Կրօնափոխ հայերի թեման այսօր շատերին է մտահոգում: Յատկապէս այն մարդկանց, ովքեր առիթ են ունեցել նրանց հետ շփուելու:
Սուրիահայ բժիշկ, Ջեզիրէի շրջանի Շտապօգնութեան յանձնախումբի անդամ, ՀԲԸՄ-ի Քամիշլիի մասնաճիւղի ատենապետ Զարեհ Սիմոնեանը մէկն է այդ մարդկանցից, ով համաձայնեց իր մտահոգութիւնները կիսել «Հայերն այսօր»ի հետ զրոյցում.
Առաջին անգամ կրօնափոխ հայերի խնդրին առնչուեցի 1988 թուականին, երբ մի քանի անգամ հանդիպեցի գրող Սերօ Խանզադեանի հետ, ով համշէնահայերով էր զբաղւում: Սերօ Խանզադեանը շատ էր ցականում օգնել նրանց ու միշտ կրկնում էր՝ կարեւորը հոգով հայ լինելն է: Մինչ այդ ես գաղափար չունէի համշէնահայերի մասին:
Իսկ արդէն տասը տարի է՝ կրօնափոխ հայերի հարցն արծարծում ենք տարբեր հարթակներում: Սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանի, Հայոց ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի տնօրէն Հայկ Դեմոյեանի հետ նոյնպէս այս հարցը քննարկել ենք:
Սիրիայում կան կրօնափոխ քրտեր, արաբներ, որոնք այսօր արդէն չեն վախենում բարձրաձայնել իրենց հայ լինելը եւ ցանկանում են վերադառնալ իրենց արմատներին: Այդ մարդիկ մեր աջակցութեան կարիքն ունեն, մարդիկ, ովքեր իրենց ապահովութիւնը վտանգելով, ցանկանում են հայ դառնալ, մկրտուել, եւ մենք որեւէ ձեւով պէտք է օգնենք նրանց, աջակցենք:
Ես ո՛չ Սասունն եմ տեսել, ոչ Արեւմտեան Հայաստանը, բայց ինձ սասունցի եմ համարում, հպարտանում եմ իմ սասունցի լինելով: Այդպէս են նաեւ այդ մարդիկ, նրանք թէեւ այսօր իսլամ են դաւանում, բայց հպարտանում են իրենց ազգութեամբ, արմատներով: Այդ ամէնը մարդու ներսից է գալիս: Իսկ մէկ-երկու սերունդ յետոյ նրանց այսօրուայ ոգեւորութիւնը կարող է մարել:
Շատերս ենք անձնական օգնութիւն, աջակցութիւն ցուցաբերել, բայց այս հարցը միասնական լուծում է պահանջում: Առիթն օգտագործելով՝ ուզում եմ շնորհակալութիւն յայտնել Հասաքէի Կաթողիկէ համայնքի առաջնորդ Անդրանիկ Այվազեանին, ով առանց վախի բոլորին նեցուկ է կանգնում, արդէն մկրտել է մօտ 50 իսլամացած հայի:
Քամիշլիում այսօր շատ քուրդ երիտասարդներ կան, ովքեր իրենց հայ են համարում: Ցանկանում են հայերէն սովորել: Սիրիական պատերազմից առաջ մենք դասընթացներ կազմակերպեցինք, բայց այս դէպքերի պատճառով չկարողացանք շարունակել:
Նրանք իրենց կամքով, գիտակցութեամբ են խոստովանում իրենց հայ լինելը, այլ ոչ թէ ցանկանում են օգտուել «հայութիւնից», ինչպէս որոշ մարդիկ են մտածում: Նրանք հիմնականում զարգացած մարդիկ են՝ բժիշկներ, ինժեներներ: Համացանցում սկիզբ է առել «Ես հայ եմ» շարժումը, որը նպատակ ունի միաւորելու կրօնափոխ հայերին:
Մի կարեւոր հանգամանք եւս. նրանք՝ կրօնափոխ եղած այդ մարդիկ, Հայոց ցեղասպանութեան վկաները կարող են լինել Հայ Դատի յաղթական գործընթացում:
Մի քանի պատմութիւններ պատմեմ: Մի անգամ մի արաբ եկաւ մեզ մօտ ու ասաց, որ Դել Ահմադում ապրող իր տատիկը հայ է եւ ձեզ տեսնելով շատ կ'ուրախանայ: Այցելեցինք նրան. 107-ամեայ կին էր՝ խորշոմած դէմքով, բայց զգում էիր, որ մէջը հայութիւն կայ: Նա 6-7 տարեկան աղջիկ է եղել, երբ թուրքերը սպանել են ընտանիքի անդամներին: Նրան պահել-մեծացրել է մի արաբ ընտանիք, ով էլ հետագայում նրան արաբի հետ է ամուսնացրել: Այդ կինը 250 ժառանգ ունէր եւ անցեալ տարի դեռ ողջ էր:
Մի տուն էինք այցելել, տեսանք, որ տարիքով մարդիկ յուզմունքով հայկական հեռուստաալիք էին նայում, հարցրեցինք՝ հասկանում էք, պատասխանեցին՝ ո՛չ, բայց կարեւորը, որ մեր նախնիների լեզուն ենք լսում:
1995-96 թուականներն էր: Հիւանդանոցում երկու արաբի հանդիպեցի ու զարմանքով նկատեցի, որ իրար հետ հայերէն են խօսում, որ թանկ է ծառայութիւնը, ինչպէս պէտք է վճարենք: Կարծես երազի մէջ լինէի՝ արաբները խօսում են հայերէն: Մօտեցայ նրանց: Էլ աւելի զարմացայ, երբ իմացայ, որ եղբայրների անունները Տիգրան եւ Սուրէն են: Հետաքրքրուեցի ու պարզեցի, որ նրանց մայրը, ով պառկած էր հիւանդանոցում, հայ է եւ նա է նրանց հայերէն սովորեցրել: Իսկ հայերէն են խօսել, որովհետեւ մտածել են, որ նրանց ոչ ոք չի հասկանայ: Այցելեցի նրանց մօրը, ու թէեւ մենք միայն հայ հիւանդներին էինք անվճար օգնում, նրան ասացի, որ կը հոգանք հիւանդանոցի ծախսերը: Երկար ժամանակ կապ էի պահում ընտանիքի հետ: Բայց երբ տեղափոխուեցին Սաուդեան Արաբիա, կապը խզուեց:
Նման մարդիկ այսօր շատ են Սիրիայում: Եթէ մենք չկարողանանք նրանց ճիշդ օգտագործել, նրանց էլ կարող ենք կորցնել: Իսկ այն հայը, ով եթէ չհայանայ, քրիստոնեայ չդառնայ, աւելի թունդ իսլամ կարող է դառնալ:
Հետեւաբար, պէտք է հոգ տանել նրանց մասին: Առ այսօր նրանց աչքաթող ենք արել, բայց դեռ ուշ չէ եւ պէտք է մի ճանապարհ գտնել՝ նրանց օգնելու համար: Իհարկէ, պէտք է զգոյշ լինել, բայց չպէտք է վախենանք այս հարցը բարձրաձայնել:
Լուսինէ Աբրահամեան
www.hayernaysor.am