Նեկտար Յովնանի Գասպարեանի վկայութիւնը - Ծն. 1910 թ., Արդվին, Տանձոտ գիւղ
Արդվինի շրջանի Տանձոտ գիւղը՝ ծննդավայրը, մի գեղեցիկ այգեստան էր։ Տանձոտ անունն է կրել, քանի որ այնտեղ տասնե
րեք տեսակի տանձ է աճել։ Տանձոտը Ճորոխ գետով բաժանւում էր երկու մասի։ Մի կողմում ապրում էին հայերը, միւս կողմում թուրքերը՝ իրենց բարձր մեչիտով (մզկիթ)։ Այս երկու կողմերը իրար միացած էին մի փոքրիկ կամուրջով։ Հայը եւ թուրքը ապրել են մշտապէս իրար հետ շատ համերաշխ՝ մինչեւ 1914 թիւը։
1914ին, երբ լսեցինք, որ թուրքերը պիտի յարձակուեն հայերի վրայ, հայրս իր ընտանիքը վերցրեց ու մեզ տարաւ Թիֆլիս, իր քրոջ մօտ։ Բայց ճանապարհին թուրքերը փակել էին ճամբան եւ մեզ չթողեցին առաջ գնալ։ Մենք ստիպուած ետ վերադարձանք։ Յետոյ Տանձոտում թուրքերը եկան եւ հայերի մօտից հաւաքեցին ամէն տեսակի զէնքերը, նոյնիսկ հացի դանակները։ Յետոյ հաւաքեցին տղամարդկանց, տարան լցրին եկեղեցու մէջ եւ գիշերով գազանաբար սպանել են բոլորին։ Հայրս կարողացել է փախչել այդտեղից եւ հասնել մօրաքրոջս տունը։ Մի բարի թրքուհի, որ տեսել էր հօրս, յետոյ պատմել է մօրաքրոջս.- «Քո գեղեցիկ փեսան գիշերով եկաւ, ձեր տան շուրջը պտտուեց, գնաց՝ անտառ մտաւ»։
Հայրիկս այնտեղ պատահել է մի խումբ թուրքերի եւ մի հայ դաւաճանի, որը թուրքերի յանձնարարութեամբ սպանել է հայրիկս։ Առաւօտեան երբ իմացանք, որ բոլոր տղամարդկանց սպանել են, յուսահատութիւնը տիրեց ամբողջ Տանձոտի գիւղացիներին։ Մայրս, որ Տանձոտի յայտնի Գրիգոր աղայի եւ Շուշան խանումի աղջիկն էր, որոշեց ե՛ւ իր կեանքին վերջ տալ, ե՛ւ մեր կեանքին վերջ տալ։ Նա իր մօտ ունէր մկնդեղ, տուեց մեր թաղի մի քանի աղջիկներին, ինքը խմեց ու խմացրեց ինձ, որ չորս տարեկան էի, եւ իմ Անուշ քրոջը, բայց իր փոքրիկ տղային, որը տասը ամսական էր, չտուեց։
Մամայիս, քեռանցս հայրական տունը Ճորոխ գետի ափին էր։ Մենք բոլորս թոյն խմած էինք։ Էնտեղ գետի ափին շարք մը կանայք սուգ ու շիվանի մէջ են, որ իրանց եւս պիտի սպանեն թուրքերը։ Մայրիկս յուսահատութիւնից արդէն թոյնն էլ խմել էր, իրեն գցեց Ճորոխ գետը։ Մարդիկ եկան մայրիկիս դիակը գետից հանեցին։ Անուշ մօրաքոյրս էլ թոյնը խմել էր ու արդէն մահացաւ։ Ես փոքր էի։ Ինձ թթուի ջուր խմացրին, ձեռքս էլ մի խնձոր տուին, որ ուտեմ։ Անուշ քոյրս չի մահանում, բայց թոյնի ազդեցութեան տակ ոտքերը սաստիկ ուռեցին։ Նրան էլ թթուի ջուր տուեցին, որ խմի։ Ես ու Անուշը, նաեւ տասն ամսական եղբայրս մնացինք որբ։
Այդ ժամանակ Վարդան Մազմանեանը, որ Տանձոտի դպրոցի տնօրէնն էր եւ մամայիս քեռու տղան, թուրքերի ձեռքը չընկնելու համար թաքնուած է լինում քեռուս տան նկուղում եւ լսել է, թէ ինչպէս թուրքերը գալիս են ու պատի տակ խօսում, որ առաւօտեան իրենք կուգան հարս ու աղջիկներին կը փախցնեն, մնացածներին էլ կը սպանեն։ Վարդանը թաքնուած տեղից լսում է այդ բոլորը։ Նրանց գնալուց յետոյ Վարդանը գալիս է մերոնց՝ մօրեղբօրս տունը։ Մերոնք Վարդանին թաքցնում են գետնին պառկած իմ մեռած մօր ու մօրաքրոջ մօտ՝ սաւանի տակ, վրան ծածկում են եւ բաց են թողնում միայն երկու մեռած կանանց երեսները։ Այդ պահին թուրքերը գալիս են, տունը խուզարկում, Վարդանին են փնտրում։ Գետին պառկած երկու մեռելներին են նայում, նրանց վրայ զզուանքով թքում են ու հեռանում։
