Print
Category: Յօդուածագրութիւն

Ինչպէս ծանօթ է մեր ընթերցողներուն, Քարվաճառի մէջ Յուլիս 14ի կէսօրին, իր աւարտին հասած էր պաշտպանութեան բանակի յատուկ նշանակութեան ստորաբաժանումներուն կողմէ իրականացած գործողութիւնը, ատրպէյճանական հետախուզական խումբի վնասազերծման ուղղութեամբ:

Արդիւնքը եղաւ գերեվարել ազերիական խումբի բոլոր անդամները, կամ ոչնչացնել անոնց: Անկէ ետք, Հայաստանի Հանրապետութեան պաշտպանութեան նախարարութիւնը յայտարարած է թէ պատրաստ է միջազգային կառոյցներուն տրամադրել Քարվաճառի մէջ ատրպէյճանական յարձակման բոլոր ապացոյցներն ու տուեալները:


Քարվաճառի շրջանը կը տարածուի Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան հիւսիս-արեմտեան մասին վրայ։ Շրջանի հիւսիսը կը գտնուի Ատրպէյճանի հետ պետական սահմանը, իսկ արեւմուտքի վրայ՝ Հայաստանի։ Հարաւէն շրջանը սահմանակից է Քաշաթաղի շրջանին, արեւելքէն սահմանը կը հասնի մինչեւ Մարտակերտ։
Քարվաճառի շրջանի մակերեսը կը կազմէ 1830 քառ. քմ։ Քարվաճառի կեդրոնը քաղաքն է որ կը գտնուի ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտէն 128 քմ հեռաւորութեան վրայ։ Շրջանի տարածքով կը հոսի Թարթառ գետը, որ կը հանդիսանայ Ղարաբաղի հիմնական ջրային զարկերակը։ Քարվաճառի շրջանը լեռնային է, խիստ կտրտուած։ Տարբեր ժա-մանակաշրջաններու մէջ այս տարածքը անուանուած է Վայկունիք (մինչեւ XII-XIII դդ), Վերին Խաչեն (XIII-XVIIIդդ), Քոլան (XVIII-XIX դարի սկիզբ)։ Պահպանուած են բազմաթիւ ճարտարապետական յուշարձաններ, որոնք կը վկայեն Հայաստանի պատմութեան մէջ Արցախի այս անկիւնի ունեցած դերակատարութեան մասին։ Ծանօթ են՝ Դադիվանքը, Հանդաբերդ ամրոցը, Ծար գիւղը։

