Հայկական ճարտարապետութիւնն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ, յուշարձանագէտ Սամուէլ Կարապետեան հրատարակութեան է պատրաստում «Բուն Աղուանք» հատորը:
Կուր գետի աջափնեայ տարածքներում է գտնւում Հայոց Աղւանքը, իսկ ձախափնեայ շրջանում՝ մինչեւ Կովկասեան լեռնաշղթայ, Բուն Աղուանքն է, որը ներառում է Շամախի քաղաքը, Վարդաշէն եւ Կուտկաշէն քաղաքները (ներկայիս Ատրպէյճանի հանրապետութեան տարածք), որտեղ Սամուէլ Կարապետեան շրջել եւ ուսումնասիրութիւններ է կատարել խորհրդային տարիներին:
Նրա հեղինակած «Բուն Աղուանք» հատորը ներկայացնում է նշեալ շրջանների մօտ 200 գիւղերի պատմութիւնը եւ յուշարձանները: «Հաշուառել եմ 3000 յուշարձան՝ եկեղեցիներ, գերեզմանոցներ, հին տներ, քաղաքային ճարտարապետութեան հոյակապ հայաշէն շէնքեր, ինչպիսիք որ Շուշիում կան: Շէնքերը թուագրւում են 19րդ դարով, բայց այդտեղ 2000 տարուայ հայկական մշակոյթի հետք կայ, օրինակ՝ վաղ քրիստոնէական շրջանի կառոյցներ, եւ ամենակարեւորը՝ Վարդաշէնի շրջանի Ճալէթ գիւղի Սուրբ Աստուածածին կաթողիկոսանիստ վանքը, որը մէկ դար եղել է հայ եկեղեցու Աղուանից թեմի կաթողիկոսների նստավայրը»,- պատմեց Կարապետեան: Նա տեղեկացրեց, որ դեռ եւս 2003թ. Շամախի շրջանի Մատրասա գիւղի եկեղեցու զանգակատունը քանդուած է եղել.- «Քանդելու միտումն այդ տարածքներում էլ կայ: Պատճառը՝ հայկական ծագումը»: Յուշարձանագէտը ցաւով արձանագրեց, որ պատմական Աղուանքի հայկական յուշարձանների նոր լուսանկարների պակաս կայ.- «Ոչ մի հայ չի կարող այդտեղ ոտք դնել: Ինչ լուսանկարներ էլ որ կան, ժամանակին ունեցել են բռնագաղթի ենթարկուած հայերը, որոնք եկել են Հայաստան, իսկ 1990ականներին գաղթել Ռուսաստան: Այդտեղ նրանք ատրպէյճանցիների են գտնում, վճարում եւ ասում՝ գնայ, մեր գիւղը նկարի»: Այսպէս ունենք մի քանի գիւղերում տիրող վիճակի մասին լուսանկարներ: Ատրպէյճանցին յատուկ եկեղեցին չի նկարել, այլ ուղղակի գիւղը, բայց մէկ էլ լուսանկարում տեսնում ես պայթեցուած եկեղեցին…»:
ԼՈՒԻԶԱ ՍՈՒՔԻԱՍԵԱՆ