Print
Category: Յօդուածագրութիւն

Վրաստանի վարչապետի այցը ՀՀ ոչ միայն չփարատեց ջաւախահայութեան շրջանում առկայ մի շարք մտահոգութիւններ, այլեւ աւելի խորացրեց դրանք:

Մամուլից եւ բարձրաստիճան պաշտօնեաների յայտարարութիւններից ծանօթանալով այցի օրակարգին՝ որոշ յոյս կար, որ Սեպտեմբերի մէկից ուժի մէջ մտնող եւ այցի օրակարգի մաս կազմող վիզային ռեժիմի քննարկման շրջանակներում անդրադարձ կը լինի նաեւ ջաւախահայութեանն ու ընդհանրապէս վիրահայութեանը յուզող բազմապիսի խնդիրներին: Բայց ահա այցի առաջին իսկ օրուայ հանդիպման վերաբերեալ Դ. Յարութիւնեանի տուած մեկնաբանութիւններից պարզուեց, որ վիզային ռեժիմի մասին հարցն ընդհանրապէս չի քննարկուել, քանի որ, ըստ նոյն պաշտօնեայի պարզաբանման, դա չի վերաբերում հայկական կողմին:

Տարօրինակ է՝ Դ. Յարութիւնեանը մինչ այդ չգիտէ՞ր այդ մասին, վարչապետի հետ չէ՞ին խորհրդակցել ու պայմանաւորուել, օրակարգը վաղօրոք չէ՞ր մշակուել, եւ ինչո՞վ բացատրել վարչապետի շուրթերից արուած՝ վիզային ռեժիմի քննարկման անհրաժեշտութեան մասին ծաղկաձորեան յայտարարութիւնը: Առաջին պաշտօնեայի՝ այցի օրակարգին առնչուող այդ խօսքերը ե՛ւ հայկական, ե՛ւ վրացական մամուլում շրջանառւում էին մի քանի օր շարունակ՝ անիմաստ սպասումներ արթնացնելով Վրաստանի հայութեան մօտ: Այս ամենից կարող ենք եզրակացնել երկու բան.
1. Հայկական կողմի պաշտօնեաների՝ Վրաստանի վարչապետի այցի հետ կապուած յայտարարութիւն- ները արուել են պահի թելադրանքով եւ առանց նախօրոք միմեանց եւ վրացական կողմի հետ համաձայնեցնելու.
2. Հայկական կողմի բարձրացրած եւ վիզային ռեժիմին վերաբերող հարցին վրացական կողմը ընթացք չի տուել, որից ելնելով էլ՝ Դ. Յարութիւնեանը, չուզենալով լրատուամիջոցների առջեւ երեւալ ձախողուած բանակցողի խղճուկ կերպա- րով, որոշեց խեղաթիւրել հարցը:
Կÿուզենայինք հռետորական հարց տալ այս պաշտօնեային. տիրապետո՞ւմ է արդեօք Դաւիթ Յարութիւնեանը վրացական քաղաքացիութիւնից ժամանակին հրաժարուած եւ ՀՀ անձնագրով Ջաւախքում ապրող հայութեան վիճակագրական տուեալներին: Թէ՛ դրական եւ թէ՛ բացասական պատասխանի դէպքում պարոն Յարութիւնեանի՝ վիզային ռեժիմի մասով արուած յայտարարութիւնը կարելի է, մեղմ ասած, որակել որպէս անպատասխանատու քայլ:
Անգամ խնդրին ծանօթ մարդու յիշողութեան փոքր-ինչ առկայութիւնն էլ բաւարար կը լինէր տեղափոխուելու 2.000-ական թթ. կէսերը, երբ ամիսներ շարունակ ՀՀ-ում Վրաստանի դեսպանատան առջեւ ջաւախահայութեան՝ Վրաստանի քաղաքացիութիւնից հրաժարման դիմումներ տալու հերթեր էին գոյանում, եւ այդ մարդիկ, որոնք ՌԴ սեզոնային աշխատանքի մեկնելու պատճառով կորցրել են իրենց քաղաքացի- ութիւնը, այսօր ապրում են իրենց հայրենիքում:
