Print
Category: Յօդուածագրութիւն

Մաքառումի դասն անողոք
Մենք սերտել ենք Վարդանանքով,
Ու դարերի փոշու դիմաց
Տոկացել ենք հանց լեռ Մասսեաց,
Արարատուած երկնասլաց։

 

Այժմ չի պատի ձեր հողմը բութ
Գագաթներին մեր ձիւնակութ,
Որ մխրճել ենք դարերի
Լուսաթաթախ գիրկն եթերի։

Այնտեղ ԱՅԲն է արև վառում,
Արդարութիւն աղաղակում,
Ոգով վեհին է կարկառւում։

ԲԵՆը բանի բուրվառն է սուրբ,
Բոց է բորբոք,
Բարձունք է լուրթ։

ԳԻՄը գոյի գինեգաւն է,
Գիտութեան վեհ գերական է։

ԴԱն՝ դաշնալուր դրուաբանը,
Սասմայ Դաւիթ դիցականը,
Հայոց դպրոց, դասարանը։

ԵՉը երգ է ու երգերգոց,
Գողթան կուսաց անուշ յոգոց։

ԶԱն զանգակն է մեր զօր զարմի,
Զրընգոցով ազատազնի։

Է՛ էութեան էջմիածին,
Էպոսը մեր էթնոսածին։

ԸԹ՝ ընտանի, ընտանեկան,
Այլև ըմբոստ, ընդդիմական,
Ընդմիշտ ընտիր, ընկերական։

Թորգոմեան ԹՈն թոնիր է թէժ,
Խէժ ու լաւայ, զովող ջրվէժ։

Ժայթքում է ԺԷ՛ հայրենավրէժ։

ԻՆԻն ինքեան իմաստութեամբ
Իմացութիւն է ինքնութեան,
Անձնեայ վսեմ անհատութեամբ։

ԼԻՒՆ՝ լեզու է լեռնաստանի,
Մաշտոցական տեսլականի,
Որ սրբեղ է ու լուսածիր,
Լիանուագ, հնչիւնալիր։

Խորախորհուրդ խազմական ԽԷն
Խիստ ու խրոխտ է ապաքէն։

Ծագեցնում է ԾԱն ծիածան,
ԿԵՆի կամքով կոթողական,
Երկնի լայնքով ամբողջական։

Համազգային համալեզու
ՀՈն համօրէն է հայասուն,
Շուրթից հոգի ու սիրտ հոսում։

ՁԱ՝ մատենից ձոյլ ձեռագիր,
Ծաղկադրուագ, երկաթագիր։

Ղօղանջող ՂԱՏ ձայնեղ փանդիռ,
Սրտի թրթիռ,
Յոյզի հրթիռ։

ՃԷ՝ ճառագայթ ճշմարտութեան
Ճիգ ու ճախրանք հանճարութեան։

ՄԷՆ՝ իմաստը մեր մեծութեան,
Համեստութեան, մարդկայնութեան։

Յին յիշատակ է Տարոնից
Յաշտից Տեղիք սրբաստանի,
Վահագնեան բոց մեհենական,
Առատութեամբ Անահիտի
Ու Աստղիկի սիրայնութեան
Վարդավառով բագինների
Նուիրական Նաւասարդից։

ՆՈՒն ներդաշնակ ներբող է նուրբ
Նպատակի նորոգ ու սուրբ։

ՇԱ՝ շանթ է շէկ ու շկահիւն,
Ոգորումով Ո՜ հմայուն,
Որոտում է ամպրոպ, թնդիւն։

Չարադրուժ ՉԱն է չքնաղ,
Չեմուչեմով նազող շարմաղ,
Պարանցում է քանց ՊԷ պայծառ,
Յոյլ օրօրով ու սիրավառ։

Ջինջ է ջինջ ՋԷն,
Ջինջ է հանց ջուր,
Ծարաւաբեկ մի սառնաղբիւր։

Ռազմագոչ ՌԱն ռամիկ է ծուռ,
Փոցխը, մաճը, բահը ի բուռ,
Նետը, թուրը, վահանը կուռ։

ՍԵն սխրանքի սէր է ու սուր,
Վատութեան դէմ ՎԵՒ սայրասուր
Հերձատում է խանձով ահուր։

ՏԻՒՆ, ՐԷ՝ տարերք են տարափոխ,
Տարր արգաւանդ, բերրի մայր հող,
Բեղունութեան ծին ու ծնող։

ՑՈն ցանք է ցիր ցորէն արտի,
Ոսկուն ցոլանք ու ցօղ ցայգի։

ՎԻՒՆ փոքր չէ, ոչ էլ հիւծուած,
Հիւսուած նարօտ է երանգուած։

Ու թէ փողփայ, փայլատակի,
Փոթորիկը ՓԻՒՐ կփրթի,
Քերթելու ՔԷ քնարական,
Քաղցրաբարբառ, քանքարական...

Տառ ու գրի գիւտ գերագոյն,
Ձեռամբ հզօր ու սրբագոյն
Սուրբ Մեսրոպի, Սուրբ Սահակի
Փառքով անխախտ յաղթանակի,
Ոտքի է, օ՜ն, վեհ պայքարի
Մեր դրօշն է տանում մարտի,
Ազգապահպան մեր խոյանքի
Ու սխրանքի,
Որ տքնական տոկունութեամբ,
Արարատեան տիտանութեամբ
Ամրակուռ է մեր հայութեամբ,
Հայոց լեզուով, աւանդութեամբ...

Արդ, մեր դիմաց, ո՛չ, չի պատի
Ձեր հողմը բութ ու թերատի,
Քանզի վաղուց
Մաքառումի դասն անողոք
Մենք սերտել ենք Վարդանանքով...

Ով Աստուած, ով աշխարհք,
ով բնութիւն։

ԳՐԻՇ ԴԱՒԹԵԱՆ

Թեհրան 19820723-19820802
Աթէնք3 19870304
Գլենդել 20141009