---------------------
Քարվաճառում՝ Ադրբեջանական
Ներթափանցման Հետքերով

Քարվաճառի շրջան ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի ներթափանցման մասին Արցախի եւ Հայաստանի իշխանութիւնները կասկածներ են ունեցել, ապա եւ համոզուել այն բանից յետոյ միայն, երբ Քարվաճառի Ճումեն բնակավայրից Յուլիսի 4ին անհետացել է 17ամեայ Սմբատ Ցականեանը: Նման ենթադրութեան հիմք ինձ տալիս է պաշտօնական հաղորդագրութիւնների ժամանակագրութիւնն ու բովանդակութիւնը, տեղում անցկացրած հետազօտութիւնն ու բազմաթիւ զրոյցները շարքային քաղաքացիների ու այլ պատասխանատուների հետ:
Սմբատի հայրը՝ Մեխակ Ցականեանը, երեկոյեան որդուն թողնելով Ճումեն գիւղի իրենց տանը (այս հատուածում նրանք անասուններ էին պահում), առաւօտեան եկել-տեսել է՝ որդին չկայ: Հայրը նկատել է, որ տնից նաեւ ուտելիք են տարել: Որդու անհետանալու առիթով նա դիմել է ոստիկանութիւն: Մինչեւ Յուլիսի 10ը՝ ամբողջ հինգ օր, հայկական լրատուամիջոցներում, ինչպէս նաեւ Քարվաճառի ու Վարդենիսի շրջաններում տագնապալի խօսակցութիւններ էին տարածւում, որ 17ամեայ տղայի անհետանալը գուցէ կապուած է ադրբեջանական ներթափանցման հետ:
Յուլիսի 10ին ԼՂՀ պաշտպանութեան բանակի մամուլի ծառայութիւնը տարածեց առաջին հաղորդագրութիւնը. «ԼՂՀ եւ Հայաստանի պետական սահմանահատուածում (Քարվաճառի ուղղութիւն) հակառակորդը ձեռնարկել է հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը: Պաշտպանութեան բանակի առաջապահ զօրամասերի կողմից ձեռնարկուած օպերատիւ գործողութիւնների արդիւնքում՝ հակառակորդի հետախուզադիվերսիոն խումբը ժամանակին յայտնաբերուել է, անդամների մի մասը ձերբակալուած են, միւսները դիմել են փախուստի: Գործողութեան արդիւնքում հայկական կողմը կորուստներ չի ունեցել»:
Յուլիսի 11ին ԼՂՀ պաշտպանութեան բանակը հրապարակեց ադրբեջանական կողմի դիվերսիոն խմբի եւ նրա գործողութիւնների մասին վկայող մի շարք լուսանկարներ՝ «պայմանաւորուած հանգամանքով, որ ադրբեջանական պաշտօնական լրատուամիջոցները հերքում են ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի ներթափանցման փորձի եւ խմբի որոշ անդամների գերեվարուելու մասին տեղեկատուութիւնը»: Արցախեան կողմը հրապարակեց նաեւ գերեվարուած, Միրբաշիրի շրջանի Ղափանլու գիւղում գրանցուած Շահբազ Գուլիեւի լուսանկարը:
Նոյն օրը Քարվաճառի շրջանում սպանուել էր մայոր, 42ամեայ Սարգիս Աբրահամեանը, վիրաւորուել եւս մի հայ կին: Պաշտօնական հաղորդագրութիւններից ոչ մի կերպ հնարաւոր չէր հասկանալ, թէ ինչ պայմաններում է տեղի ունեցել ողբերգութիւնը, ինչ կապ ունի մայոր Աբրահամեանը դէպքերի հետ: Յուլիսի 12ին Հայաստանի պաշտպանութեան նախարար Սէյրան Օհանեանը յայտարարեց, որ հակառակորդի դիվերսիոն խմբի չէզոքացման ժամանակ հայ զինուորները ոչնչացրել են եւս մէկ դիվերսանտի, սակայն փոխհրաձգութեան ժամանակ զոհուել է հայ սպայ եւ վիրաւորուել է մէկ կին:
Իրականում, սպանուած մայոր Աբրահամեանը եւ նրան ուղեկցող, ծանր վիրաւոր- ւած կինը, այսպէս ասենք՝ բախտ չունենալու պատճառով էին յայտնուել իրադարձութիւնների կիզակէտում: Այն բանից յետոյ, երբ Հայաստանի եւ Արցախի իշխանութիւնները համոզուեցին, որ 17ամեայ Սմբատ Ցականեանի անհետացումը կապուած է ադրբեջանական դիվերսիայի հետ, ողջ տարածքը (իսկ Քարվաճառի տարածքը անտառապատ է եւ աշխարհագրօրէն կտրտուած, հետեւաբար՝ վերահսկելու համար չափազանց դժուար) յայտնուեց բանակի, ոստիկանութեան, անվըտանգութեան մարմինների ու բնակիչների մանրադիտակի տակ: Ադրբեջանական խումբը արդէն զգացել էր, որ իրենց հետեւում են եւ պէտք է փորձեր դուրս գալ օղակից ու հետ վերադառնար Ադրբեջանի տարածք՝ հաւանաբար սահմանի այն հատուածով (հանքերի մօտ), որտեղ միանում են Քարվաճառի, Վարդենիսի եւ Դաշքեսանի շրջանները:
