղակիօրէն Հայաստանին ռուս-թրքական առճակատման առաջին գիծ քաշելու վտանգից եւ գուցէ նաեւ կանխելով դրան ուղղուած` ռուսական կողմի հնարաւոր դրդումները: Այլեւս պարզ է, որ այդ առճակատման խորացման դէպքում Հայաստանը հանդէս չի գալու առաջին համարի ներքոյ, բայց նաեւ կողքից հետեւողի կարգավիճակ չի որդեգրելու:
Հետաքրքրական է, որ Սերժ Սարգսեանի հետ հանդիպումից անմիջապէս առաջ Փութինն ընդունել էր Սերպիոյ նախագահ Թոմիսլաւ Նիքոլիչին, ով հանդիպումից յետոյ հաստատել է, որ բանակցութիւնների հիմնական առարկան եղել է Սերպիոյ եւ ՆԱԹՕի անհատական գործընկերութեան համաձայնագրի ստորագրումը: Յիշեցնենք, որ Սերպիան 2013ից Անկախ Պետութիւնների Հասարակապետութիւնում ունի դիտորդ երկրի կարգավիճակ:
Ակնյայտ է, որ եթէ Սարգսեանից առաջ Հիւսիս-Ատլանտեան Դաշինքի հետ առնչութիւնները Փութինը քննարկել է Նիքոլիչի հետ, ապա յատկապէս Մարտ 9ին «Հայաստան+28» ձեւաչափով ՆԱԹՕի խորհրդի նիստի անցկացումից եւ Եւրոպական Միութեան արտաքին քաղաքականութեան եւ անվտանգութեան հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆետերիքա Մոկերինի Հայաստան կատարած այցից յետոյ, Փութինը պէտք է որ հարցեր ունենար` ուղղելու Հայաստանի նախագահին: Հարցն այն է` Ռուսաստանի նախագահը միայն կասկածները փարատելո՞ւ խնդիր ունի, թե՞ Եւրոմիութեան ու ՆԱԹՕի հետ յարաբերութիւնները խորացնելու` Երեւանի ձգտումները կրկին սանձելու:
Կարելի է, իհարկէ, փորձել կռահել, թէ էլ ինչի՞ համար էր Փութինին անհրաժեշտ հանդիպել Սերժ Սարգսեանի հետ: Սակայն առաւել էական է, թէ ի՞նչ օրակարգ է Հ.Հ. նախագահն ինքը տարել Մոսկուա, մանաւանդ, որ այդ օրակարգը ոչ թէ մէկ-երկու, այլ ուղղակի խնդիրների կծիկ է ներառում:
Սերժ Սարգսեանի Մոսկուա մեկնելու օրը Հ.Հ. կառավարութիւնը, երկար ձգձգումներից յետոյ, ի վերջոյ հաստատեց Եւրոպայի Տնտեսական Միութեան (Ե.Տ.Մ.) անդամ երկրներից ֆիզիքական անձանց կողմից ներկրուող գործիքների համար աւելացուած արժէքի հարկը հանելու օրինագիծը, խնդիր, որը դարձել էր Ե.Տ.Մ.-հայաստան փոխադարձ կշտամբանքների առիթ: Նոյն օրը գործադիրը նաեւ ընդունեց վառելանիւթի սակագինը 2016ի համար նոյնը թողնելու որոշումը, ինչով հաստատեց սակագնի նուազման շուրջ ռուսական կողմի հետ բանակցային այս փուլն աւարտուած համարելու իրողութիւնը:
Վերոնշեալ երկու դրուագներով էլ հայկական կողմը «տաշեց» Սարգսեան-Փութին հանդիպման սուր անկիւնները, որոնք աւելի շատ բխում էին Երեւանի շահերից:
Մեր շահերից էր բխում նաեւ թէ՛ Հայաստանի տարածքով իրանական վառելանիւթի տարանցման հնարաւորութիւնների խնդրի շուրջ Մոսկուայի ըմբռնումը ձեռք բերելու եւ թէ՛ Իրան-Եւրասիական Միութիւն առեւտրատնտեսական հաստատուող յարաբերութիւններում կապող օղակի դեր ստանձնելու հրամայականը:
Դրանցից աւելի առկայ հարց հայ-ռուսական տնտեսական-քաղաքական օրակարգում, գոնէ` Հայաստանի համար, այսօր գոյութիւն չունի, մանաւանդ` եթէ նկատի առնենք երկու ուղղութիւններով էլ Հայաստանին մեկուսացնելու Թուրքիոյ եւ Ատրպէյճանի վերջին շրջանի գեր-գործօն նախաձեռնութիւնները: Մինչդեռ Մոսկուայում կայացած երէկուայ հանդիպումը կամ գոնէ դրա հրապարակային մասը չտուեց այն հարցի պատասխանը, թէ որքանո՞վ են դրանք դարձել հիմնաւոր քննարկման առարկայ եւ ինչի՞ է հասել այդ ուղղութեամբ Հայաստանը:
ԳԷՈՐԳ ԴԱՐԲԻՆԵԱՆ (յապաւումով)