Վարդանենց հարեւան բարի թրքուհին իր շորերը բերում է ու ասում. «Հագցրէք Վարդանին, ես նրան որպէս թրքուհի տանեմ մինչեւ Ճորոխ գետը»։
Արդէն Դեկտեմբեր ամիսն էր։ Տանձոտը անտառներով էր շրջապատուած։ Քեռի Վարդանը թրքուհի շորերով, թրքուհին էլ կողքը, իբր երկու թրքուհի, գնում են դէպի Ճորոխ գետը։
Քեռի Վարդանը մեծ դժուարութեամբ հասնում է Արտահան, ուր ռուսական զօրքն էր կանգնած։ Ռուսների առաջ խաչ է հանում, ռուսերէնով խօսում, աղերսում է, որ իրեն հաւատան, որ ինքը թրքուհի չէ, այլ միայն թրքուհու շորերով փախած եկած է ռուսներին պատմելու, որ թուրքերը պատրաստուած են հայերին կոտորելու եւ անհրաժեշտ է շտապ օգնել Տանձոտի հայերին։ Ռուսները լսում են, համաձայնւում են օգնութեան գնալ։ Վարդանը ճանապարհը գիտէր, ընկնում է ռուսական զօրքի առաջ ու գիշերով գալիս են Տանձոտ, քանի որ առաւօտեան, ինչպէս թուրքերն էին ծրագրաւորել, պիտի սկսէին իրենց սեւ գործը։ Վարդանը թուրքերից շուտ կարողանում է ռուսական զօրքին բերել, հասցնել Տանձոտ։
Լսուեցին հրացանային կրակոցներ, որոնց ուղեկցում էին հայկական եկեղեցու զանգերի ուրախ ղօղանջները։ Երբ քոյրս՝ Անուշը, լսում է եկեղեցու զանգերը, ինձ չոքեցնում է, ասում է՝ խաչ հանիր։ Իմ տասն ամսական եղբօրս բարուրի միջից թաթիկները դուրս է հանում ու խաչակնքում, որ Աստուած օգնութեան հասաւ Տանձոտի հայերին եւ ռուսական զօրքի օգնութեամբ պիտի ազատուեն։
Թուրքերը երբ տեսնում են ռուսական զօրքի մուտքը Տանձոտ, գլխապատառ սկսում են փախչել։ Ռուսները գալիս են, սկսում են օգնել հայերին եւ ասում են.- «24 ժամից մենք պիտի հեռանանք, ով որ պատրաստ լինի՝ մեզ կը միանայ»։ Ինձ, քրոջս՝ Անուշին եւ փոքրիկ եղբօրս ռուս զինուորները, իմանալով որ մենք որբ ենք, սահնակի վրայ խոտ կար փռուած, վրան իրենց շինելը փռեցին, վրան մեզ նստեցրին, մեզ վրայ էլ մի ուրիշ շինել ծածկեցին, որ չմրսենք, իրենց պայոկից էլ մեզ բաժին հանեցին, կերակրեցին ու բերին հասցրին Ախալքալաքի զինուորների զօրանոցը։ Ախալքալաքում եկաւ տեղի նկարիչը՝ Եորտանեան Թաթոսը, որը շատ բարի մարդ էր, տեսնելով մեր՝ որբուկներիս անտէր վիճակը, ցանկութիւն յայտնեց մեր երեքին էլ որդեգրել։ Բայց տատիկս միայն մեր տասը ամսական եղբօրը տուեց նրան, իսկ մեզ պահեց իր մօտ։
Ախալքալաքում մէկ տարի մնալուց յետոյ գարնանը, երբ ռուսները գրաւել էին այդ տարածքները, մենք նորից եկանք Տանձոտ։ Թութը արդէն հասել էր։ Տանձոտը դրախտ էր դարձել։ Բոլորն ասում էին.- «Էս ինչ լաւ ապուր է, ուտես ուտես՝ չես կշտանայ»։ Այնքան որ համեղ էր Տանձոտի թութը։
Արդէն 1917 թիւն էր։ Վարդանը տեղեկացել էր, որ թուրքերը նորից պիտի գան։ Նորից հաւաքեց ժողովրդին ու ճամբայ ընկանք։ Երբ Տանձոտից դուրս էինք գալիս, մենք անցանք այնպիսի հայկական գիւղերով, որոնք այրուած, մոխիր էին դարձած։ Ծեր կանայք, երեխաներ գետնին ընկած, սպանուած։ Այդ դիակների վրայ շուն, կատու կապած։ Էդ սարսափելի տեսարանները ես իմ կեանքում երբեք չեմ կարող մոռանալ։
Այրուած գիւղերի ու սպանուած դիակների միջով, սոված ու ծարաւ գնալով, վերջապէս հասանք մի ասորու գիւղ, որի բնակիչների կէսը այս անգամ մնաց Տանձոտում եւ երբ թուրքերը գալիս են՝ գերի են ընկում։
Մի բանաստեղծութիւն եմ գրել այդ մասին.
