Print
Category: Յօդուածագրութիւն

 

 

 

 

 

Զրնգում է Էջմիածնի գոռ զանգը,
Հոծ ղօղանջը Արարատից է ժայթքում,
Տարածում է հայութեան սուրբ հաւատքը,
Որ դարերի ընդերքից է պատգամում...

Զանգւում է այն սրտիս բոցից ու խորքից,
Թուրքախլած տարածքներից անազատ.
Սրտիս միջի Արարատից ու սարից,
Ուր քար ու ժեռ է մնացել,
չոր բացատ:

Մնացել է ցեղասպանի ճիրանում,
Լռեցուել է անխաչ Սուրբ Խաչ վանքի պէս,
Վանայ ծովի աղուտների ծփանքում,
Պարտկել եմ սրտիս վշտում գաղտնատես:

Ցեղասպանը ելել արնոտ թաթերով
Աւերակած մի քանի վէմ շիտակել
Նորոգում է իր անհոգի քարկոծով,
Անխաչ, անզանգ մի զանգուած է մոգոնել:

Սիրտս է խոց, չի հնչում հայ ասմունքը,
Հոգուս շունչը, որ միանայ ղօղանջիս,
Արձագանքի Նարեկի ժեռ ափունքը,
Վարագից էլ հասնի փէշը Սիփանիս...

Սուրբ Խաչ անխաչ վերանորոգ գմբէթը
Չվերօծուած պատարագ ո՞նց մատուցի.
Ժամի գմբէ՞թ, թէ օտար մինարեթը,
Ո՞ւմ մեղքերի խոստովանքը հատուցի:

Անառիկ էր մնացել Սուրբ Խաչը դեռ,
Ցեղասպանը նորոգելով գրաւեց,
Թուրքապոլիս տեղանքից էլ մի կղեր
Իր էլ կեղծած վկայութիւնը տուեց:

Էս ո՞նց կեղնի, իմա՞լ էրթանք մենք անխաչ Պատարագի...
Ո՞ր մրմունջով բարբառել...
Ոչ օծուած է, ոչ զանգ ունի,
ոչ ղօղանջ,
Սրտիս գուբում Մասիս սարն է պապանձուել:

Հայրենիքը պիտ ձայն ածի հաւատքի,
Որ ամրանայ մի ողջ սերունդ, ազգուտակ.
Էլ սփիւռքը իր դատը ում վստահի
Դատն ազգինն է՝
հայրենիքի հպատակ:

Անխաչ Սուրբ Խաչ կարկատուած վանքի փոխան
Իմ կողոպտուած սիրտն է ծխում խունկի պէս,
Իղձերիս ծուխը գնում է Երեւան,
Իմալ անենք, բռնենք ազգային հանդէս:

ԳՐԻՇ ԴԱՒԹԵԱՆ
Կլենտէյլ,  Քալիֆորնիա