Աւելի ուշ Հ.Հ. նախագահի խօսքերից պարզ դարձաւ, որ հէնց այդպէս էլ եղել է: Հրադադարի կնքումից յետոյ 21 տարուայ ընթացքում առաջին անգամ հակառակորդը կիրառել է նաեւ 122մմ Դ-30 (հաուբից) տիպի հրետանային համակարգ: Այսպիսով ադրբեջանական կողմն անցել է մի հոգեբանական սահմանագիծ, որը ռազմական փորձագէտների գնահատմամբ նշանակում է անցում իրական պատերազմական վիճակի: Փաստացի դրան պակասում է միայն տանկերի մասսայական կիառումը: Ըստ ամենայնի տեսնելով, որ հայկական դիրքերի շարունակական գնդակոծումն ու հրետակոծումը վնասի իմաստով չի տալիս ցանկալի արդիւնք, փոխարէնը հայկական ուժերի պատասխան գործողութիւններից զգալի կորուստներ են ունենում, Ադրբեջանը դիմել է անակնկալի բերելու մարտավարութեան եւ հարուածներն ուղղել թիկունքային այն օբյեկտներին, որոնք համարուել են առաջնային ռիսկի գօտուց դուրս: Բայց դա ոչ թէ իրավիճակը լրջացնելու պատճառն է, այլ, կարելի է ասել, հետեւանքը:
Իրական առաջին պատճառը հայկական կողմին պատերազմի, առնուազն լայնամասշտաբ գործողութիւնների մէջ ներքաշելն է, կարգաւորման գործընթացը վերջնականապէս բանակցութիւններից տեղափոխելով ռազմաճակատ:
Երկրորդ պատճառը բանակցութիւններում առաջընթաց ապահովելու հարցում Ե.Ա.Հ.Կ. Մինսկի Խմբի եռանախագահութեան անզօրութիւնը հիմնաւորելն է՝ տապալելու բուն բանակցային գործընթացը եւ այն տեղափոխելու նոր ֆորմատ (ձեւաչափ), գուցէ՝ առանձին վերցրած երկրների՝ Ռուսաստանի եւ կամ Թուրքիայի բացառիկ իրաւասութեան գօտի:
Իսկ այս ամէնի վերջնանպատակը նոր ստատուս քուոյի (հաստատուած վիճակի) հաստատումն է՝ չի կարելի բացառել ներկայիս Լ.Ղ.Հ.ի մասը համարուող որոշ տարածքներ ետ վերադարձնելուց յետոյ խաղաղապահ ուժերի տեղակայման հիմքեր ստեղծելը:
Ռազմական գործողութիւնների մասշտաբներն ընդլայնելու Ադրբեջանի մարտավարութիւնն անակնկալ չէ: Դեռ նախորդ տարի Նոյեմբերին ադրբեջանական հակաօդային ուժերի կողմից հայկական ուղղաթիռը խոցելուց յետոյ, երբ Բաքուն թոյլ չէր տալիս չէզոք գօտուց հանել օդաչուների դիակները, պարզ էր, նպատակը հայկական կողմին մասշտաբային գործողութեան դիմելուն սադրելն էր: Յետոյ Բաքուն անցաւ դիւերսիոն (խափանարարական) յարձակումներին, ապա աստիճանաբար սկսեց կիրառել աւելի ու աւելի մեծ տրամաչափի եւ աւելի մեծ հեռահարութեան զինատեսակներ, իսկ վերջին շրջանում թիրախ դարձրեց արդէն Հայաստանի սահմանամերձ բնակավայրերն ու խաղաղ բնակչութեանը՝ պատճառաբանելով, թէ նպատակը բնակավայրերում իբր տեղակայուած ռազմական նշանակութեան շարժական եւ անշարժ օբյեկտներին հարուածելն է:
Այսինքն՝ չնայած մէկ տարի շարունակ Բաքուն հետեւողականօրէն հայկական կողմի վզին է փաթաթում իրական պատերազմը, Վաշինգտոնում ու Բրիւսելում յամառօրէն հրաժարւում են դրան հաւատալ՝ այդպիսով աւելի ազատելով Բաքուի ձեռքերը:
