Յիսուս Քրիստոսի մկրտութիւնը խորհրդանշող «Ta Fota»ն՝ լոյսեր (Թա Ֆոթա), 1922 թուականից 94 տարի յետոյ առաջին անգամ նշուել է Իզմիրում (Զմիւռնիա)։ Տիեզերական Պատրիարքութեան եւ Օրթագիւղի Սուրբ Ֆոթինի եկեղեցում իրականացուած արարողութիւններից յետոյ, Պոլսում իրականացուել է աւանդական
դարձած «խաչի դուրս բերման» արարողութիւնը։
Սուրբ Ֆոթինի եկեղեցու Պատարագից յետոյ, Ուղղափառ համայնքը աղօթքներով շարժուել է դէպի Քորդոնբոյու եւ բարձրացել Յունաստանի նախկին դեսպանատան մօտ ծովեզերքին պատրաստուած հարթակի վրայ։
Իզմիրում Յունաստանի գլխաւոր հիւպատոս Թէոտորոս Ցաքիրիս նոյնպէս մասնակցել է արարողութեան, զոր ղեկավարել է Սուրբ Ֆոթինի եկեղեցու քահանան։ Աղօթքներից յետոյ սպիտակ աղաւնի է երկինք բաց թողնուել եւ խաչը նետուել է ծով։ Ուղղափառ երիտասարդները, ջուրը ցատկելով, խաչը բերել եւ յանձնել են Քիլիոս Քահանային։
Իզմիրի Յոյն-Ուղղափառ համայնքի ղեկավար Թէոտորոս Հաջուդի՝ նշելով, որ Յունուարի 6ը ուղղափառների համար շատ կարեւոր օր է, շեշտել է, որ արարողութիւնը յատուկ կարեւորութիւն ունի Իզմիրի համար։ Նա նշել է, որ այս տարի ներքին գործերի նախարարութեանը ներկայացրած իրենց դիմումն ընդունուել է, եւ օժանդակութիւն են ստացել իշխանութիւններից, ինչպէս նաեւ տեղական ինքնակառավարման մարմիններից։ Նա նաեւ ասել է, թէ չնայած որ համայնքը շատ փոքր է, մեծ մասնակցութիւն է գրանցուել, եւ որ այդ իրադարձութիւնն ուրախալի է բոլորի համար։ Հաջուդի աւելացրել է, որ ցանկութիւն ունեն արարողութիւնը շարունակելու նաեւ գալիք տարիներին։
«ԱԿՕՍ»