(Հայոց Ցեղասպանութեան 100րդ տարելիցին ընդառաջ)
Եւ ի՞նչ է ցեղասպանութիւնը։ Մարդկութեան մի հատուածի իրականացրած ոճիրը միւս հատուածի նկատմամբ։
Եւ ո՞վ է ասել, որ մէկի իրաւունքն աւելի գերակայ է միւսի իրաւունքից։
Երեւի հէնց այսպէ՛ս են մտածել ու մտածում Հայաստանին սահմանակից երկրում։ Այն երկրում, որի ներկայիս տարածքի մի հատուածը մեր պատմական հայրենիքն է։
Ամբողջ մի ազգ ապրիլքսանչորսեան օրերին շունչը պահած սպասում է մի բանի՝ կ’արտասանի՞, արդեօք, Ա.Մ.Ն.ի հերթական նախագահն այդքան սպասուած «ցեղասպանութիւն» եզրոյթը, թէ՞ ոչ։ Սակայն Ա.Մ.Ն. ոչ մի նախագահ 100 տարիների ընթացքում չի արտասանել «Գենոցիդ» բառը ու թերեւս չի էլ արտասանի՝ ելնելով իր երկրի քաղաքական շահերից, - քանի դեռ հէնց յանցագործը՝ Թուրքիան չի ընդունել իր կատարած ոճիրը:
(Ցեղասպանութեան իրականացումից մինչ օրս Թուրքիան վարում է ժխտողական քաղաքականութիւն հնարաւոր բոլոր ուղղութիւններով):
Բայց ինչո՞ւ ենք սպասում, ինչո՞ւ ենք Ցեղասպանութիւնը, «ազգային գաղափարախօսութիւն» դարձրած, գոռում ու փորձում մեզ հետ պատահածը հասու դարձնել 7 միլիարդին:
Երբեւէ լսե՞լ էք հայի եւ այլերկրացու խօսակցութիւն՝ մոլորակի ցանկացած կէտում:
Մենք չենք խօսում մեր մասին, մեր մասնագիտութեան կամ եղանակի, այլ՝
- Բարեւ, ես հայ եմ, Գիտէ՞ք՝ 1915 թուականին Թուրքերը կոտորել են 1,5 միլիոն հայի…
Պատճառնե՞րը…
Պատճառները հազարն են՝ կորսուած հայրենիք, չճանաչուելու բարդոյթ, չպատժուած յանցագործ, 1,5 միլիոն անհանգիստ հոգիներ ու մազապուրծ փրկուած սփիւռք, բայց թերեւս գեր-կարեւորը պատասխանատուութիւնն է հետագայ ցեղասպանութիւնները կանխելու՝ 20րդ դարի սկզբին հայ ժողովրդի հետ տեղի ունեցածը համաշխարհային մակարդակով ճանաճելով ու դատապարտելով:
Մտածում ես՝ արդեօք բաւական չէ՞ աշխարհից արդար դատ պահանջել ու հայի միամտութեամբ սպասել:
Մէկ է, Մարդկութեան պատմութիւնը գալիս է ապացուցելու մի բան, որ մի անգամ ոճիր գործած ցեղը նորից դա կ’անի։
Նոյնն է, թէ վայրագ մարդասպանը, որն արդէն մէկ անգամ առել է արեան հոտը, յետոյ նորից ու նորից, արդէն ենթագիտակցաբար է գնում նոր յանցանք գործելու։
Ուղիղ մէկ դար առաջ Թուրքիայի ձեռքով գրուեց Հայոց Պատմութեան թերեւս ամենասեւ էջը, եւ ուղիղ մէկ դար յետոյ, նոյն այդ օրերին պատմական Կիլիկիայի՝ այն ժամանակների հայկական երկրորդ պետութեան մաս կազմող, ներկայիս Սիրիայի Քեսաբ բնակավայրում կրկնուեց նոյնը … ոճրագործը մնում է ոճրագործ։ Սերունդներ են փոխւում, բայց միեւնոյն է, ատելութիւնը, որ գենետիկ (ծինային) փոխանցուող հիւանդութիւն է, մօր կաթի հետ անցնում է որդուն։
Մարդկութեան անտարբերութիւնը շարունակում է ծնել նորանոր ցեղասպանութիւններ, բայց մենք չենք կարող անտարբեր լինել. ուրեմն եկէք պատմութեան անցած էջերը թերթենք, պահանջատէր լինենք ու գործել սովորենք։
Հայոց Ցեղասպանութեան 100րդ տարելիցին ընդառաջ՝ թէ՛ Հայաստանի Հանրապետութիւնում , թէ՛ աշխարհում, յատկապէս հայաշատ կեդրոններում, սկսուել են միջոցառումների նախապատրաստական աշխատանքները:
Ապրիլեան տխուր օրերին սպասւում են ցոյցեր ելոյթներ, Ցեղասպանութեան մասին պատմող բազմատեսակ միջոցառումներ, գեղարուեստական եւ փաստավաւերագրական ժապաւէնների պրեմիերաներ (առաջին ցուցադրութիւններ), գրքերի շնորհանդէսներ, Ապրիլի 23ին աշխարահռչակ Systems of Down ռոք խումբի (անդամները Ցեղասպանութիւնից փրկուածների թոռներ են) բացօթեայ համերգը Երեւանում, մի շարք կարեւոր մարդկանց այցերը Հ.Հ. եւայլն:
Ու այս բոլորը միտուած են ճշգրիտ ներկայացնելու 1915 թուականի ողբերգական իրադարձութիւնները, ճանաչելի դարձնելու աշխարհին, դատապարտելու:
Բայց սա չի նշանակում, որ 2015ը անցնելու է, ամէն ինչ մոռացուելու է, ոչ, ինչպէս վերջերս իր հարցազրոյցներից մէկում նշեց Ցեղասպանութեան 100րդ տարելիցին նուիրուած միջոցառումները համակարգող խորհրդի քարտուղար, Հայոց Ցեղասպանութեան Թանգարան-Ինստիտուտի տնօրէն Հայկ Դեմոյեանը՝ Ցեղասպանութեան 100ամեակը վերջը չէ…
Աշխարհում մի գետ կայ, բայց այդ գետը ոչ մի քարտէզի վրայ չկայ. 1915 թուականի անմեղ զոհերի արեան գետը, հոսելով մարդկութեան խղճի ու անտարբերութեան հովիտներով, վերջապէս հասնելու է հատուցման ծովին։
Մերի Աբրահամեան
Երեւանի Պետական Համալսարանի լրագրութեան բաժնի
առաջին կուրսի (դասարան) ուսանողուհի