Շատ են նաեւ այնպիսի դէպքերը, երբ այս կամ այն պատրուակով վրացական պետութիւնը յայտնաբերել է ջաւախահայի մօտ երկրորդ՝ ՀՀ քաղաքացիութեան անձնագիրը (դրանք հիմնականում սահմանային անցակէտերում են տեղի ունենում) եւ կարճ ժամանակ անց զրկել նրան Վրաստանի քաղաքացիութիւնից: Ահա այժմ այս մարդիկ նոր օրէնքի պայմաններում պէտք է 90 օրից աւել մնալու համար դիմեն վիզայի օգնութեանը: Հարցից անտեղեակ պաշտօնեաները կարող են փաստել, որ նոր օրէնքով կանոնակարգուող միգրացիոն քաղաքականութիւնը չի խոչընդոտի ՀՀ ոչ մի քաղաքացու երկարաժամկէտ ապրել Վրաստանի տարածքում: Սակայն այստեղ միանգամից այս քաղաքացիները բախւում են երկրորդ, թերեւս ամենացաւա- լի խնդրին, որը վերաբերում է Վրաստանում կացութեան անձնագրեր ստանալուն: Խնդիրն այն է, որ վերջին շրջանում յաճախակի են դարձել կացութեան անձնագրեր ստանալուն ուղղուած դիմումների անհարկի մերժումները: Ահա այստեղ է խնդիրը, որի մասին դժուար թէ ցանկութիւն ունենար խորանալու պարոն Դաւիթ Յարութիւնեանը մասնաւորապէս եւ հայկական բանակցող կողմն ընդհանրապէս:
Վրաստանի վարչապետի այցից, ցաւոք, ջաւախահայութիւնը չստացաւ շօշափելի ոչ մի բան: Այցի ընթացքում, բացի բարեկամութիւնից, ինչ-որ կամուրջի եւ էլեկտրահաղորդալարերի մասին խօսուեց միայն, եւ դատելով ձեռքբերուած արդիւնքներից՝ երկու կողմերն ի ցոյց դրեցին աշխարհաքաղաքական նոր իրողութիւնների պայմաններում գործելու սեփական անզօրութիւնը. մի հանգամանք, որի պայմաններում այլեւս խօսք անգամ լինել չէր կարող ո՛չ վիրահայութեան խնդիրների, ո՛չ ազատ առեւտրի գօտու ըս- տեղծման, սահմանների թափանցիկ դառնալու եւ այլնի մասին:
Վրաստանի վարչապետի այցի ամենաողբերգական մասերից մէկն այն էր, որ ոչ միայն օրակարգում չէր ներառուել ջաւախահայութեան ու ընդհանրապէս վիրահայութեան հիմնահարցերը, այլեւ հէնց հանդիպման ընթացքում ՀՀ խորհրդարանի՝ ջաւախահայութեան հարցերը մշտապէս բարձրաձայնող որոշ պատգամաւորներ հանդէս եկան ցնցող յայտարարութիւններով. այն է՝ ջաւախահայութեան հարցերը չեն ներառուել օրակարգում, քանի որ դրանք այժմ կորցրել են իրենց հրատապութիւնը: Երկրորդ անգամ հնչեցընենք մեր հռետորական հարցադրումը. պարոնա՛յք, ո՞ր մի հարցն է լուծուել այն բազմաթիւ հարցերից, որոնք հէնց տարիներով դուք էք բարձրացրել. հայոց լեզուին կարգավիճա՞կ է շնորհուել, հայոց պատմութի՞ւնն է դասաւանդւում Ջաւախքի դպրոցներում, հայկական պետական ԲՈՒՀ է հիմնուել տարածաշըրջանում, մշակութային առարկաների, գիրք-գրականութեան սահմանային արգելքնե՞րն են վերացել, ուժային կառոյցների վերահսկողութիւննե՞րն են թուլացել Ջաւախքում, առանձին պատմաբանների կամ ակտիվ մարդկանց մուտքի արգելքնե՞րն են վերացել, ասացէ՛ք, խնդրեմ: Մենք նոյնպէս, մանաւանդ նոր իշխանութիւնների հանդէպ, հակուած ենք լաւատեսօրէն տրամադրուել, սակայն չնչին տեղաշարժերի կամ դրանց ընդհանրապէս բացակայութեան պայմաններում յայտարարել, թէ Ջաւախքի խնդիրները կորցրել են իրենց նախկին հրատապութիւնը եւ փորձել դրանով բացատրել կամ արդարացնել ՀՀ իշխանութիւնների՝ Ջաւախքի հանդէպ կրաւորական մօտեցումները, բոլոր առումներով դատապարտելի է:


Սամցխէ-Ջաւախքի և Քվեմօ-Քարթլիի
Հայկական Հասարակական կազմակերպութիւնների

խորհուրդի համակարգող՝
Արտակ Գաբրիէլեան

Ախալքալաք