Այ, Նունուֆար, դաշտի ծաղիկ, թուխ աղջիկ,
Օ՜, Նունուֆար, արևի տակ շաղ աղջիկ.
Որ քաղցր էիր արևահաս դեղձի պէս,Աչքերով էլ, մազերով էլ մեղրատես։
Այ, Նունուֆար, դաշտի ծաղիկ, թուխ աղջիկ։
Պարմանական քաղցր յուշերով եմ հարուստ,
Երբ յիշում եմ... որ մենք ընկանք մի թաքուստ...
Աչք դնելուց էինք խաղում մենք անմեղ...
Մէկս կանգնում էինք առ պատ, աչքախուբ,
Հաշւում էինք բարձր ձայնով ու շնչեղ.
«Տասը, քսան, երեսուն,
Քառասուն, յիսուն, վաթսուն,
Եօթանասուն, ութսուն, իննսուն,
Հարիւր».
Ապա, գոչում էինք.
«Եկայ»...
Մինչդեռ, մինչ այդ, միւս բոլորս խուճապով
Փնտռում էինք գաղուելու տեղ ապահով։
Աչք դնողը գալիս էր մեզ փնտռելու։
Մեր փողոցը... տների հոծ շարքերով,
Հոսող առու, ու ծառապատ ափերով,
Տների էլ առանձնակի բակերով,
Դռները բաց, ապահով...
Կար մի մաս էլ, մուտքը հսկայ դարբասով
Ներսի մասում, իր տներով, անցքերով.
Ասում էինք՝ Մեծ դալան,
Որի մի խոր անկիւնը՝
Ստուերոտ մի մթարան.
Մենք բոլորս սոսկում էինք այդ խորշից,
Չէինք մտնում, չէինք ելնում խաղալիս...
Աչք դնելուց էինք խաղում այն օրը...
Ու երբ կանչեց աչք դնողը.
«Ես եկայ՜»...
Մենք երկուսով խուճապած,
Մեծ դալանի հէնց այդ խորշի դէմ դիմաց
Մի պահ ընդոստ... բայց խլեցի քո ձեռքը,
Ու երկուսով խորշը ընկանք ու եռքը...
Նախ՝ մեր վախով... բայց որ միասին ենք մենք
Արդէն համոզ մեր ենթարկուած վիճակին,
Հանգստութեան մի ջերմ իջաւ երկուսիս,
Բնազդական մի մղումով սեղմուած
Մենք կուչ եկանք, իրար գրկած, սեղմուած...
Աչք դնողը չկասկածեծ մեր տեղը,
«Եկայ, Եկայ», իր կանչերով անց կացաւ,
Մենք էլ ուրախ, որ չի տեսել մեզ բնաւ,
Դեռ գրկւում ու սեղմւում ենք բնական...
...Իմ սեղմումից, մէկ էլ մի թոյլ հևացիր,
Նայուածքներիդ մեղրը թափուեց աչքերիս,
Նոր զգացի... ինչ բնազդ էր երևի...
Քո բնազդն էլ մէկէն դարձաւ զգալի...
Ես չեմ յիշում թէ խօսեցի... Նունուֆար...
Հազիւ անունդ սօսափեց միջոցում,
Իսկ դու բնաւ շշուկ ու ձայն չարեցիր,
Միայն թէ թոյլ... էլ թուլացար իմ գրկում...
Այնուհետև քաղցր էր մնալը սեղմ քեզ,
Քո բուրմունքը... ու քո համը քաղցր էին...
Ինչ ջամբեցինք մանանայ ու ման էին...
Խորշի մթարը... մութ չկար, փայլ էին...
Քո աչքերի արևներով, շաղ աղջիկ,
Օ՜, Նունուֆար, դաշտի ծաղիկ, թուխ աղջիկ...
ԳՐԻՇ ԴԱՒԹԵԱՆ