Print
Category: Յօդուածագրութիւն

Երբ դու մօտեցար, հպուեցիր կրծքիս,
Հեւացի սրտով ու զգացումով.
Շուրթերիս պապակ հեստ որոնումը
Հասաւ այտերիդ լոկ ողորկ ջերմին:

Այդ ջերմութիւնը օրորել է ինձ
Ամառային բարկ միջօրեական երազանքներով,
Թափանցիկ ու ջինջ ծանծաղ երանգով...
Որպէս ձեռքերիս սորուն ափերը,
Որ սեղմել են գիրգ ուսերդ նրբին
Տաք մտերմութեամբ ու ամբողջական...

Այս ամառային տաք արեւի տակ
Ցանկութիւններս խորն են շոգութեամբ.
Ծոցիս ծարաւը
Չի բեկւում միայն այտերիդ ջերմով,
Վտիտ ուսերիդ կոր ողորկութեամբ,
Որ այլապէս էլ ափերս են այրում:

Մնում եմ պապակ
Շուրթերիդ մեղրին, ուզածս մեղքին,
Որ ծարաւին է իմ անհագութեան...

Ամառային բարկ միջօրեական լուսեղ արեւով
Պայծառ ու տաք ես.
Հասունացած են շուրթերդ մեղրով,
Քաղուած վարդերից...

Կաթիր քաղցրութեամբ մեղրակաթիլի
Ծորուն ու համեղ,
Ու մեղաւորիր շուրթերս սիրեղ...

Թող տուր սիրութեամբ
Որ համբուրեմ քեզ իմ ամբողջութեամբ,
Որպէս արեւի ճառագայթները վարդերի վրայ,
Շուրթերիդ  վրայ...
Չէ որ շուրթերով ես մեղմ շշուկում,
Թաքուն բառերով խանձում քունքերս...

Թող տուր՝ մարմարէ  քո վզատակը
Համբուրոտեմ ու կծոտեմ խենթ-խենթ,
Սիրո վայելքով,
Որով հասունում ենք կեանքի բերկրութեան,
Հասունանում ենք
Մեր ժուժկալութեամբ... Մեր շռայլութեամբ...
Ու չենք գոհանում... Ու չենք ափսոսում...

Պարզ յոժարութեամբ մօտեցիր գրկիս,
Սեղմուիր կրծքիս,
Որ համբոյրներս հասնեն շուրթերիդ:

ԳՐԻՇ ԴԱՒԹԵԱՆ
Կլենտէյլ, Քալիֆորնիա


Լ Ո Ւ Ս Ա Լ Ի Ո Ւ Թ Ի Ւ Ն

Երջանկութեան ծոցիդ մէջ
Խաղաղութիւն է իջնում կեանքիս.
Առաւօտը արթնանում է
Արեւի եօթներանգ գոյներով,
Լոյսն է որ ճառագում է
Գիրկս լցնում է նարօտով,
Լուսաւորում է ապագաս:

Բարիլոյսի հետ հարցնում եմ, թէ
Ի՞նչ գոյն ունի լոյսը...
Դու զարմանում ես հաճոյքով,
Մեղրի համը նոր ճաշակած մանկան պէս.
Ապա փոխադարձ հարցականդ
Պատկերում ես ժպիտով,
Լոյսի գոյն ժպիտով,
Լուսաժպիտ...

Ծոցիս լոյսն ես,
Որ ջերմացնում ես սիրտս
Ցանկութիւններիդ իմ էլ ցանկութեամբ.
Լուսատենչ...

Թեւերդ օղակում ես վզիս,
Տարածում ես ուսերիս,
Որպէս ապրելու բովանդակութիւն
Ու ծաւալ,
Լուսածաւալ...

Այնուհետեւ լուսալի ու լուսաջերմ
Մտնում եմ առօրեաս,
Ճամբաս՝ քո եւ  յոյսիս:

ԳՐԻՇ ԴԱՒԹԵԱՆ
Կլենտէյլ, Քալիֆորնիա