Իլհամ Ալիեւի ռեժիմն (վարչակազմ) Ադրբեջանում ծանր ժամանակներ է ապրում: Օղակն օր-օրի սեղմւում է բոլոր կողմերից՝ ռեժիմին գցելով ցայտնոտի մէջ:
Ալիեւը տապալել է Լ.Ղ. եւ յարակից շրջաննները դիւանագիտական ու ռազմական ճանապարհով վերադարձնելու խոստումները: Բանակցային գործընթացում նախապատուութիւնը տուեց շանտաժային (սպառնական) դիւանագիտութեանը, արդիւնքում՝ ինքն իրեն գցեց քաղաքական փակուղու մէջ: Ալիեւը փաստացի հասաւ նրան, որ հիմա Բաքուն է ընկալւում բանակցային գոր
ծընթացի տապալման պատասխանատուն՝ դիրքային առաւելութիւն ապահովելով Հայաստանի համար: Նա ձախողեց նաեւ շփման գծում ռազմական սադրիչ գործողութիւնների միջոցով կողմերի միջեւ ստատուս քուօն (առկայ իրավիճակը) փոխելու, մարտավարական ու հոգեբանական առաւելութեան հասնելու պլանը (ծրագիրը), որը շանտաժային քաղաքականութեան հիմնական բաղադրիչն ու շարժիչ ուժն էր:
Բաքուն հիմա խնդիրներ ունի իր բոլոր ցամաքային հարեւանների հետ: Իրանի նկատմամբ միջազգային տնտեսական պատժամիջոցների վերացումը եւ նրա՝ համաշխարհային էներգետիկ (ուժանիւթային) ու քաղաքական մեծ թատերաբեմ վերադառնալու հեռանկարը հարուածում են Ադրբեջանի շահերին: Իրանը յաւակնում է գրաւել եւրոպական էներգետիկ շուկան, որի հետ մեծ յոյսեր են կապում Ադրբեջանում, յաւակնում է մեծացնել քաղաքական ներկայութիւնը հարաւ-կովկասեան տարածաշրջանում՝ հակակշռելով ադրբեջանական-թուրքական տանդեմի (երկեակ) եւ Ռուսաստանի ազդեցութեանը: Թեհրանը նախորդ տարեվերջին գրեթէ բացայայտ արտայայտեց Ադրբեջանի իսլամականացման հարցում իր շահագրգռութիւնը, երբ պաշտպանեց Ադրբեջանի իշխանութիւնների կողմից հալածանքների ենթարկուող Նարդարանին եւ իսլամիստներին: Իրանի քաղաքական ակտիւացումը տարօրինակ կերպով զուգահեռւում է Ադրբեջանում իսլամիստների, իրանական ծագմամբ էթնիկ (ազգային) միաւորների եւ, առհասարակ, ազգային փոքրամասնութիւնների կենտրոնախոյս տրամադրութիւնների աճին:
Ադրբեջանը յայտնուել է ռուս-թուրքական հակամարտութեան թակարդում՝ զրկուելով մեծ մանեւրների (խուսանաւումներ) հնարաւորութիւններից: Չկարողանալով կողմնորոշուել Անկարայի եւ Մոսկուայի միջեւ՝ Բաքուն յայտնուել է թէ՛ Ռուսաստանի եւ թէ Թուրքիայի վստահութիւնը կորցնելու վտանգի առջեւ՝ դրանից խուսափելու լաւագոյն տարբերակը համարելով գեր-պասիւ (կրաւորական) եւ սպասողական դիրք որդեգրելը:
Թէ՛ ռուս-թուրքական այս հակամարտութիւնը, թէ՛ սիրիական ճգնաժամը, թէ՛ յատկապէս քրդական քաղաքացիական-պարտիզանական (հրոսակային) պատերազմի մէջ Անկարայի փաստացի թաղուելն անորոշ ժամանակով Ալիեւին զրկում են «մեծ եղբօր» աջակցութիւնից՝ նրան մենակ թողնելով ահագնացող մարտահրաւէրների դէմ: Եթէ դրան էլ աւելացնում ենք Վրաստանի՝ իր գազասպառման շուկայում ադրբեջանական SOCARի մասնաբաժինը նուազեցնելուն միտուած քայլերը, որոնք Բաքւում բնորոշուել են որպէս դաւաճանութիւն, նաեւ Ա.Մ.Ն.ի կողմից պատժամիջոցների ենթարկուելու վտանգը, Ադրբեջանի արտաքին մեկուսացման միտումները դառում են ամբողջական:
Դրան զուգահեռ՝ նաւթի գների անկումն ու ադրբեջանական մանաթի կտրուկ եւ տեւական արժեզրկումը երկիրը հասցրել են սոցիալական (հասարակական) պայթիւնի շեմին, որն ակտիւօրէն (աշխուժօրէն) սկսել են օգտագործել ընդդիմադիր ուժերը: Նախօրէին բախումներ են տեղի ունեցել իրաւապահների եւ սպառողական գների բարձրացման, դոլարի ու ապրանքների դեֆիցիտի (պակասորդի) պատճառով բողոքի ցոյցերի դուրս եկած զանգուածների միջեւ Սիազանի, Լենքորանի, Ֆիզուլու, Աղջաբադի, Աղսվինի շրջաններում: Պաշտօնական տուեալներով՝ ձերբակալուել է 50ից աւելի մարդ:
Անկարգութիւնների եւ բողոքի ակցիաների հրահրման մէջ իշխանութիւնները մեղադրել են ընդդմադիր «Մուսաւաթ» կուսակցութեանը: Իշխանութիւնը չի կարողանում զսպել գների սպեկուլեատիւ (շահադիտական) բարձրացման գործընթացը, հարկերի հետ կապուած կայացնում են իրերամերժ որոշումներ՝ ակնյայտ դարձնելով, որ վարչակազմը կորցնում է վերահսկողութիւնը ողջ երկրի տարածքում, ինչը յղի է անկախնատեսելի հետեւանքներով:
Դժուար է ասել՝ որքանով այս պրոցեսները (եղելոյթները) կը տանեն յեղափոխութեան: Մէկ բան ակնյայտ է.- Ալիեւի վարչակազմի դիրքերը երկրի ներսում էականօրէն թուլացել են: Դիւանագիտական կորպուսում (դաս, կարգ) հակաիշխանական բեւեռի ձախողուած ձեւաւորումը, ազգային անվտանգութեան ծառայութեան եւ կապի նախարարութեան համակարգերում կատարուած զանգուածային ձերբակալութիւններն ու կադրային (անձնակազմային) փոփոխութիւնները վկայեցին, որ Ալիեւի վարչակազմը լրջագոյն ճաքեր ունի նաեւ ներսից, եւ այդ ճաքերը կարող են ռեժիմին փլուզման տանել երկրի տնտեսական-սոցիալական վատթարացման, վարուող փակուղային ու անհեռատես արտաքին քաղաքականութիւնից առաջացած դժգոհութիւնների հողի վրայ: Այս իմաստով՝ Ադրբեջանում որքան մեծ է յեղափոխութեան, նոյնքան էլ յեղաշրջման հնարաւորութիւնը:
Թէ ի՞նչ կարող է սա տալ Հայաստանին, դժուար է ասել: Ի հարկէ, շատ աւելի հեշտ է գործ ունենալ ներքին յենարաններից զրկուած եւ երերուն Ալիեւի հետ: Սակայն փորձը ցոյց է տալիս, որ իր եւ ռեժիմի անվտանգութեան սպառնալիքների խորացումը նա միշտ փորձում է չէզոքացնել սահմանային լարուածութիւնը մեծացնելու, պատերազմի վերսկսման պատրանք ստեղծելու միջոցով, ինչը ուղեկցւում է շփման գծում բախումներով ու ցաւալի զոհերով:
Միւս կողմից՝ դեռ պէտք է հասկանալ. արդեօք Ալիեւի հեռացումը լա՞ւ է հայկական հետաքրքրութիւնների տեսանկիւնից, թէ՞ ոչ, որովհետեւ չի կարելի բացառել նրանից յետոյ շատ աւելի վտանգաւոր եւ անհաւասարակշիռ վարչակազմի ձեւաւորումը, որի հետ գուցէ շատ աւելի դժուար լինի գործ ունենալ: Գոնէ այս պահին տեսանելի չէ այն այլընտրանքային ուժը կամ լիդերը (առաջնորդը), որի շուրջ կարելի է ինչ որ հաշուարկներ կամ կանխատեսումներ կատարել: Սա, քաղաքականութեան վերանայման տեսանկիւնից, ի հարկէ, վատ է: Սակայն, միւս կողմից, որքան հաւասարաչափ թոյլ է ներ-քաղաքական ընդհանուր համակարգն Ադրբեջանում, այնքան իշխանութեան համար մղուելիք պայքարը լինելու է տեւական, այնքան աւելի մեծ է այդ երկրի՝ պերմանենտ (տեւական) ցնցումների դաշտում գտնուելու, դրա վրայ հսկայական ռեսուրսներ (միջոցներ) վատնելու հնարաւորութիւնը: Գործօն, որը պակաս դեր չի կատարել 90ականներին Ղարաբաղեան պատերազմում հայկական կողմի տարած յաղթանակում:
Գուցէ պատմութիւնը կրկնուի՞…
ԳԷՈՐԳ ԱՂԱԲԱԲԵԱՆ