Օգոստոսի մէջ լոյս է տեսել «Վէմ» հանդէսի 2014 թուականի երկրորդ համարը՝ 273 էջ ծաւալով, որում աւելացել են ինչպէս տեսական-մեթոտաբանական բնոյթ ունեցող հրապարակումները, այնպէս էլ Ա. Աշխարհամարտի 100-ամեակի հետ կապուած գիտական ուսումնասիրութիւնները:
Շարունակելով մարդասիրական ու հասարակական գիտութիւնների ասպարէզում Հայաստանում առկայ ճգնաժամի յաղթահարման ուղիների
փնտռտուքը՝ «Վէմ»-ի թիւ 2-ի խմբագրականում վերլուծութեան է ենթարկուել խորհրդային-ամբողջատիրական մտածողութիւնից ժառանգութիւն մնացած եւ հայ պատմագիտական մտքի առաջընթացը կաշկանդող այսպէս կոչուած‘ «օբյեկտիւիստական» պատմաճանաչողութիւնը, որով այսօր էլ առաջնորդւում է հայաստանեան հետազօտողների գերակշիռ մասը: Ցոյց է տրուել, որ բնագիտութեանը բնորոշ մեթոտաբանութեան մեքանիկական իւրացման միջոցով 19-րդ դարի կէսերին ձեւաւորուած եւ մարքսիզմի «խողովակով» հայ պատմագիտութեանը փոխանցուած ճանաչողական նման ելակէտը որեւէ կապ չունի գիտակցութեամբ ու կամքով օժտուած մարդկանց գործողութիւններն ուսումնասիրող պատմական գիտութեան հետ եւ բացարձակապէս սնանկ է: Զուգահեռաբար՝ «Հիմնաքարեր» բաժնում հրապարակուող «Պատմութեան գաղափարը Եոհան Տրոյզենից մինչեւ Ռոպին Քոլինկուուտ» ուսումնասիրութեան միջոցով «Վէմ» հանդէսը սկսել է գիտական պատմութեան՝ պատմագիտութեան ձեւաւորման ու զարգացման յաջորդական հանգրուանների ներկայացումը, ինչը թոյլ է տալիս արդի հայ հետազօտողին մտովի վերապրելով այդ բարդ գործընթացը՝ յաղթահարել ներկայումս իրեն բաժին ընկած խիստ պարզունակ ճանաչողական փակուղիները:
Ա. Համաշխարհային պատերազմի 100-ամեակի առիթով հանդէսի երկրորդ համարում շարունակուել են ինչպէս ժամանակի մթնոլորտը վերակենդանացնող (Սուսաննա Գ. Յովհաննիսեան), այնպէս էլ Մեծ եղեռնի հետեւանքները քննող (Իշխան Գ. Չիֆթճեան) հրապարակումները:
«Վէմ»-ի հիմնական բաժիններում տպագրուած ուսումնասիրութիւններից ուշագրաւ ու միաժամանակ‘ խիստ արդիական է ճանաչուած հնագէտ, Արցախի Տիգրանակերտի հետազօտութեան արշաւախմբի ղեկավար Համլետ Լ. Պետրոսեանի արցախեան պատկերաքանդակներին նուիրուած հրապարակումը: Պատճառն այն է, որ վերջերս «պեղելով, ակադեմիկոս Յովսէփ Օրբէլու՝ Սանկտ-Պետերբուրգում գտնուող ժառանգութեան մասունքները, ատրպէյճանցի հետազօտողները սկսել են օգտագործել ականաւոր հայ գիտնականի հարցադրումները՝ իրենց տխրահռչակ «աղուանական» համադրոյթի հիմնաւորման համար»:
Հանդէսի 2014 թուականի երկրորդ համարի «Լրատու» բաժնում տեղ են գտել անցած ամիսներին համապատասխանաբար՝ Փարիզում ու Պէյրութում վախճանուած ֆրանսացի ականաւոր պատմագէտ Ժաք Լը Կոֆի եւ Սփիւռքի գրական կեանքի յենասիւներից մէկի՝ Պօղոս Սնապեանի գիտական վաստակն ամփոփող յօդուածներ:
Մեծ հետաքրքրութեամբ է ընթերցւում նաեւ իսրայէլցի ժամանակակից պատմաբան Եայիր Աուրոնի «Անընդունելի անտարբերութիւն. սիոնականութիւնը եւ Հայոց ցեղասպանութիւնը» գրքի ընդարձակ գրախօսականը (Արմէն Ց. Մարուքեան): Բացայայտւում է հրեայ հետազօտողի հարցադրումների խորքային շերտը, որն այդպէս էլ չի ընկալուել որոշ հարցերում թուրքական պատմագրութեան դրոյթները կրկնած այս աշխատութեան հեղինակին Հայաստանում «երկինք բարձրացնող» մտաւորականների ու պատմաբանների կողմից: «Վէմ»-ի թիւ 2-ում զգալիօրէն աւելացել է նաեւ ՀՅԴ պատմութեան վաւերագրերի հրապարակումը: Դրանցից արդիական հնչեղութիւն ունեն յատկապէս 1917-1918 թուականներին հայ-ռուսական փոխգործակցութեան խորացման նպատակով Ռուսաստանում բուռն գործունէութիւն ծաւալած, բայց խորհրդային իշխանութիւնների կողմից որպէս պատանդներ ձերբակալուած դաշնակցական գործիչներ Յակոբ Զաւրեանին (Զաւրիեւ) եւ Լիպարիտ Նազարեանին վերաբերուող փաստաթղթերը (Վլադիմիր Ն. Ղազախեցեան):