Արդիւնքում՝ ստեղծուել է մի իրավիճակ, երբ նոյնիսկ արտգործնախարարների մակարդակով բանակցութիւնների ընթացքում, Ռուսաստանի, Ա.Մ.Ն.ի եւ Ֆրանսիայի լուռ հայեացքի ներքոյ՝ Բաքու խոցում է սահմանագծից բաւականաչափ հեռու գտնուող զօրամիաւորումները:
Մինչդեռ չնայած այս ակնյայտ միտումներին, հայկական կողմը, զգալով հանդերձ վճռական գործողութիւնների անցնելու անհրաժեշտութիւնը, շարունակում էր ընդգծուած զգուշաւորութիւն պահպանել: Հ.Հ. Պ.Ն.ն աննախադէպ կոշտ մի յայտարարութեամբ է հանդէս եկել, որով մի կողմից միջազգային հանրութեանը մեղադրում է ակնյայտ իրողութիւնները խեղաթիւրելով «անհասցէ քննադատութիւն եւ մտահոգութիւններ» հնչեցնելով բաւարարուելու համար, իսկ միւս կողմից տեղեակ է պահում, որ «հակառակորդին լռեցնելու, նրա գործողութիւնները կանխարգելելու եւ դրանով իսկ բանակցային գործընթացին աջակցելու նպատակով»՝ այսուհետ օգտագործելու է հրետանային եւ հրթիռային խոցման համարժէք միջոցներ՝ «մշտական խոցման տակ պահելով ադրբեջանական զինուած ուժերի ստորաբաժանումների տեղակայման վայրերը, բոլոր զօրաշարժերը, զինտեխնիկան եւ կենդանի ուժը»:
Տպաւորութիւնն այնպիսին է, որ հայկական բանակն ընդունում է Ադրբեջանի մարտահրաւէրը եւ անցնելու է իրավիճակ փոխելու յստակ մարտավարութեան:
Մինչդեռ Հ.Հ. նախագահ Սերժ Սարգսեան, Հայոց Ցեղասպանութեան 100րդ տարելիցին նուիրուած միջոցառումները համակարգող յանձնաժողովի նիստին ունեցած ելոյթում, խօսել է ընդամէնը պատժիչ գործողութիւնների դիմելու մասին: Թէեւ դրանում որոշակի սպառնալիքի ելեւէջներ առկայ էին, բայց նաեւ ակնյայտ է, որ Հայաստան շարունակելու է հիմնականում «համարժէք» պատասխանողի դերում հանդէս գալ: Ընդ որում՝ որեւէ նախանշան չկայ, որ գոնէ այդ պարագայում առաջին պլանում հայկական դիւանագիտութիւնն է սկսելու աւելի նախաձեռնող ու ագրեսիւ լինել:
Այդ նախանշանները պէտք է դեռ Նիւ Եորքում տար արտգործնախարար Էդվարդ Նալբանդեանը, ով, սակայն, անգամ թիկունքում 4 զինծառայողի մահուան մասին լուրն իմանալուց յետոյ Ադրբեջանի արտգործնախարարի եւ բերանները ջուր առած Մ.Խ. համանախագահների հետ շարունակել է բանակցել՝ անհասկանալի է ինչի շուրջ:
Բանն այն է, որ եթէ Հ.Հ. Պ.Ն.ն հանդէս է գալիս նման կոշտ յայտարարութիւններով, հակառակորդին պատժելու զգուշացմամբ, նշանակում է՝ Նիւ Եորքում ոչ մի հարցի շուրջ, ընդհուպ միջադէպերի հետաքննութեան եւ վստահութեան վերականգնման մեխանիզմների ստեղծման, համաձայնութեան յանգել կողմերին չի յաջողուել:
Միակ տրամաբանական որոշումն այդ դէպքում, թերեւս, պէտք է լինէր հրադադարի ռեժիմը խախտելու եւ մարդկային կորուստների հարցում Ադրբեջանի լիարժէք պատասխանատուութիւնն ամրագրելու համար միջնորդներին վերջնագիր ներկայացնելը: Բայց անգամ այսքանն անելու համարձակութիւնը չի դրսեւորուել:
ԳԷՈՐԳ ԴԱՐԲԻՆԵԱՆ