Հայ ֆիդայիների սերնդին պատկանող հերոսներից մէկի մասին է պատմում Աղանիկ Հեբոյեանի «Մօրուք Կարօ» գիրքը, որ լոյս է տեսել 2015ին, Երեւանում, «Վան Արեան» հրատարակչութեան կողմից: Գրքի այս երկրորդ հրատարակութիւնը ընծայւում է հայրենասէր հայուհի, վաղամեռիկ Անահիտ Բաբայեանի յիշատակին: Գրքի հրատարակմա նը աջակցել են ամերիկահայ բարերարներ Մկրտիչ, Ասքանազ եւ Արտաւազդ Բաբայեանները:
Գրքի տիտղոսաթերթի յետեւում կարդում ենք հետեւեալը.- «Այս ինքնատիպ գիրքը նուիրուած է ֆիդայական շարժման նշանաւոր դէմքեր՝ Մօրուք Կարոյին, Չոլոյին եւ շատ-շատերին: Տքնաջան պրպտումով, պեղուած փաստերով, բայց միաժամանակ անպաճոյճ ու զգացմունքային շարադրանքով շաղախուած այս գիրքը ընթերցողին տխրելու եւ ուրախանալու անմոռանալի ու անկրկնելի շատ պահեր կը պարգեւի»:
Հերոսական դրուագներով եւ ականատեսի վկայութիւններով լի գիրքը պատմում է 19րդ դարում սկիզբ առած հայ ազատագրական շարժման իրենց կեանքը նուիրաբերած հայդուկների մասին: Արդէն պատմութեան անցած դէպքերը իրական են, որոնց մի մասի ականատեսն է եղել գրքի հեղինակ Աղանիկ Հեբոյեանը՝ Մօրուք Կարոյի հարազատ եղբօրորդին: Մօրուք Կարօ եւ նրա անբաժան ընկեր Չոլօ յիշուած են իրենց քաջագործութիւններով. նրանք երկուսն էլ անվրէպ կրակողներ էին եւ կռուել էն Անդրանիկի, Գէորգ Չաւուշի եւ Սերոբ Աղբիւրի հայդուկային խմբերում: Գրքում նկարագրուած յուզառատ դրուագներից է թուրքական երկ-հազարանոց զօրքի դէմ 300 հայ ֆիդայիների հերոսական պայքարը Թալինի բերդի գրաւման ժամանակ, որին մասնակցել են Մօրուք Կարօ եւ Չոլօ: Հայերը տալիս են ընդամէնը 9 զոհ: Յաղթանակից յետոյ նրանք մասնակցել են նաեւ Արագածի փէշերին գտնուող հայկական գիւղերը թուրքերից մաքրագործելու աշխատանքին, Մարգարայի կամուրջի եւ Անդոկ սարի համար մղուող կռիւներին: Թշնամու անհամեմատ մեծ ուժերի դէմ պայքարում, օգտագործելով զէնքի հետ վարուելու հմտութիւնն ու ինքնավստահութիւնը, հնարամտութիւնն ու խելքը, հայերը մեծ մասամբ դուրս են եկել յաղթանակով:
Այդ մասին պատմում է գրքի հետեւեալ դրուագը. Սասնոյ գիւղերը շրջապատուած են թշնամու զօրքով. դրութիւնը ծանր է: Ծովասար գիւղում ժողովի են հաւաքուած ֆիդայիները՝ Փեթարայ Մանուկ, Չոլօ, Փեթարայ Իսրօ, Մօրուք Կարօ, Արխայ Զօրիկ: Իր ընկերներին դիմելով՝ Մօրուք Կարօ ասում է.- «Մեր դիմաց կանգնած է քսանհազարանոց զօրքը: Պէտք է կռուենք մէկը քսանի, երեսունի դէմ: Բոլոր գիւղերից անհրաժեշտ է ժողովուրդը հաւաքել մի տեղ, իմ կարծիքով սա մեր վերջին կռիւն է: Բայց այնպէս պէտք է անենք, որ ժողովուրդը չյուսալքուի: Մենք հիմնականում կռուելու ենք քարերով: Պաշտպանուելու համար, Անդոկ սարը ամենայուսալի վայրն է: Կանայք նոյնպէս պէտք է օգնեն: Իւրաքանչիւր փամփուշտ իր նպատակին պէտք է ծառայի: Եթէ կարողանանք այս ծանր կացութիւնից էլ դուրս գալ, երեւի թէ մեր երկիրը մեր ձեռքին մնայ»:
Հայ կնոջ մասնակցութիւնը հայոց ազգային-ազատագրական պայքարում հերոսական շատ դրուագներ է պարգեւել մեր պատմութեան էջերում, որոնք արժանանի են դրուատանքի: Գրքում նշուած է, որ Մօրուք Կարոյի կինը՝ Մարթա նոյնպէս աչքի է ընկել իր քաջութեամբ. ստալինեան բռնապետութեան տարիներին, նա իր երեք դուստրերի հետ վեց տանջալի տարիներ է անցկացրել աքսորավայրում:
Պատմութիւնից յայտնի է, որ ֆիդայիներն իրենց գործունէութիւնը ծաւալել են առաջնորդուելով իրենց յատուկ սկզբունքներով՝ հայրենիքի եւ ժողովրդի ազատագրութեան համար զոհուելու պատրաստակամութիւն, լինել գաղտնապահ եւ ճշդախօս, բաւարարուել համեստ սննդով, անվրէպ կրակել, դիմանալ ծանր պայմաններին, յարգել ընկերոջը: Սասնոյ Գելիէգուզան գիւղում ծնուած Մօրուք Կարօ մէկն էր այդ ֆեդայիներից, ով իր մէջ խտացնում էր հայ ցեղի լաւագոյն յատկանիշները:
ՎԱՐԴՈՒՀԻ ՔՈՒՇԵՐԵԱՆ