Յունիսի 11ին, ժամը 17ի սահմաններում ադրբեջանական խումբը արդէն մօտեցել էր սահմանի այն հատուածին, որտեղ Հայաստանը, Արցախը եւ Ադրբեջանը ունեն հատման ընդհանուր կէտ՝ այն է՝ Սոթքի շրջանում: Խմբի անդամները անտառապատ ձորակից դուրս են գալիս ճանապարհ (սա այն ճանապարհն է, որը վերանորոգւում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով) եւ կանգնեցնում այդ պահին դէպի Նոր Կարաչինար ընթացող մեքենան (Վարդենիսի շրջանի վերջին՝ Սոթք գիւղից յետոյ Քարվաճառի շրջանի առաջին հանդիպող գիւղը Նոր Կարաչինարն է): Նրանք կանգնեցնում են մեքենան, ապա կրակում եւ տեղում սպանում մայոր Աբրահամեանին, իսկ նրան ուղեկցող կնոջը, որն ուղեւորւում էր ամուսնու մօտ, ծանր վիրաւորում: Ադրբեջանցիները փորձում են նստել աւտոմեքենան եւ շարժուել Սոթքի ուղղութեամբ: Ահա հէնց այդ ժամանակ էլ հայկական կողմը շուրջկալում եւ սպանում է ադրբեջանցիներից մէկին, որի անունը հաւանաբար Հասան է: Սա հաւանաբար այն նոյն Հասանն է, որը Իւթուբում տեղադրուած յայտնի տեսանիւթում, որտեղ երեք ադրբեջանցիները Քարվաճառի մի գետակի մօտ հորթի խորոված են ուտում, ասում է. «Որոշ (ադրբեջանցի) զինուորականներ վախենում են գալ այս տարածք, ասում են՝ կը գնանք, այնտեղ սովամահ կը լինենք: Ջերմուկի շշի մէջ օղի է, անասնապահական ֆերմայից ենք վերցրել»:
Քարվաճառում իմ զրուցակիցներից ոմանք ասացին, որ Հասանը ժամանակին Վարդենիսում էր բնակւում, իսկ ձերբակալուած երկրորդ ադրբեջանցին՝ Դիլհամ Ասկերովը, եղել է Քարվաճառի գիւղերից մէկի նախկին բնակիչներից: Նրա որդին՝ Քեռօղլու Ասկերովը, ադրբեջանական լրատուամիջոցներին ասել է. «Հայրս յաճախ էր գնում Ռուսաստան: Մենք մտածում էինք, որ նա այնտեղ է: Ինտերնետում կարդացինք, որ նա գնացել է հարազատ Քելբաջարի շրջան»:
Դիլհամ Ասկերովը այն տարածքից է, որտեղ գտնւում է Ճումեն գիւղն ու որտեղից անհետացել էր 17ամեայ Սմբատ Ցականեանը: Տղայի դին հնարաւոր եղաւ գտնել միայն այն բանից յետոյ, երբ ձերբակալուեց Ասկերովը: Սա ենթադրել է տալիս, որ հէնց նա է հայ ուժայիններին ցոյց տուել սպանուած հայ երիտասարդի դիակի գտնուելու ճշգրիտ վայրը:
Եթէ տարաբախտ Սմբատը չընկներ ադրբեջանցի դիվերսիոն խմբի ձեռքը, ապա չպէտք է բացառել, որ ադրբեջանցիները կը կարողանային ետ նահանջել այն արահետներով, որտեղով կարողացել էին ներթափանցել, եւ այդ մասին գուցէ ոչ ոք չիմանար: Եւ գուցէ այդ մասին մենք իմանայինք՝ դիտելով համացանցում տեղադրուած տեսնիւթից: Հաշուի առնելով, որ դիվերսիոն խումբը զինուած էր, չպէտք է բացառել նաեւ մէկ այլ տարբերակ, որ նրանք կարողանային աւելի շատ սպանութիւններ իրականացնել Քարվաճառի տարածքում, դրանք նկարահանել եւ տեղադրել համացանցում՝ հոգեբանական ճնշում գործադրելով Արցախի իշխանութիւնների, ինչպէս նաեւ տեղի հայ բնակչութեան վրայ:
Ադրբեջանցիների կողմից սպանուած Սմբատին յուղարկաւորեցին Չարեքտար գիւղում՝ իր պապի կողքին: Նրա հայրը եւ հարազատները յորդորում են Արցախի իշխանութիւններին, որպէսզի ոչ մի պարագայում ձերբակալուած ադրբեջանցի մարդասպանները չվերադարձուեն Ադրբեջան:
Այս օրերին համացանցում յայտնուեցին մի շարք տեսանիւթեր, որտեղ պարզ երեւում է, թէ ինչպէս են ադրբեջանցիները ներթափանցում Արցախի տարածք, շրջում այնտեղ, վերադառնում եւ նկարահանումները՝ ի գիտութիւն հայկական կողմի, տեղադրում համացանցում: Կասկածից վեր է, որ նոյնն անում է նաեւ հայկական կողմը: Դրա ապացոյցները բազմաթիւ են: 1994ի զինադադարից ի վեր բազմաթիւ են դէպքերը, երբ, օրինակ, ադրբեջանցիները Հայաստանի Տաւուշի մարզում մի քանի կիլոմետր խորացել են հայկական տարածք, գերել որեւէ հայի, իրենց հետ տարել Ադրբեջան, եւ միայն փրկագին տալով է հնարաւոր եղել այդ մարդկանց վերադարձնել տուն:
Իրաւամբ, աշխարհագրութիւնը, տեղանքի կտրտուածութիւնն ու այլ հանգամանքներ թոյլ չեն տալիս 100 տոկոսով վերահսկել հայ-ադրբեջանական սահմանները, որոնց ընդհանուր երկարութիւնը հազար կիլոմետրից աւելի է: Հակառակորդի ներթափանցումները 100 տոկոսով կանխելը գրեթէ բացառւում է, բայց դրանք նուազագոյնի հասցնելը հայկական բանակի եւ միւս ծառայութիւնների պարտքն է:
Ադրբեջանի ղեկավարութիւնը, առաջին հերթին՝ նախագահ Իլհամ Ալիեւը, հրապարակաւ եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդների հետ զրոյցներում սպառնում են նոր պատերազմով ու հայկական կողմի հասցէին այլ սպառնալիքներով: Ադրբեջանցիները փորձելու են գերել կամ պատանդել հայերի, որպէսզի փոխանակեն: Ակնյայտ է, որ ադրբեջանական կողմը հանգիստ չի տալու եւ յատկապէս սահմանի Տաւուշի հատուածում իր նոր ձեռք բերած սպառազինութիւններով ոտնձգութիւններ է իրականացնելու սահմանամերձ գիւղերի խաղաղ բնակիչների վրայ: Չպէտք է բացառել, որ ադրբեջանցիները սկսեն ահաբեկչական գործողութիւններ իրականացնելու հայ դիւանագէտների եւ ընդհանրապէս Հայաստանից դուրս գտնուող հայերի վրայ:

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ
Թաթուլ Յակոբեան «Սիվիլիթաս»ի աշխատակից է