Նա ափսոսում է, որ Արամ Մանուկեանը մեր ժամանակի հերոսը չէ
«Առաւօտ»ը Ազգային Ժողովի նախկին պատգամաւոր, Հ.Յ.Դ. Գերագոյն Մարմինի անդամ Լիլիթ Գալստեանից մեկնաբանութիւն խնդրեց Արամ Մանուկեանի` Արամի փողոցում գտնուող տան ոդիսականի վերաբերեալ:Լ. Գալստեանը նշեց, որ այդ տունը մշակութային ժառանգութիւնից անդին է, քանի որ հոգեւոր ու պատմական արժէք է, յիշատակ, մինչդեռ այսօր այն մարդիկ, որոնք իշխանութիւն են իրականացնում, չունեն այդ գիտակցումը: «Տուեալ պարագայում մենք գործ ունենք Հայաստանի վերածնեալ անկախ պետութեան հետ, Արամ Մանուկեանն ուղղակի հասարակական քաղաքական գործիչ չէ, պետութեան երեւելի ճարտարապետներից մէկն է, եւ Արամ Մանուկեանի հանդէպ յարգանքը պետութեան նկատմամբ յարգանքն է: Արամ Մանուկեանի մեծարումը պետականութեան մեծարումն է: Ինքը համահայկական հարստութիւն է` իր ամբողջ խորհրդանիշով»,- ասում է Լիլիթ Գալստեանն ու փաստում, որ հին Երեւանի ողջ մշակութային շերտը աւերել են, հողին հաւասարեցրել Աֆրիկեանների տունն ու միւս շինութիւնները, ու այլեւս բացակայում է Երեւանի 19րդ դարի վերջի 20րդ դարի սկզբի պատմութեան ժամանակահատուածը:
Ինչ վերաբերում է համապատասխան պաշտօնեաների այն պնդումներին, թէ ի թիւս այլ շէնքերի, Արամ Մանուկեանի տունն էլ վերականգնուելու է, Լիլիթ Գալստեանը բացասական վերաբերմունք ունի, ասում է.- «Դա բուտաֆորիա կը լինէր, տեսել ենք համարակալած ջարդօնները, որոնք յետոյ գուցէ կը հաւաքուեն, կ՛ունենանք զուտ առեւտրային տարածք, որը այլեւս տեքորաթիւ նշանակութիւն կ՛ունենայ եւ ոչ թէ` պատմական եւ հոգեւոր… Ամբողջ Երեւանին եւ ընդհանրապէս երկրին որպէս պիզնես տարածքի են վերաբերւում, պիզնեսի հայեացքով է նայւում մեր հայրենիքին, բայց հողատարածքը միայն հողը չէ, այն հո՞ կալուածային արժէք չունի… Այդ տարածքը մեզ համար հոգեւոր, բարոյական, պատմական ու քաղաքական նշանակութիւն ունի… Իմ երեխան վաղը այդտեղով անցնելիս պէտք է իմանար` ո՞վ է Արամ Մանուկեանը: Թէ չէ շատերին թւում է, թէ Արամ Մանուկեանին ոստիկանութեան առաջ կանգնեցրած մի խեղճ ու կրակ արձանով արժանին մատուցեցի՞ն` վ՞երջ: Արամ Մանուկեանը մի ամբողջ ժամանակաշրջանի խորհրդանիշ է եւ, ցաւօք սրտի, ովքեր իշխանութիւն են իրականացնում, այդ գիտակցումը չունեն»:
Լ. Գալստեանի ձեւակերպմամբ, 90ականներից է հարցը բարձրացուել է, սակայն ոչինչ չի փոխուել, որովհետեւ «արժէքների կոտորած է գնացել Հայաստանում, մենք կտրել ենք մեր հոգեւոր երակը, հետեւաբար կուտակուած բացասական լիցքը չի դառնում կերտումի ուժանիւթ»:
Մեր զրուցակիցը ցաւով փաստում է.- «Հերթական պաշտօնեաները ամէն անգամ գալիս են ու թօզ են փչում, թէ այս ու այն կը վերականգնենք, իրականում չենք պահպանում մեր մշակութային յուշարձանները` սկսած «ծածկած» շուկայից: Լիլիթ Գալստեանը յիշեց իր` պատգամաւորական տարիներին արած յայտարարութիւնը: Երբ 2009ին ստեղծուել էր Արամ Մանուկեանի ծննդեան 130ամեակը նշող կառավարական յանձնաժողով` վարչապետի ղեկավարութեամբ, ինքը եւ շատերը գոհունակութեան զգացողութիւն էին ունեցել:
«Աւա՜ղ, գոհունակութիւնս սոսկ տեսական էր ու կարճատեւ, որովհետեւ նրանք, ովքեր ներկայ էին այն Փետրուարի 19ին Օփերայում կազմակերպուած, այսպէս ասած, յոբելեանական հանդիսութեանը, խորը հիասթափութիւն, եթէ ոչ վիրաւորանք ապրեցին… Կիսադատարկ ու մութ դահլիճում, խղճուկ ձեւաւորմամբ, խայտառակ ձայնային հնչողութեամբ, գաւառական, անճաշակ միջոցառում էր, որին ոչ մի պետական կարգավիճակ ունեցող համերգային խումբ չէր մասնակցում: Ի՞նչ են տուել, որ ինչ անենք` եղաւ մասնակիցներից մէկի արձագանգը, ու ես յիշեցի, որ 2007ին ընդամէնը մէկ համերգային ձեռնարկի համար 235 հազար տոլար էր ծախսուել պետական պիւտճէից ու այդ նոյն դահլիճում օրերս կազմակերպած «Եւրատեսիլ»ի մրցոյթը, որի արկածային ընթացքը, կարծես թէ ուրիշ դարդ չունենք, գրաւել է լրահոսը…
«Իսկ Արամ Մանուկեանը մեր ժամանակների հերոսը չէ»,- դեռեւս տարիներ առաջ իր ելոյթում հնչեցրել էր Լ. Գալստեանը:
ԳՈՀԱՐ ՅԱԿՈԲԵԱՆ