Աշխարհէ աշխարհ ման եկայ
Տատիկիս հողաթումբը չգտայ,
Որտեղի՞ց ես գտնէի նրան,
Երբ թուրքերը կախել էին ծառից։
Մայրիկիս հողաթումբը ես գտայ,
Աղի արցունք թափեցի վրան,
Իմ արցունքներից մայրիկիս
Հողաթումբը կանաչեց։
Հայրիկիս հողաթումբն էլ փնտռեցի,
Բայց որտեղի՞ց ես գտնէի այն,
Երբ նրան անխիղճ թուրքերը
Կտոր-կտոր էին արել, յօշոտել...
Ախալքալաքի ճամբին Բակուրեան անտառներում շունչ առինք։ Բայց ուժասպառ էինք, բոլորս էլ սոված ու ծարաւ։ Ու կատարուեց հրաշքը՝ հայ բարեգործական միութիւն մը եկաւ հաւաքեց մեզ նման անտէր որբերին ու տարաւ Սուրամի եկեղեցին, որը մանկատուն էին դարձրել։ Այդ ժամանակ էլ խոլերայի համաճարակն էր սկսուել։ Յետոյ ամերիկացիները եկան, Մերձաւոր Արեւելքի Նպաստամատոյց ընկերութիւնը մեզ պահեցին՝ ե՛ւ սնունդով, ե՛ւ հագնելիքով, ե՛ւ ուսումով, մեզ մարդ դարձրեցին։ Բացի մեր դասերից՝ հայերէն, ռուսերէն եւ անգլերէն էինք սովորում, նաեւ ես սովորել եմ այնտեղ ջութակ, բալետ եւ գեղարուեստ, որը հետագայում ինձ գրեթէ արուեստագէտ դարձրեց։ Տեսէք այս ծառերի կոճղերը եւ արմատները։ Ես իմ ձեռքերով հաւաքել եմ, մշակել եւ այսպիսի տեսքի եմ բերել։ Կարծէք ամէն մէկը մի քանդակ լինի, բնութեան ստեղծագործութիւնը...
Ութսուն տարուց աւելի է անցել, բայց ես մինչեւ այսօր չեմ կարող մոռանալ իմ սիրելի վաղամեռիկ հայրիկին, մայրիկին, քեռուն, հարեւաններին, տատիկին, մեր բոլոր ազգականներին, որոնք գազանաբար սպանուեցին եւ մեզի թողին անտէր ու անօգնական։ Իմ ամբողջ կեանքում ես միշտ յիշում եմ այդ սարսափելի տեսարանները, որոնք տեսել եմ աչքերով, եւ ես երբեք հանգիստ չունեմ։ Այնքա՜ն եմ արցունք թափել... Ես իմ բնաւորութեամբ բարի եմ եղել դեռ փոքրուց։ Օտարները չուզեցին մեզ օգնել՝ ռուսները մեզ օգնեցին։ Պիտի ասեմ նաեւ, որ թուրքերը հո բոլորը վատ չեն. նրանց մէջ էլ լաւերը կան։ Այդ երիտթուրքերի կազմակերպածն էր, թէ չէ՝ ժողովուրդը լաւն էր, եւ մենք թուրքերի հետ լաւ յարաբերութիւնների մէջ էինք մշտական։ Նրանց մէջ էլ լաւ մարդիկ կան, դա էլ փաստ է։
Վերժինէ Սվազլեան
«Հայոց Ցեղասպանութիւն. ականատեսներու վկայութիւններ»